«ԻՄ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՅՈՒՄ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՄՐՑԱՇԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ». ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԵՌԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍպորտՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ իր փառահեղ հաղթանակով բոլորիս ուրախացրեց անվանի ըմբիշ, Եվրոպայի արդեն քառակի չեմպիոն, Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Փարիզ 2024-ի ուղեգիր նվաճած ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։ Նա պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ վաղաժամ, բացարձակ առավելությամբ 10։0 հաշվով հաղթել է ուկրաինացի Կամիլ Կերիմովին։ Կիսաեզրափակչում էլ նույն հաշիվը գրանցվեց ադրբեջանցի Իսլամ Բազարգանովի հետ գոտեմարտում։ 57 կգ քաշայինների եզրափակչում Հարությունյանն ընդամենը 52 վայրկյանում 10։0 հաշվով, ֆանտաստիկ, փառահեղ հաղթանակ տոնեց թուրք Մուհամեդ Քարավուսի հանդեպ ու մարզական կարիերայում չորրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Iravunk. com-ի մարզական թղթակիցը զրուցել է Եվրոպայի արդեն քառակի չեմպիոնի հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր փառահեղ հաղթանակը.«Եվրոպայի առաջնությանը մեկնել էի չեմպիոն դառնալու համար, որպեսզի 57 կգ քաշային կարգում էլ ցույց տայի, որ կարող եմ հասնել հաղթանակի։ Ես միշտ մինչև 61 կգ քաշային կարգում եմ մասնակցել առաջնությունների։ Եվրոպայի առաջնությունում մինչև 57 կգ քաշային կարգում առաջին անգամ էի մասնակցում, ես ինձ պիտի ապացուցեի, որ այդ քաշային կարգում ևս կարող եմ հաղթել։
- Արսեն, վերջին մեկ տարում բոլոր մրցակիցներիդ հաղթում ես բացարձակ առավելությամբ 10։0 հաշվով։ Այս անգամ նաև ազերի և թուրք մարզիկների հանդեպ։
- Շատ մեծ պատասխանատվությամբ եմ դուրս գալիս մրցագորգ ու մի փոքր էլ լարված։ Հոգեբանորեն շատ բարդ է, քանի որ թշնամու հետ պիտի մրցեմ, ու ամեն մի սխալ հնարավոր է լինի ճակատագրական։ Մի քիչ շատ էի լարվում իրենց հետ գոտեմարտից առաջ, սակայն կարողացա այնպես տրամադրվել, որ վաղաժամ հաղթեմ երկուսին էլ։ Ես վստահության պակաս չեմ ունեցել, ըմբշամարտում վաղուց եմ ձեռք բերել վստահություն, ուղղակի, կար մի փոքր լարվածություն, դա էլ շատ բնական էր, առանց դրա չէր լինի։ Մրցագորգում հաղթանակը ինձ շուտ տրվեց, սակայն ես գորգից դուրս, պարապմունքների ժամանակ այնպիսի տանջանքների միջով եմ անցել, որի մասին չգիտի ոչ ոք ու չի կարող պատկերացնել, շատերը նույնիսկ չեն դիմանա դրան։ Պատրաստ եմ այդ բարդ ճանապարհը 10 անգամ ավել անցնել, միայն թե կարողանամ Օլիմպիական ոսկե մեդալն ունենամ։ Ամեն երազանք կունենա վերջաբան, եթե սկսենք հավատալ ու պայքարել։ Պիտի պարապմունքների ընթացքում լաց լինելով մարզվես, որ մրցաշարի ժամանակ էլ ուրախանաս, իմ դեպքում դա այդպես եղավ։ Ուղղակի, պետք է գորգ դուրս գալուց առաջ հետ նայես, տեսնես, թե ինչ ուղի ես անցել, հետո ավելի կկարևորես հաղթանակդ։ Երբ կանգնում ես մրցահարթակի ամենավերին առաջին աստիճանին, քո երկրի դրոշը բարձրանում, հնչում է հիմնը, մանավանդ ադրբեջանցին ու թուրքը լինում են կողքիդ, դա լրիվ աննկարագրելի մի պահ է, ես առաջին անգամ էի ապրում այդ պահը, կարծես օդում լինեի։ Բուխարեստի մարզադահլիճում կային մեծ թվով հայ երկրպագուներ, որոնք մեզ իսկապես շատ օգնեցին, ամբողջ առաջնության ընթացքում մեզ ոգևորեցին։ Ուզում եմ նրանց հատուկ շնորհակալություն ասել այդ մեծ աջակցության համար։
- Արսեն, տարին Օլիմպիական է, դու ևս մասնակցելու ես։
- Շատ լրջագույն մրցաշար է, հուսով եմ վնասվածք չեմ ունենա, պիտի կարողանամ այնպես անել, որ հենց այդ օրը ամենալավ մարզավիճակում լինեմ։ Իմ մարզական կարիերայում շատ կարևոր մրցաշար է լինելու, հուսով եմ այդ օրը կիրականանա երազանքս։
- Շնորհակալություն, Արսեն, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ