Նավթալինի հոտ է գալիս․ Կոմկուսի առաջնորդը հակադարձում է Վարդան Ղուկասյանին քննադատողներին
Ներքաղաքական
Գյումրիի քաղաքապետարանում կայացավ նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը: Նա քաղաքապետի պաշտոնը ստանձնեց օրենքի ուժով հրավիրված ավագանու նիստում՝ համայնքի բնակիչներին տրված երդմամբ: Իսկ նրան քաղաքապետի թեկնածու առաջադրած Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն ութ մանդատով դարձավ իշխող քաղաքական ուժը Գյումրիում: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար ԵՐՋԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ: Նրա գնահատմամբ՝ Գյումրիի ավագանու ընտրություններին քաղաքացիներն իրենց ձայնը տալով Կոմունիստական կուսակցությանն ու իրենց քաղաքապետի թեկնածուին՝ ցույց տվեցին, որ Ռուսաստանի հետ համագործակցության եւ հարաբերությունների խորացման կողմնակիցներն ավելի շատ են, քան եվրաատլանտիզմով տառապողները:
«ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԱԺ-ՈՒՄ ԼԻՆԻ ՀԱՅԱՄԵՏ ՈՒԺ, ՈՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԲԵԼԱՌՈՒՍԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է»
— Վարդան Ղուկասյանին ուղղված իշխանության քննադատությունների ամենատարածված թեզերից մեկն այն է, թե այդ ինչպե՞ս հավատացյալը դարձավ աթեիստ կոմունիստների քաղաքապետի թեկնածուն:
— Այդ քննադատությունները հնացած են, որոնցից նավթալինի հոտ է գալիս։ Ժամանակին, ինչ եղել է, ունեցել է իր պատճառները, բայց դրանից հետո՝ անգամ Սովետական Միության ղեկավար Իոսիֆ Ստալինն ունեցել է նաեւ թեմական կրթություն: Իսկ այսօր Ռուսաստանի Դաշնության Կոմկուսի ղեկավարը հաճախում է եկեղեցի: Ավելին, այդ ասողները, եթե Հայաստանի Կոմունիստական կուսակցության պատմությունը կարդային, կիմանային, որ Կոմկուսն իր ծրագրում ընդունել է, որ թացը չորին էր խառնված եղել, ինչը դատապարտել է դեռեւս 90-ականների սկզբին եւ պաշտպանում է Հայ Առաքելական եկեղեցին ու կանգնած է նրա կողքին, քանի որ երբ Հայաստանը չի ունեցել պետականություն, դարերի ընթացքում եկեղեցին է պահպանել երկիրը, ժողովրդին, լեզուն:
— Ողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում փորձում էին Վարդան Ղուկասյանի հետեւում գտնել ինչ-որ քաղաքական ուժերի ականջներ, ընդ որում՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թեւերից: Ի վերջո, ո՞ւմ մարդն էր Վարդան Ղուկասյանն այս ընտրություններում. այս հարցում Կոմունիստական կուսակցությունը բավականին զուսպ էր եւ համեստ, մինչդեռ Դուք էիք առաջադրել նրան:
— Կոմունիստական կուսակցությունը միշտ էլ համեստ է եղել, քանի որ մեր գիծն ուրիշ է: Մեր բուն աշխատանքը ժողովրդի հետ է՝ լինի փողոցներում, թե՛ տներում: Մենք գտնում ենք, որ մեզ համեստ պահելն ավելի ճիշտ է, քան ճղճղալն ու գոռգոռալը, որը, միեւնույնն է, գործին օգուտ չի տալու: Հանգիստ, համեստ մեր նախընտրական քարոզարշավն իրականացրել ենք, քաղաքապետի մեր թեկնածուն էլ եղել է ճանաչված եւ հարգանք վայելող անձ ամբողջ Գյումրիում, դրա համար էլ արդյունք ունեցանք: Մենք բավարարված ենք այդ արդյունքով: Հիմա կարեւորն այն է, որ Վարդան Ղուկասյանին ձայն տված ուժերի հետ համախմբված՝ մտածենք Գյումրիի մասին, քանի որ քաղաքը գտնվում է շատ ծանր վիճակում: Բոլորի նախընտրական ծրագրերում էլ կան նորմալ դրույթներ, կարելի է համապատասխանեցնել եւ կյանքի կոչել ու շարժվել առաջ` ի նպաստ Գյումրիի եւ հետագայում նաեւ ի նպաստ ամբողջ Հայաստանի: Ամենակարեւորը՝ Գյումրիի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ հնարավոր է նաեւ միավորվել՝ իրար հետ չունենալով։ Հուսով ենք, որ սա կունենա նաեւ շարունակություն եւ իր արդյունքը կտա համապետական ընտրություններին եւս՝ լինի արտահերթ, թե` հերթական:
— Փաստորեն, Գյումրիում Ձեր կուսակցության հաղթանակից հետո հնարավո՞ր է, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններին եւս Կոմունիստական կուսակցությունը մասնակցի։
— Իհարկե, մենք աշխատելու ենք, որպեսզի բոլոր հնարավորությունները ստեղծեք՝ խորհրդարանական ընտրություններին նույնպես մասնակցելու համար: Կարեւոր է, որ Ազգային ժողովում լինի մի հայամետ ուժ, որը հայ-ռուսական հարաբերությունների խորացման, Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանն անդամակցման կողմնակից կլինի, ոչ թե Եվրամիության: Սա անհրաժեշտ է, որպեսզի մեր ռազմավարական դաշնակցի հետ բոլոր ուղղություններով՝ լինի հումանիտար, մշակութային, թե ռազմաքաղաքական, խորացնենք եւ զարգացնենք համագործակցությունը՝ նպաստելով Հայաստանի անվտանգությանը, որն այսօր տեսնում ենք, թե ինչ խայտառակ վիճակում է գտնվում:
«ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԻՍՏԵՐԻԱ Է ՈՐՈՇ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՄՈՏ»
— Նկատի ունենալով, որ 3 քաղաքական ուժ իրենց ձայները տվեցին Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա դառնա քաղաքապետ՝ կարո՞ղ ենք ասել, որ նրանք եւս կիսում են նորընտիր քաղաքապետի դիրքորոշումը՝ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը Հայաստանի միանալու վերաբերյալ:
— Մեծ հաշվով այդ բոլոր 3 ուժերը, ովքեր իրենց ձայները տվեցին մեր թեկնածուին, նրանք նույնպես, կարելի է ասել, հայամետ ուժեր են, որոնք կողմնակից են Ռուսաստանի հետ համագործակցությանը: Ամեն դեպքում, իրենց ծրագրերում կամ իրենց քաղաքական գործունեության մեջ ներկայանում են՝ որպես ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացման ջատագովներ: Հուսով եմ, որ այն, ինչ ստացվեց Գյումրիում, համապետական ընտրություններին եւս կհաջողվի: Սա առաջին ծիծեռնակն էր, որը սկիզբ դրեց նրան, որ ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ տարբեր մոտեցումներ ունենանք, բայց կարողանանք համախմբվել մեկ գաղափարի շուրջ՝ Հայաստանն այս ծանր վիճակից հանելու, զարգացնելու, առաջ տանելու եւ անվտանգային նոր ճարտարապետություն ստեղծելու ուղղությամբ:
— Այն, որ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, թե ինքը կողմնակիցն է Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը Հայաստանի անդամակցման, հիստերիա է առաջացրել իշխանական շրջանակներում: Ի՞նչ կասեք այս մասին:
— Ես կասեի ավելի շատ հիստերիա է որոշ ընդդիմադիրների մոտ: Մենք հետեւում ենք, թե ինչ է կատարվում սոցցանցերում եւ տեսնում ենք, թե ովքեր տարիներ շարունակ օգտվել են տարբեր գրանտներից եւ այսօր նաեւ սկսել են զրկվել դրանցից, հիմա շատ ավելի ակտիվ են փորձում պայքարել՝ այդ գումարներին հասնելու համար: Ոչինչ, սա էլ կանցնի ու կգնա: Կյանքը ցույց է տվել, թե ինչով են նրանք զբաղված եղել տարիներ շարունակ: Թող լավն անեին, ժողովուրդն էլ այսօր իրենց հավատար ու վստահեր: Մինչդեռ ժողովուրդը նրանց այլեւս չի վստահում, առավել եւս հասկացել է, որ մեզ Եվրոպայում ոչ ոք չի սպասում, այնտեղ էլ մեծ խնդիրներ կան:
— Ընդ որում՝ փորձ է արվում ներկայացնել, թե իբրեւ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանն անդամակցելը նշանակում է անկախության, ինքնիշխանության կորուստ…
— Իսկ այսօր Հայաստանի ինքնիշխանությունից, անկախությունից ի՞նչ է մնացել: Ավելին, իրենց սիրելի Եվրամիությունն էլ է միութենական, որտեղ տարբեր երկրներ համախմբված են: Միութենական պետությունը վերազգային միավորում է, եւ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, առավել եւս, որ այն կարող է ապահովել եւ նպաստել առաջի հերթին հայ ժողովրդի անվտանգությանը, ինչպես նաեւ տնտեսական առաջընթացին, ցանկության դեպքում` ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ ԲՐԻԿՍ-ի շրջանակներում: Օրինակ վերցնենք Բելառուսը, ինչո՞վ է զիջել իր անկախությունը։ Ավելին, այսօրվա դրությամբ Բելառուսը պաշտպանված է նաեւ միջուկային զենքով, եւ թշնամիները չեն կարող անգամ հարձակման փորձ կատարել: Անվտանգությունն այդպես է լինում, որ դաշնակիցդ մինչեւ վերջ պաշտպանում է քո պետությանը, որովհետեւ միմյանց շահերը համընկնում են: Մինչդեռ այսօրվա հայաստանյան իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի խեղաթյուրվեն ու վատանան հայ-ռուսական հարաբերությունները: Ու մինչեւ օրս էլ այդպես շարունակում են՝ չհասկանալով, որ իրենք կոլեկտիվ Արեւմուտքին պետք են միայն, որպես գործիք՝ ի վնաս Ռուսաստանի, որպեսզի կարողանան վերջինիս տարածաշրջանից դուրս մղել:
— Պարոն Ղազարյան, եւս մեկ հարց՝ թեմայից դուրս. Մայիսի 1-ը՝ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը, պատրաստվո՞ւմ է Կոմկուսն այս տարի նշել:
— Այս պահի դրությամբ փակագծեր բացել չեմ կարող: Դեռեւս քննարկման փուլում է: Եթե նշենք, հանրությունը կիմանա: Բայց, իհարկե, նշելու դեպքում էլ ոչ թե տոնական արարողություն է լինելու, այլ` բողոքի երթ, որի ժամանակ կներկայացնենք պահանջներ, քանի որ շատ հարցեր կան, որոնք այսօրեական են՝ կապված թանկացումների հետ եւ ոչ միայն: Օրինակ, առաջնահերթ է նաեւ մեր բռնագաղթված հայրենակիցների՝ արցախցիների խնդիրները: Սակայն, քանի որ այս տարի Հայրենական մեծ պատերազմի՝ Սովետական ժողովրդի հաղթանակի 80-ամյակն է, ավելի շատ կենտրոնացած ենք այդ միջոցառումների վրա: Միանշանակ տոնելու ենք Մայիսի 9-ը, որն առաջին հերթին կարեւոր է մատաղ սերնդին հաղթանակի ոգով դաստիարակելու համար: Չնայած հայրենասիրական ոգին այսօր էլ մեր երիտասարդների մեջ չի պակասել, բայց առավել եւս վերջին մի քանի տարիներին հայրենասիրական դաստիարակությունն անմխթար վիճակում է գտնվում։ Հետեւապես, մեր կողմից իրականացվող նախաձեռնությունները կունենան նաեւ այս ուղղությամբ շեշտադրում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ