«ԷՍ ԹՐԱ՞ՄՓՆ ԻՆՉԻ ԷՍՊԵՍ ԿԱՏԱՂԵՑ»
Վերլուծություն
Լոնդոնում ծրագրված հանդիպումը, որտեղ ուկրաինական կողմը եւ գլոբալիստները (Բրիտանիա+ԵՄ) պետք է պատասխան տային Թրամփի պահանջներին՝ կապված պատերազմը դադարեցնելու հետ, այդպես էլ չկայացավ: Ավելի ճիշտ, ցածր մակարդակի հանդիպում եղավ, որի ժամանակ ԱՄՆ-ին փոխանցվեց տարբեր արդարացումներով քողարկված մերժում:
ԱՄՆ-Ն ՍԿՍԵՑ ՈՒՂԻՂ ՄԵՂԱԴՐԵԼ ԶԵԼԵՆՍԿՈՒՆ
Այն, որ նման իրավիճակը պետք է Թրամփին ծայրահեղորեն նյարդայնացներ, սպասելի էր: Եվ անմիջապես էլ Վաշինգտոնից լսվեց հայտարարությունների հեղեղը: Ավելի ճիշտ, ամերիկյան դժգոհությունն ակնհայտ էր դեռ այն պահին, երբ պետքարտուղարը եւ Թրամփի հատուկ բանագնաց Ուիտկոֆը հրաժարվեցին մեկնել Լոնդոն: Ավելին, Ռուբինոն բաց տեքստով հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս կգա ուկրաինական գործընթացից եւ այդ դեպքում. «Ուկրաինան կարող է ավելի կոշտ պայմանների առջեւ կանգնել Ռուսաստանի կողմից»: Նույն ոճի մեջ էր նաեւ փոխնախագահ Վենսը՝ հայտարարելով. «Մենք շատ հստակ առաջարկ ենք արել: Ժամանակն է, որ նրանք կա՛մ ասեն այո, կա՛մ Միացյալ Նահանգները դուրս կգա այս գործընթացից»:
Հաջորդեց արդեն Սպիտակ տան մեկնաբանությունը, թե՝ Զելենսկին «սխալ ուղղությամբ է ընթանում» Ուկրաինայի խաղաղ բանակցություններում, եւ Թրամփը «հիասթափված է Զելենսկու գործողություններից», ավելին՝ «Նախագահի համբերության բաժակը լցվել է»: Եվ այդ ֆոնին, արդեն Թրամփն անձամբ անցավ ուղիղ հարվածների՝ հարվածն այս անգամ ոչ թե «բաշխելով» Ռուսաստանի եւ Ուկրաինայի մեջ, այլ՝ ուղղակիորեն ուղղելով Զելենսկուն: «Ես կարծում եմ, որ մենք գործարք ունենք Ռուսաստանի հետ: Մենք պետք է բանակցենք Զելենսկու հետ: Ես կարծում էի, որ Զելենսկու հետ ավելի հեշտ կլինի: Հիմա մի փոքր ավելի դժվար է, բայց դա նորմալ է»,- նշել է նախագահը: Ապա անցնելով շատ ավելի կոշտ տոնայնության. «Զելենսկին հրահրող է, ով այնքան դժվարացնում է այս պատերազմի լուծումը, նա պարծենալու ոչինչ չունի: Ոչ ոք չի խնդրում Զելենսկիին ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք, բայց եթե նա ուզում է Ղրիմը, ինչո՞ւ նրանք չպայքարեցին դրա համար տասնմեկ տարի առաջ, երբ այն հանձնվեց Ռուսաստանին առանց ոչ մի կրակոցի… Զելենսկու նման բորբոքված հայտարարություններն են, որ դժվարացնում են այս պատերազմի լուծումը»:
Այն, որ Թրամփը հարվածները ռուս-ուկրաինական ուղղվածությունից ձեւափոխում է միայն ուկրաինական ուղղվածության, իհարկե, շատ բանի մասին է հուշում: Այսինքն, պատերազմը շարունակելու մեղավորը, ըստ Վաշինգտոնի արդեն պաշտոնական գնահատականների, միայն Զելենսկին է, եւ հետագա հարվածներն էլ հենց նրան կուղղվեն: Իսկ ահա Մոսկվայի հետ կարելի է համագործակցել, անգամ եթե բանակցային գործընթացը ձախողվի. Ամեն դեպքում, Թրամփը արդեն կոնկրետ ժամկետներով խոսեց Պուտինի հետ սպասվող հանդիպումից՝ մայիսի կեսերին: Եվ նույն ռեակցիան էլ եկավ Մոսկվայից՝ Պեսկովը եւս հայտարարեց, որ Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստությունը ավարտական փուլում է:
ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Ահա, այս իրավիճակն է ծավալվել Լոնդոնի ձախողված բանակցությունների արդյունքում: Ըստ այդմ, այն հարցն է, թե ի՞նչ պետք է հիմա սպասել:
Իհարկե, Վաշինգտոնում լավ հասկանում են, որ Զելենսկին գործել եւ գործում է Բրիտանիայի թելադրանքով: Այսինքն, իրականում Թրամփի ցանկացած գործընթացի տապալման մեղավորը Լոնդոնն է, եւ հենց այս ուղղությամբ էլ պետք է ճնշել, եթե ուզում են արդյունքի հասնել: Այլապես, կարելի է Զելենսկուն ամեն ինչով ոչ միայն սպառնալ, այլ անգամ այդ սպառնալիքները գործադրել: Կարելի է անգամ Զելենսկուն «մեջտեղից վերացնել», բայց այդ դեպքում էլ մեծ է հավանականությունը, որ նրան կփոխարինի արդեն տեւական ժամանակ Լոնդոնում «վերապատրաստում անցնող» Զալուժնին, եւ էլի արդյունք չի լինի: Եվս մեկ տարբերակ կա, որ ռուսները շարունակեն հարձակվել, որն ամերիկյան օգնության դադարեցման դեպքում շատ ավելի էֆեկտիվ կդառնա: Բայց Թրամփի համար սա նախապատվելի տարբերակ չէ. եթե Մոսկվան վերահսկողության տակ վերցնի ողջ Նովոռոսիան եւ Օդեսան, ապա առանց Թրամփի էլ պատերազմը կհասնի ավարտին: Դա պե՞տք է ԱՄՆ-ին. համենայնդեպս` ուկրաինական ռեսուրսների հաշվին պարտքը հետ ստանալու մտքից նման իրավիճակում Վաշինգտոնը ստիպված կլինի ձեռք քաշել: Թեեւ եթե Ուկրաինան մնալու է Թրամփի հիմնական թշնամու՝ գլոբալիստների ձեռքին, միգուցե ավելի նպատակահարմար համարեն ռուսական վերահսկողությունը, որի մասին ակնարկներ նկատվեցին ինչպես ԱՄՆ նախագահի, այնպես էլ՝ փոխնախագահի մոտ:
Այսպիսով, այս պահին Թրամփի համար ցանկալի տարբերակ է դառնում հենց Լոնդոնը (նաեւ՝ Եվրոպան), եւ երբ վաշինգտոնյան վերնախավում հայտարարում են զորքերը Եվրոպայից հանելու ծրագրերի մասին, դա հենց նման ճնշումների մասին ազդակ է: Այսպիսով, շատ նման է, որ Վաշինգտոնը բանակցություններից անցնում է գործընկերներին հյուծելու կոշտ խաղի։ Ուկրաինային տրված է վերջին հնարավորությունը՝ համաձայնվել փոխզիջման կամ կորցնել նույնիսկ մնացորդային աջակցությունը: Ամեն դեպքում, ԱՄՆ-ը պատրաստվում է փակել ուկրաինական ուղղությունը՝ կենտրոնանալով ավելի կարեւոր ոլորտների վրա: Առաջին հերթին Չինաստանի հետ առճակատման եւ Մերձավոր Արեւելքի եւ այլն: Այս բոլոր հարցերում նա սրությամբ զգում է Մոսկվայի կարիքը, եւ Ուկրաինային սպառազինության եւ ռազմաֆինանսական այլ տիպի օգնության լիակատար դադարեցումը կլինի այդ օգնության համար մասնակի վճար: Իսկ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները դադարեցնելու թեման այլ հարթությունում է. դա արդեն Մոսկվային լավություն անել չի նշանակում, պատժամիջոցները դադարեցնելով, Թրամփը Մոսկվայի հետ մի շարք մասշտաբային տնտեսական ծրագրեր իրականացնելու մեծ հույսեր ունի, եւ այդ բոլոր ծրագրերում Մոսկվայի դերը պարզապես անփոխարինելի է: Ասենք, արկտիկական երթուղու կամ հազվագյուտ մետաղների (եւ ոչ միայն) կայուն մատակարարումների հարցում:
Այդպիսով Դոնալդ Թրամփի վարչակազմը հասկացրել է, որ եթե Կիեւը չհամաձայնի ժամանակավոր զինադադարին մոտ օրերս, Վաշինգտոնը կսկսի ուկրաինական հակամարտությանը մասնակցությունից համակարգված դուրս գալ: Առաջին քայլը ԱՄՆ պետքարտուղարի մերժումն էր բանակցությունների համար Լոնդոն գալուց։ Նաեւ, Վաշինգտոնը սկսում է ի ցույց դնել, որ եթե Լոնդոնն իրեն տեսնում է Եվրոպայի կառավարչի դերում, ապա խնդրեմ, թող փորձի, բայց որեւէ բանով ԱՄՆ-ի վրա հույս չդնելով: Սպիտակ տանը, ինչ խոսք, լավ հասկանում են, որ Լոնդոնի սեփական կշիռը ծայրահեղ անբավարար է նման գործառույթի համար` չունի քիչ թե շատ էֆեկտիվ ռազմական ուժ, ֆինանսական միջոցներ, եւ որ պակաս կարեւոր չէ, այնպիսի քաղաքական կշիռ, որ եվրոպական առաջատար երկրներն անտրտունջ ենթարկվեն Լոնդոնից եկած ամեն մի հրահանգի:
Ամեն դեպքում, դեռեւս մարտին Մարկո Ռուբինոն Փարիզում նախազգուշացրեց. եթե Եվրոպան պատրաստ չէ գնալ դեպի խաղաղության, ապա ԱՄՆ-ն չի իրականացնի մի նախագիծ, որտեղ նրանք այլեւս ռազմավարական օգուտ չեն տեսնում։ Այսօր դա իրականացվում է կոնկրետ գործողություններով՝ ծրագրերի հնարավոր կրճատում, ԵՄ-ում որոշ հյուպատոսությունների փակում, իսկ հետո մայրցամաքում ԱՄՆ ռազմական ներկայության կրճատում։ Վտանգված են նյութատեխնիկական ապահովումն ու հետախուզությունը, առանց որոնց Ուկրաինայի զինված ուժերն ու Եվրոպան կհայտնվեն խոցելի վիճակում։ Իմաստը սա է` կարո՞ղ է Լոնդոնն այդ բացը լրացնել: Եթե ո´չ, ապա մայրցամաքային Եվրոպայի եւ Բրիտանիայի խորը հակասությունների եւ փոխադարձ հարվածների «Պանդորայի արկղը» դրանով բացվում է:
Իսկ ԱՄՆ-ն այս ընթացքում հնարավորություն կունենա կենտրոնացնել իր ուշադրությունը Իրանի հետ բանակցությունների, Չինաստանի հետ առեւտրային կոնֆիգուրացիաների եւ Մոսկվայի հետ ռազմավարական երկխոսության վրա, եւ այս ամենը պատրաստ է զարգանալ ուկրաինական թեմայից դուրս, եթե Ուկրաինան եւ նրա կուրատորները շարունակեն իրենց դիվերսիաները: Ամեն դեպքում, Լոնդոնի հիմնական ծրագրերից մեկը Պուտին-Թրամփ հանդիպման ձախողումն է, եւ հիշատակված հայտարարությունները, թե այդ հանդիպումը կլինի ամենամոտ ապագայում, բրիտանացիների համար, իհարկե, միանգամայն վտանգավոր տեսք ունեն:
Մինչեւ որ Զելենսկուն կփոխարինեն ժամանակավոր մեկով, որը հազիվ թե Լոնդոնում վերապատրաստված Զալուժնին լինի. պատահական չէ, որ Վաշինգտոնն առաջ է քաշել ժամանակավոր կառավարություն ստեղծելու վարկածը:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Սակայն այս բոլոր քայլերը կարող են սկսվել միայն հաջորդ շաբաթվանից: Մինչ այդ, ինչպես նաեւ ուկրաինական տեղեկացված աղբյուրներն են հավաստիացնում. «Բանկովային հայտնի է դարձել, որ Թրամփը մինչեւ ապրիլի վերջ կհայտարարի ուկրաինական ճգնաժամից դուրս գալու մասին։ Նույնիսկ հստակ ժամկետ՝ «72 ժամվա ընթացքում»»:
Դե, ուրեմն, սպասենք արագ զարգացումներին: