Այս ամենը երազանք էր, որ դառնում է իրականություն. Թումանյանը Թումանյան է բեմադրել
ՄշակութայինԹումանյանական հերոսները մեկտեղվել էին մեկ հարկի տակ՝ հարգանքի տուրք մատուցելով Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 155-ամյակի առթիվ: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ «Թումանյանական խճանկար» ներկայացման առաջնախաղը՝ ՌՈՒԲԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ բեմադրությամբ, ում հետ զրուցել է «Իրավունք»-ը:
«Սա եղել է իմ առաջին ներկայացումներից մեկը՝ դեռ 30 տարի առաջ: Իհարկե, հիմա այս նոր բեմադրությունը կարելի է համարել ռեմիքս: Այն ժամանակ բեմադրության մեջ անդրադարձել էի Հովհաննես Թումանյանի երկու գործի՝ «Մի կաթիլ մեղրը» եւ «Թմկաբերդի առումը», այժմ՝ ավելացվել է «Կիկոսի մահը» եւ «Փարվանան», - նշեց Ռ. Թումանյանը:
Վերջերս Ռուսաստանից արդեն հիմնական տեղափոխվելով Հայաստան՝ Ռ. Թումանյանը միանգամից մի քանի թատրոններում է սկսել ներկայացումներ բեմադրել ու վերաբեմադրել. «Երբ եկա այստեղ, ձեռքերս արդեն քոր էին գալիս, ուզում էի ներկայացումներ բեմադրել, որովհետեւ Մոսկվայում էլի զբաղված էի ռեժիսուրայով, բայց՝ գովազդային, ինչը բոլորովին նույնը չէ: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի առաջարկով բեմադրվեց «Թումանյանական խճանկարը», երկրորդ գործը՝ «Շիշիգինի համախտանիշը» կբեմադրվի ռուսական թատրոնում, իսկ «Հազարան բլբուլը»՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում: Այս ամենը երազանք էր, որ դառնում է իրականություն»:
Անդրադառնալով Հովհ. Թումանյանի հայտնի ստեղծագործությունները նորովի բեմադրելու համարձակությանը՝ Ռ. Թումանյանը նշեց. «Շատ հեշտ էր, որովհետեւ Հովհաննես Թումանյանն այնքա՜ն մատչելի է եւ այնքա՜ն երաժշտական է, երբ դու կարդում ես այդ ստեղծագործությունները, երաժշտությունն ինքն է գալիս: Իմ սիրած հեղինակն է Թումանյանը»:
Ի դեպ, բեմադրության երաժշտության հեղինակը եւս Ռուբեն Թումանյանն է, նկարիչը՝ Գարեգին Եվանգուլյանը, զգեստների նկարիչը՝ Մարինա Թադեւոսյանը, պարերը՝ Նաիրա Հովհաննիսյանի, երաժշտության գործիքավորումը՝ Արթուր Հակոբյանի, պրոեկցիայի անիմացիան՝ Մուշեղ Գարուկյանի:
Ինչ վերաբերում է դերասանական կազմին, բեմադրիչն առանձնակի ջերմությամբ ընդգծեց, որ հոյակապ խումբ է ներգրավված ներկայացման մեջ. «Հոյակապ երիտասարդ դերասաններ են՝ ներսը լիքը, աչքերը՝ վառվռուն»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ