Խարկովի ազատագրման օպերացիան շատ մոտ է
ՎերլուծությունԵվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից (https://iravunk.com/?p=279849&l=am) Հայաստանին ուղղվելիք հնարավոր գեղեցիկ խոստումներին պետք է նայել այս կողմից: Ո՞վ կարող է պատկերացնել, որ գազի համար Ալիեւի առաջ ծնկի եկած, Եվրոպայում քանիցս կոռուպցիայի մեջ մեղադրված տիկին Ուրսուլան կարող է ընդդեմ Ալիեւի եւ Հայաստանի օգտին որեւէ բան անել: Բլինքենի պարագայում էլ ավելի լուրջ է. իրավիճակը, որն այս պահին հասունացել է ԱՄՆ նախագահական ընտրությունների շուրջ, կարճ ասած, բացի քարոզչականից, Վաշինգտոնին արտաքին հարթակում ավելի կոնկրետ գործողությունների որեւէ ռեալ հնարավորություն չի տալիս: Մերձավոր Արեւելքի, Ուկրաինայի թեմաներն արդեն իսկ Բլինքենի համար նախընտրական պայքարի տեսանկյունից դարձել են լրջագույն խոչընդոտ: Դրան գումարվել է մոսկովյան ահաբեկչության պատմությունը, որի հետ կապված պետք է արդարացնեն Կիեւին, ու դա նոր խնդիր է դարձել: Այդքանով հանդերձ, լո՞ւրջ է, որ մի նոր խաղ էլ Հարավային Կովկասում սկսեն:
Չէ, եթե հաջողվի պատերազմ սարքել՝ դրան չխառնվելով, կարող է Բայդենին օգնել: Բայց այս դեպքում Ալիեւի հարցն է. կցանկանա՞ այս խառը պահին Ռուսաստանի հետ խորը հակասության, եթե ոչ՝ թշնամանքի մեջ մտնել, անկախ նրանից, որ Նիկոլը բացահայտ հակառուսականություն է առաջ տանում:
Իհարկե, այս բոլոր հարցերի հետ կապված, ուկրաինական խաղատախտակն է մնում լավագույն ինդիկատորը: Ռուսների դիրքե՞րն են լավ, ուրեմն Ալիեւն իրեն պետք է որ շատ զգույշ պահի: Ու այս պահին փաստն այն է, որ ռուսների ռազմական դիրքերը ոչ թե պարզապես նախապատվելի են, այլ արեւմտյան շատ աղբյուրներ սկսել են լրջորեն խոսել տարվա ընթացքում պատերազմի ավարտի մեծ հավանականության մասին:
Բուն ռազմական առումով այս իրավիճակն է: Ռուսական ուժերը վերսկսել են Ավդեեւկայի, Չասով Յարի ուղղությամբ հարձակումները, եւ այս պահին ռեալ առաջընթաց կա: Ավելի կոնկրետ, լուրջ սպառնալիքներ են կախված ուկրաինական այնպիսի ռազմավարական դիրքերի վրա, որոնց անկման դեպքում ռուսական բանակը կարող է անգամ խորը ներթափանցման օպերացիաների անցնել: Առավել եւս, որ այս ընթացքում ուկրաինական ուժերը շարունակում են մեծ արագությամբ անկում ապրել՝ թվարկված ուղղություններում ստիպված լինելով կուտակելով առկա ռեզերվները:
Սակայն մեկ լրջագույն խնդիր եւս վերջին օրերին սկսել է նկատվել: Ռուսները շարունակում են ակտիվ հարվածներն Ուկրաինայի գրեթե ողջ տարածքով մեկ: Ու հետաքրքիրն այն է, որ բոլոր հաղորդագրություններում Խարկովի անունը շոշափվում է: Բացի այդ, Խարկովին արդեն հարվածում է նաեւ ռուսական ռազմաճակատային ավիացիան՝ կառավարվող ավիառումբերով, ինչը մինչ այս չկար: Ռուսները ռումբերի հեռահարությունը եւ տրամաչափը վերջին ժամանակներս նկատելիորեն մեծացրել են: Բայց հազիվ թե դա է միակ պատճառը, որ հարվածներն ուղղվում են հենց Խարկովին: Եվս մեկ փաստ. բացի բուն քաղաքից, վերջին ժամանակներս գրեթե չդադարող հրետանա-հրթիռային հարվածների տակ է նաեւ Խարկովի մարզի ՌԴ-ին հարակից գոտին, ավելի ճիշտ՝ միանգամայն կոնկրետ հատվածներ: Եվ սա այն դեպքում, երբ ուկրաինական ռազմական աղբյուրները քանիցս խոսել են Խարկովին հարակից ՌԴ Բելգորոդի մարզում ռուսական մեծ ուժերի կուտակումների մասին: Այսինքն, իրոք կան լուրջ ուժեր, հրետանին ակտիվորեն մշակում է առաջնագիծը, ավիացիան՝ թիկունքային բազաներն ու ռազմաարդյունաբերական, էներգետիկ օբյեկտները: Իսկ տեղի ուկրաինական ուժերը սահմանափակ են, ռեզերվները այլ ճակատներում են կաշկանդված մարտերի մեջ: Որպես կանոն, նման իրավիճակները յուրահատուկ են մեծ հարձակումներին նախորդող փուլին: Մի խոսքով, այն տպավորությունն է, որ Խարկովի ազատագրման օպերացիան շատ մոտ է: