«Ահաբեկիչները չունեն ազգություն, հայրենիք, կրոն». Տաջիկստանի նախագահը՝ Պուտինին
ՄիջազգայինՌուսաստանի և Տաջիկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմոմալի Ռահմոնը հեռախոսազրույց են ունեցել։ Ռախմոնը դատապարտել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունը։
Տաջիկստանն ու Ռուսաստանը հաստատել են ահաբեկչության դեմ պայքարը համատեղ շարունակելու մտադրությունը, ընդգծել են Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունից։
«Ռուսաստանի Դաշնությունում համազգային սգո այս տխուր ժամին մեր պետության ղեկավարն ընդգծել է Տաջիկստանի բոլոր քաղաքացիների համերաշխությունը եղբայրական ռուս ժողովրդի հետ»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Զրույցի ընթացքում Ռահմոնն ընդգծել է, որ «ահաբեկիչները չունեն ազգություն, հայրենիք, կրոն»։
Մերձմոսկովյան Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ 11 մարդ է ձերբակալվել։ Լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ ձերբակալվածների թվում կան Տաջիկստանի քաղաքացիներ։ Տաջիկստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ ՌԴ իշխանություններից տեղեկություն չի ստացել ահաբեկչությանը երկրի քաղաքացիների մասնակցության մասին։
Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 133 զոհի և152 վիրավորի մասին: