Հայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունում
Ներքաղաքական
Իրականությունն այն է, որ մենք կտրված ենք իրականությունից եւ ազգի գերակշիռ մասն ապրում է պատրանքներով, մեր պատմական թշնամիներից անիրական, անհասկանալի ու անտրամաբանական խաղաղության ու բարեկամության ակնկալիքնելով։ Նրանցից, որոնք ծնված չեն խաղաղ գոյակցելու համար, որոնց ռազմավարական ծրագրերի մեջ են մտնում հային ու Հայաստանը աշխարհի երեսից վերացնելը։ Իսկ մեր իրական բարեկամի ու դաշնակցի` Ռուսաստանի նկատմամբ էլ անհասկանալիորեն պետական մակարդակով, մեղմ ասած, անբարյացակամ քաղաքականություն ենք իրականացնում։ Այն Ռուսաստանի նկատմամբ, ում 200 տարի առաջ (տասնամյակներ եվրոպաներում դեգերելով եւ օգնության ոչ մի խոստում չստանալով) դիմեցինք փրկության ակնկալիքով։ Այն Ռուսաստանին, ում զինվորի արյան գնով Իրանից ու Թուրքիայից անջատվեց Արեւելյան Հայաստանը եւ որի տարածքի վրա էլ հետագայում ձեւավորվեցին Հայաստանի ու թեեւ չճանաչված բայցեւ միջազգային հանրության կողմից չմերժված Արցախի անկախ պետականությունները։ Այն Ռուսաստանի նկատմամբ, ով ավելին է արել մեր պետականության կայացման ու պահպանության համար, քան մենք` ինքներս։
Եթե իրատես լինենք, վերջին 1,5 հազարամյակում Հայաստանը Ռուսաստանի եւ ԽՍՀՄ-ի կազմում իր ոսկե դարն է ապրել։ Այդ տարիներին հայի անվտանգությունը պաշտպանված է եղել առավել, քան երբեւէ։ Հայաստանն ունեցել է զարգացած տնտեսություն, կրթություն, գիտություն, մշակույթ, հայը այդ տարիներին կրել է բարձր արժեքներ, քան երբեւէ։ Այդ տարիներին հայ ժողովուրդն ամենաշատ հայտնիներն ու մեծերն է տվել գիտության, մշակույթի, սպորտի, գրականության ասպարեզներում, քան երբեւէ։ Եվ եթե Ռուսաստանն այստեղ չունենար ազգային-պետական անկեղծ շահեր, ապա չէր լինի նաեւ այսօրվա Հայաստան պետությունը։ Իսկ ո՞ւմ համար պարզ չէ, որ եթե չլիներ Ռուսաստանի աջակցությունը, ապա չէինք ունենա նաեւ հաղթանակ արցախյան առաջին պատերազմում, որ եթե չլիներ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան, ապա Հայաստանը վաղուց օկուպացված կլիներ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։ Անշուշտ, հայերն էլ իրենց հերթին մեծ դերակատարություն են ունեցել ինչպես 1-ին եւ 2-րդ համաշխարհային պատերազմներում, այնպես էլ Ռուսաստանի տնտեսության, գիտության, մշակույթի ու ռազմարվեստի զարգացման գործում։ Որքան էլ պարադոքսալ լինի, սակայն Ռուսաստանի եւ ԽՍՀՄ-ի կազմում հայի ազգային ինքնությունը, ազգային արժանապատվությունը, արժեքները սովորույթները ավելի պաշտպանված են եղել, քան հետխորհրդային անկախության տարիներին։
Իսկ դաժան իրականությունն այն է, որ 90-ականներին մեզ որպես Աստծո պարգեւ տրվեց անկախ, զարգացած Հայաստան եւ Արցախի կայացած երկրորդ պետությունը, սակայն մեր իսկ ձեռքով հանձնեցինք Արցախը, իսկ Հայաստանն էլ հասցրինք այս խղճուկ ու թշվառ վիճակին` կործանման եզրին։ Ապականեցինք ու այլասերեցինք հայի երբեմնի բարոյական կերպարը, խեղաթյուրեցինք ազգային արժեքներն ու սովորույթները։ Եթե իրատես լինենք, Հայաստանի անկախությունն ու անվտանգությունը կարող են երաշխավորված լինել միմիայն Ռուսաստանի հետ առավել սերտ ռազմաքաղաքական դաշինքի ձեւավորման դեպքում, քանի որ Ռուսաստանն է, որ հանդիսանում է այս տարածաշրջանում գլխավոր մրցակիցը մեր թշնամի Թուրքիային, Ռուսաստանն ու Իրանն են նախեւառաջ շահագրգռված, ի տարբերություն Արեւմուտքի ու Թուրքիայի, Հայաստան պետության գոյությսմբ։ Միայն Ռուսաստանը, լինելով հզոր միջուկային գերտերություն, կարող է սաստել թուրքական ագրեսիան։
Հայ ու ռուս ժողովուրդներն էլ կապված են նաեւ տնտեսական սերտ կապերով, պատմական, կրոնական, մշակութային ու բարոյահոգեբանական ընդհարություններով։ Ռուսաստանում են ապահով եւ արժանապատիվ ապրում շուրջ երեք միլիոն հայեր։ Իսկ մենք անհասկանալիորեն դեռ անվտանգություն ու խաղաղություն ենք որոնում Արեւմուտքում, որտեղ ծրագրվեց հայերի ցեղասպանությունը, ում ձեռամբ հանձնվեց Արցախը, քայքայվեցին Աֆղանստանը, Իրաքը, Լիբիան, Սիրիան, Հարավսլավիան, Վրաստանը, Հայաստանը եւ Ուկրաինան։ Հիմա էլ Արեւմուտքի հոգեւոր կենտրոնում` Վատիկանում պղծվում ու ուրացվում է Հայոց պատմությունը։ Իսկ մենք ցավալիորեն դասեր չենք կարողանում քաղել տեղի ունեցող իրադարձություններից եւ մոլորված թիթեռի նման կործանարար լույսով հրապուրված լամպի ապակու մեջ ենք փորձում ընկնել ու հրկիզվել։ Չգիտես ինչու, լսել չգիտենք նաեւ մեր մեծերին, իմաստուններին` Աբովյանին, Թումանյանին, Իսահակյանին եւ այլոց, որոնք Ռուսաստանի հովանու ներքո էին տեսնում մեր անվտանգությունն ու գոյությունը մեր բնօրրանում։
Սիրելի հայրենանակիցնե՛ր, իսկ դառը իրականությունն այն է, որ մենք այդպես էլ չենք ճանաչում ինքներս մեզ, որ Խորենացու նկարագրած հայից 1,5 հազարամյակ անց գրեթե ոչինչ չի փոխվել, եւ մեզնից շատերը մնացել են նույն շահամոլը, կեղծավորը, նյութապաշտն ու դավաճանը, անհաղորդը պետության ու հայրենիքի նկատմամբ։ Իրականությունն այն է, որ չսովորեցինք մեր մեջ փնտրել մեր խնդիրները, որ օտարի հետ ենք կապում մեր ձախողումներն ու փրկությունը, որ ի զորու չենք պատժել մեր միջի դավաճաններին ու սրիկաներին, որ այդպես էլ չկայացանք պետականության ու անկախության համար, որ պատրաստ չենք պատասխանատվություն ստանձնել պետականության համար, անկախության համար, անցնել տառապանքների ու զրկանքների միջով, որ մեր երկիրը կառուցելու փոխարեն՝ օտար ափեր ենք փնտրում, որ պայքարի փոխարեն՝ մեզնից շատերը գերադասում են արտագաղթն ու ստրկությունը։ Որ ընտրում ու դեռ հանդուրժում են Արցախ հաձնողներին, հայոց պետականությունը կործանման տանողներին ու ազգադավներին։ Եվ այքանից հետո էլ, երբ որոշ քաղաքական գործիչներ կամ փորձագետներ միանգամայն հիմնավորված ձեւով խոսում են հայ-ռուսական համագործակցության սերտացման մասին, դեռ շատերը մեր հայրենակիցներից սվիններով են ընդունում, չգիտես ում վրա հույսը դնելով։
Այս վերլուծությամբ ու դիտարկմամբ ես ամենեւին նպատակ չեմ ունեցել հաճոյանալ Ռուսաստանին, կամ նվաստացնել իմ շատ սիրելի ազգին, այլ ընդամենը իմ պատկերացմամբ ցանկացել եմ ներկայացնել ոչ հաճելի, բայցեւ օբեկտիվ իրականությունը մեր ժողովրդին՝ ապագայի համար եզրակացություններ անելու ու ճիշտ կողմնորոշվելու։ Որ չնայած տարբեր ժամանակաշրջաններում եղած հայ-ռուսական հարաբերություններում առկա անհարթություններին՝ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունն այլընտրանք չունի։ Այնուամենայնիվ, հուսադրող է այն, որ ինչպես Ջորջ Բայրոնն է ասել. «Հայի առաքինություններն իրենցն են, իսկ արատները ձեռք բերովի են եւ հետեւանք են օտար նվաճողների կեղեքման»։ Կասկած չունեմ, որ մենք դուրս ենք գալու այս մոլորված վիճակից եւ մի օր անպայման վերադառնալու ենք մեր ազնվական արմատներին։
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու