Հակառուսական հիստերիայի մոսկովյան թերապիան
Վերլուծություն
Դեռ անգամ Մոսկվա չմեկնած՝ Նիկոլը հասցրեց խոշոր դիվանագիտական սկանդալի մեջ հայտնվել: Նկատի ունենք ՀԱՊԿ-ի հետ կապված՝ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության հետ կապված Նիկոլի պատասխանը ԱԺ ամբիոնից, թե՝ «Ես չգիտեմ, թե ԱԳՆ որ ներկայացուցիչն է նման հայտարարություն արել, բայց Ռուսաստանի Դաշնությունում ԱԳՆ ներկայացուցիչն իմ զրուցակիցը լինել չի կարող: Ռուսաստանի Դաշնության նախագահն է իմ զրուցակիցը եւ ՌԴ վարչապետն է իմ զրուցակիցը: Նույնիսկ Ռուսաստանի Դաշնության նման հարգելի եւ բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես»:
ԵՐԿԿՈՂՄ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԵԽԱՆԻԿԱ
Ասել, թե Նիկոլը չի գիտակցում, թե ինչ ասել է այս կամ այլ երկրի ԱԳՆ եւ դրա պաշտոնական ներկայացուցիչ, միամտություն կլինի: Այսինքն, որ այս դեպքում Զախարովան ոչ թե «հորանց տնից բերած» իր անձնական կարծիքն էր ներկայացնում, այլ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական դիրքորոշումը: Բայց եթե Նիկոլն իրոք կարծում է, թե ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պետք է միայն «իրեն լսի եւ ականջին օղ անի», ապա դա նշանակում է, որ դրսում հետայսու ՀՀ ԱԳՆ-ից հնչած պաշտոնական հայտարարություններին կարող են հենց այդպես էլ վերաբերվել՝ մատնանշելով հենց Նիկոլին:
Այսպիսով, որ Նիկոլը հենց այնպես, անիմաստ տեղը հսկայական վնաս հասցրեց Հայաստանի ԱԳՆ-ի հետագա գործունեությանը, կարելի է փաստել: Բայց եթե ընդունենք, որ նա այդ վնասը հասցրեց՝ անշուշտ նշված նրբերանգներին տիրապետելով, ուրեմն պարզ հարց է ծագում՝ ինչո՞ւ: Թերեւս սխալված չենք լինի ենթադրել, որ «ականջին օղ անելու» մասին այդ ամբողջ ճառն ավելի շուտ նման էր հիստերիկ նոպայի:
Ընդ որում, ակնհայտ է, որ Նիկոլը նման ծայրահեղ նյարդային վիճակի հասնելու առիթներ առավել քան ունի: Նախ, արդեն ստիպված է լիովին բաց խաղի անցնել՝ կապված Արցախի եւ անկլավների հետ: Ընդ որում, բացի համատարած քննադատությունից, նաեւ նրա իսկ թիմակիցների մեջ կա այն վախը, որ Նիկոլը կարող է գնալ «ստորագրել-թռնելու» ճանապարհով, սակայն ամեն մեկը, ով այս կամ այնկերպ կդառնա դրա մասնակիցը, վաղ թե ուշ կրելու է պատասխանատվության իր բաժինը՝ իրավական, բարոյական, թե այլ տարբերակով: Եվ նրանք, ովքեր չունեն ստորագրելուց հետո «թռնել» բաղադրիչի տարբերակը, մտորումների մեջ են, եւ դա նաեւ Նիկոլի համար է լուրջ խնդիր:
Հաջորդը: ՌԴ-ն արդեն ԱԳ նախարարի մակարդակով է սկսել խոսել, որ Արեւմուտքը Նիկոլից պահանջում է հասնել նաեւ Հայաստանից ռուսական ռազմաբազան հանելուն: Ճիշտ է, Միրզոյան Արարատի «կանտորան» շտապեց հերքել, թե՝ «Ռուսաստանի Դաշնությանը դուրս մղելու օրակարգ չկա», Նիկոլն էլ իր հերթին էր պնդում, թե. «Մենք Արեւմուտքից Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու, Ռուսաստանին դուրս մղելու որեւէ ազդակ չենք ստանում, չենք ստացել, եւ չեմ կարծում, թե այդպիսի ազդակ երբեւէ կլինի»: Բայց երեւի նաեւ հասկանում են, որ երբ բանը հասել է Լավրովի մակարդակով պաշտոնական հայտարարություններ անելու աստիճանի, նման արդարացումներին Մոսկվայում անգամ ուշադրություն չեն դարձնի: Առավել եւս, որ դրան հաջորդեց, ի պատասխան Նիկոլի հայտնի հայտարարության, Զախարովայի մեկնաբանությունը, թե. «Եթե սա խոսքի ձեւ է, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ դիրքորոշումը լոբբինգ անելու համար, ապա, ես կարծում եմ, պետք է հասկանալ խոսքերը շահարկելու ողջ վտանգը…»: Այսինքն, որ Նիկոլի արդարացումները առնվազն ՌԴ ԱԳՆ-ն ընկալում է որպես ՀԱՊԿ-ից դուրս գալու ծրագրի լոբբինգ: Եվ այն, որ այսքանից հետո Սուրեն Պապիկյանը չմասնակցեց Մինսկում անցկացվող ՀԱՊԿ պաշտպանության նախարարների նիստին, որտեղ, ի դեպ, քննարկվելու էր նաեւ մեզ համար մեծ կարեւորություն ներկայացնող՝ «ռազմական անվտանգության մարտահրավերների եւ սպառնալիքների» թեման, Մոսկվայի համար էլ ավելի համոզիչ կդարձնի իրենց նշված տեսակետը: Մինչդեռ Զախարովայի «խոսքերը շահարկելու ողջ վտանգը» արտահայտությունը նմանվում է լուրջ սպառնալիքի, ընդ որում, կրկնենք, որ դա ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ոչ թե «հորանց տնից է բերել», այլ՝ Մոսկվայի հրապարակավ ի ցույց դրված մոտեցումն է:
Եվ մյուս կողմից էլ, խնդիրն էլ ավել է սրվում, հաշվի առնելով այն «արեւմտյան դեսանտը», որն իջեցվեց Հայաստան՝ մոսկովյան այցի շեմին: Խոսքը՝ Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի այցերի մասին է, եւ այդ ֆոնին էլ ԱՄՆ-ից «հիշեցրին», որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությանը ներկայացրել են իրենց «առաջարկներն ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ», այսինքն՝ չփորձեք ընթացքից շեղվել:
Նման միաժամանակյա երկկողմ ճնշումը, իհարկե, պետք է որ իր լուրջ ազդեցությունը թողներ Նիկոլի հոգեբանական վիճակի վրա: Սակայն նյարդայնանաս, թե՝ ոչ, այս իրավիճակում ստիպված ես լինելու քայլ անել:
ՌՈՒՍԱԿԱՆ «Բ» ՊԼԱՆԸ
Իսկ քայլ անել ասվածը, իհարկե, կապված էր այն խնդիրների հետ, որոնք դրվեցին երեկվա եռակողմ հանդիպման օրակարգում:
Բայց մինչ այդ, նաեւ մեկ հետաքրքիր դետալ եւս նկատենք: Բացի ՀԱՊԿ-ից, Զախարովան մեկնաբանություն հնչեցրեց նաեւ Նիկոլի հայտարարության հետ կապված, թե՝ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի. «Նախեւառաջ պետության կառուցվածքի քաղաքական տեսլականի վերաբերյալ նման հայտարարությունը Հայաստանի եւ նրա ժողովրդի բացառիկ իրավունքն է: Երկրորդ՝ Ռուսաստանը միջնորդ է հայ-ադրբեջանական կարգավորման հարցում, եւ այս առումով մեզ համար կարեւոր է պետության՝ տվյալ դեպքում՝ Հայաստանի հստակ դիրքորոշումն այս թեմայով…»: Այսպիսով, սպասվող հանդիպումից առաջ Մոսկվան երկու փաստարկ բերեց օրակարգ: Առաջինը, Նիկոլը չէ, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու իրավասուն է, դա որոշողը հայ ժողովուդն է: Այսինքն, թեեւ Ռուսաստանի համար այս հարցում էական է «Հայաստանի հստակ դիրքորոշումը», բայց, ըստ նախորդ մտքի, նման «հստակ դիրքորոշում» կայացնողը ոչ թե Նիկոլն է, այլ՝ հայ ժողովուրդը:
Բավականին հետաքրքիր ակնարկի է նման, ուղղված ոչ միայն Նիկոլին, այլ՝ Ալիեւին: Սրանով Մոսկվան, ըստ էության, հայտարարեց, որ Նիկոլի կողմից ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու դեպքում անգամ կարող է հայտարարել, թե դա ամենեւին էլ հայ ժողովրդի ուզածը չէր: Կամ, մասնավորապես, Արցախի բնակչության ուզածը չէր: Սա նմանվում է ակնարկի, որի մասին քանիցս խոսելու առիթ ունեցել ենք. Ռուսաստանը կարող է հայտարարել, որ անկախ պաշտոնական Հայաստանի ստորագրելուց, Արցախի հարցը, այդ թվում՝ արցախահայության խնդիրը չի լուծվում, նրանց անվտանգությունը չի ապահովվում, եւ նրանց հայրենազրկման կամ ցեղասպանվելու վտանգը կանխելու համար սեփական ուժերով շարունակում է արցախահայության անվտանգության ապահովումը: Ավելի ճիշտ, Ալիեւին եւ Նիկոլին պարզ մատնանշվեց, որ արեւմտամետ խաղերը շարունակելու դեպքում կարող է հենց այդ մեխանիզմը գործարկել, որ մինչ Մոսկվա գալը, նաեւ այդ մասին մտածեն:
Իսկ մյուս կողմից, ինչպես եւ ավելի վաղ ենթադրել էինք, զուգահեռաբար կայացած Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին Պուտինը խոսեց Ադրբեջանի հետ սերտ համագործակցության ծրագրերի մասին: Այս մասին կա՞ Ալիեւի հետ հստակ պայմանավորվածություն, թե՞ սա ընդամենը առաջարկ է՝ նաեւ ի ցույց դնելով, թե ինչ ամբողջական մոտեցում է Մոսկվան ակնկալում Բաքվից, դեռ կտեսնենք: Սակայն զորքերն Արցախում պահելու ակնարկը, թերեւս, միանշանակ է, եւ հենց ռուսական մոտեցումից ելնելով էլ, Ալիեւը ներկայացավ երեկվա հանդիպմանը: Նաեւ հաշվի առնելով, որ ի դեմս Արայիկ Հարությունյանի, Արցախը հերթական անգամ մերժեց Ադրբեջանի կազմ անցնելու սցենարը՝ Ալիեւին թողնելով կա՛մ ուժային միջոցների դիմելու, կա՛մ էլ այս անգամ արդեն Մոսկվայի հետ պայմանավորվածությունների գնալու տարբերակը: Ընդ որում՝ պայմանավորվածությունների, որոնք կընդունի նաեւ արցախահայությունը, իսկ դրա առաջնային դրույթը ռուսական զորքերի ներկայության պահպանումն է:
Այսպիսով, այն տպավորությունն է, որ մոսկովյան հանդիպման շեմին ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Արեւմուտքը պարզ մատնանշեցին, թե ինչ են ակնկալում Ալիեւից եւ Նիկոլից: Իհարկե, պետք է մտածել, որ բուն մոսկովյան հանդիպման տեսանելի արդյունքներից զատ, ներքին քննարկումներում, որը դուրս էր ցուցադրական լեզվակռիվներից, Պուտինը շատ ավելի հստակ է ներկայացրել Ռուսաստանի մոտեցումները: Եվ առաջին հերթին այս պահին Ռուսաստանին հետաքրևքող երկու ամենակարեւոր հարցերի մասին, թե ով է աշխարհաքաղաքական առումով վերահսկելու վերագործարկվող կոմունիկացիաները, ինչպես նաեւ ով է ապահովելու արցախահայության անվտանգությունը առաջիկա տասնամյակներին:
Իսկ թե որն է Ալիեւի եւ Նիկոլի պատասխան ռեակցիան, թերեւս շատ ավելի պարզ կտեսնենք ամենամոտ ժամանակներս Մոլդովայում սպասվող հերթական հանդիպման համատեքստում: Չնայած երեկվա ԵՏՄ-ի առաջնորդների նիստից սկսած Նիկոլն այնքան պաշտոնական զիջումների գնաց, որ հետ քաշվելու տեղ պարզապես արդեն չունի: Գումարած, կոմունիկացիաների գործարկման հարցը, ի վերջո, գոնե այս պահին նախատեսված սցենարով գալիք շաբաթ շարունակվելու է Մոսկվայում, եւ դա շատ լուրջ ակնարկ է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ