ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել. «Զվարթնոց»-ի աշխատակիցները բռնություն են կիրառել
ՀասարակությունՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակցների եւ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ: Հարցը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, համապատասխան պարզաբանումներ են պահանջվել պետական իրավասու մարմիններից։ Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները պարբերաբար այցելում են «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսակցելու եւ նրա առողջական վիճակին ծանոթանալու նպատակով: Վերջին այցը տեղի է ունեցել մայիսի 21-ին»:
Նշենք, որ ՄԻՊ գրասենյակը կրկին անգամ հայտարարության մեջ չի նշել, որ իրենց ներկայացուցիչների այցերն իրականում չեն կայացել, ռազմական եւ հետաքննող լրագրող Լեո Նիկոլյանը, որն արդեն ամսից ավել հացադուլի մեջ է, պնդել է, որ իրեն այցելի անձամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, իսկ ներկայացուցիչների հետ խոսելու ոչինչ չունի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ