ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ ԴԱՏԱԿԱՆ ՎՃԻՌԸ
Արխիվ 16-20
Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի անվան շուրջ աղմուկը չի դադարում 2018թ. իշխանափոխությունից ի վեր: Նախ, մարդկանց ինչ-որ խումբ սկսեց պահանջել համայնքապետի հրաժարականը: Բայց հրաժարական չեղավ, ու փոխարենը՝ լիովին կազմալուծվեց համայնքապետարանի գործունեությունը: Սակայն բազում այլ դեպքերում, երբ ինչ-որ անհաճո ընդդիմադիր մի պետական հաստատության վրա ծուռ հայացք է գցում, նրան անմիջապես «ասֆալտին են փռում», Անի համայնքապետարանի հետ կապված ոստիկանները տեղներից էլ չեն շարժվում՝ կանոնավոր գործունեություն ապահովելու համար: Այն դեպքում, երբ այդ հաստատությունը ո՛չ համայնքապետի սեփականությունն է, ո՛չ էլ` որեւէ այլ պետական պաշտոնյայի. այն պետք է համայնքի բնակչության խնդիրները լուծի ու երբ արգելափակված է, ապա էլ ի՞նչ խնդրի լուծում:
Նրանցից զատ, քանի որ Ա.Գեւորգյանն այդպես էլ հրաժարական չտվեց, ժամանակի ընթացքում նա նաեւ քրգործով մեղադրյալի դերում հայտնվեց: Սկզբում խոսում էին, թե միլիոններ է «կերել»: Բայց ահա օրերս կայացավ դատական վճիռ, որը բոլորովին այլ բան ցույց տվեց: Միլիոններից հետք չմնաց, այլ միայն, թե նա եւ համայնքապետարանի երկու աշխատակիցները վատնելու եղանակով հափշտակել են չաշխատած օրերի դիմաց որպես աշխատավարձ հաշվարկված եւ վճարված մոտ 580 հազար դրամ: Ամենատարօրինակը վճիռն էր. Գեւորգյանը դատապարտվեց երեք տարվա ազատազրկման, բայց համաներում է եղել, նա այդ պատիժը չի կրելու: Եվ դրան զուգահեռ, նրան արգելում են երկուսուկես տարի պետական պաշտոններ զբաղեցնել: Տպավորությունը սա է՝ չկարողանալով նստեցնելու միջոցով պաշտոնից հանել, դիմեցին նման տրյուկի: Այսինքն, որ խնդիրը ոչ թե վատնումն էր, այլ՝ պաշտոնազրկումը: Իսկ դա, նկատենք, բացահայտ քաղաքական հետապնդում է: Իսկ դա մտահոգիչ նախադեպ է. հիմա կարող են ամեն մի համայնքապետի մի քանի հազար դրամ վատնելու մեջ մեղադրել, նման ինչ-որ փաստ գտնել, ինչը դժվար չէ, եւ արգելել պաշտոնավարել: Ու այն տպավորությունն է, որ այս «տրյուկը» դեռ իրեն շատ է զգացնել տալու:Որքանով է արդարադատությունն իրականացնող մարմնի կայացրած վճիռը իրավաչափ`հաշվի առնելով, որ քաղաքապետին առաջադրված մի շարք հոդվածներին վերջում մնացել է մեկը: Արդյոք այստեղ քաղաքական ենթատեքստը ակնհայտ չէ՞, փորձեցինք հետաքրքրվել Անի համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան ԱՐԱՄԱՅԻՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.
- Վճիռը դեռ խորությամբ չեմ կարող մեկնաբնել, որովհետեւ դեռ չունեմ ամբողջական տարբերակը: Բայց այնքանով, որքանով ես ծանոթ եմ քրեական գործի մանրամասներին ¥իսկ ես քրեական գործին ծանոթ եմ ամբողջությամբ¤, չեմ պատկերացնում որեւէ օրինական հիմք եւ փաստ, որով հնարավոր էր մեղադրական դատավճիռ կայացնել: Որովհետեւ, ես բազմիցս եմ ասել` այստեղ սովորական աշխատանքային իրավահարաբերություններ են: Եթե պետությունը սկսել է իր «քիթը խոթել» նման ուղղություններ, ապա չեմ բացառում, որ մի օր պետությունը որոշի նաեւ, ասենք, ընտանեկան հարաբերություններ կարգավորել նույն տրամաբանությամբ: Այլ մեկնաբանություն, կարծիք չեմ կարող հայտնել: Ի՞նչ է նշանակում, թե հինգը տարվա մեջ 580 հազար ավել ես վճարել քո աշխատողին: Ամիսը մեկ էլ ԱԺ պատգամավորներն ու տարբեր այլ պաշտոնյաներ են ավել փող ստանում, որեւէ մեկը նրանց դատապարտո՞ւմ է: Եթե մենք անգամ նայենք, որ, օրինակ, մեկ ամիս այդ վարորդը պարգեւավճար ստանար, դա ավելի շատ գումար էր լինելու, քան դատախազության ասած ավել վճարված գումարը: Երկրորդ, եթե խոսում ենք գումարի չափի մասին, ապա դատաքննությամբ ապացուցվեց, որ վարորդը նաեւ արտաժամյա աշխատանք է կատարել, որի համար հասանելիք գումարի կեսն անգամ եթե վճարվեր, կրկին ավելի շատ գումար էր լինելու, քան այդ հինգ տարվա 580 հազար դրամ գումարը: Այսինքն, համայնքապետարանի բյուջեն այդ դեպքում ավելի էր տուժելու, քան այս պարագայում:
- Քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք այս գործում:
- Ես չեմ տեսնում այլ պատճառ, քան քաղաքականը: Ինչու եմ ասում. շուրջ երկու տարի համայնքապետարանի դուռը փակ է ցուցարարների կողմից, իսկ ոստիկանությունը մատը-մատին չի խփում, որպեսզի ապահովի համայնքապետարանի բնականոն գործունեությունը: Այն դեպքում, երբ նույն տարածաշրջանում դպրոցներից մեկում ընդամենը մեկ օր ծնողների կողմից ուսուցչի դեմ բողոքի ակցիա իրականացվեց, միանգամից քրեական գործ հարուցվեց: Այսքանը կարող եմ ասել:
- Պարոն Հայրապետյան, ո՞րն է լինելու Ձեր հետագա քայլը:
- Միանշանակ բողոքարկելու ենք, որովհետեւ դատարանը, անկախ ամեն ինչից, Արտակ Գեւորգյանին պատժից ազատել է, բայց միեւնույն ժամանակ որոշեց, որ փաստացի 3 տարի ժամանակով նա պետական պաշտոններ զբաղեցնելու հնարավորություն չի ունենա: Այսինքն, դատարանը անձին, ըստ էության, զրկել է իր սահմանադրական իրավունքից: Նույն բանն է, որ որեւէ դատարան վարչապետին զրկի իր պաշտոնից: Աբսուրդը գիտե՞ք որն է, որ նույն դատարանը վերացրել է դատախազի ապօրինի որոշումը, որով փորձել էին մինչ դատը դադարեցնել Գեւորգյանի պաշտոնավորումը:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ