Յուրաքանչյուր գույնի մեջ կան երանգներ, որոնք արտահայտում են տարբեր տրամադրություններ. Արշալույս Չիֆլիկյան
Մարտի 22-ին` ժամը 17:00-ին, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում տեղի կունենա բեմանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արշալույս Չիֆլիկյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը:
Արշալույս Չիֆլիկյանը երեւույթ է հայ կերպարվեստում, արգասավոր նկարիչ, գրող, հանրագիտակ, մեծահմուտ մանկավարժ, որի մարդկային ու մտավոր արժանիքները բարձր են գնահատել ժամանակակիցները։ Նա միանգամայն արժանիորեն էր կրում Հայաստանի վաստակավոր նկարչի կոչումը (1970թ.): Նրա ներկայությունը կար մշակույթի տարբեր ոլորտներում՝ նկարչություն, թատրոն, պոեզիա, դրամատուրգիա եւ այլն, որտեղ իր դեմքն ու տեղն ուներ։
Չիֆլիկյանը կարծում էր, որ նկարչի աշխատանքի համար պետք է լինի լիակատար ազատություն, դրա համար անհրաժեշտ է մարդու հոգեւոր կյանքի գլխավոր երեք ուղղությունների տիրապետում՝ իմացաբանություն, գեղագիտություն եւ բարոյագիտություն։ Հետեւելով այս սկզբունքին եւ աշխատելով Ախալցխայի հայկական ու վրացական թատրոններում՝ նա պիեսների թատերական ձեւավորումները բխեցնում էր հայ եւ վրացի հանդիսատեսի ընդհանուր մտածելակերպից եւ գեղագիտական ըմբռնումներից։ Դրանով Չիֆլիկյանը մտավ նաեւ վրաց թատերական նկարչության պատմության մեջ։ Նա իր ողջ գործունեությամբ ակտիվորեն նպաստել է ազգային գեղարվեստական մշակույթի, հայկական հեռուստատեսության հետագա ծաղկմանը:
Դեռ Ախալցխայում ապրած տարիներին Չիֆլիկյանին գրավել էր «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդման միտքը, որը կարեւոր էր նրա համար։ Ստեղծեց հերոսական թեմաներով նկարների շարք՝ էպիկական հերոսների պատկերներ. որոնց հիմքը հայրենասիրությունն էր։ Չիֆլիկյանը կատարել է նաեւ բազմաթիվ գրաֆիկական աշխատանքներ պատմական թեմաներով, ուր արտահայտվել են արվեստագետի ստեղծագործական հակումները դեպի արվեստի դասական ձեւերը եւ ռոմանտիզմի ազնվազարմությունը պահպանելու ձգտումը։ Տիգրան Մեծի, Արտաշեսի եւ այլ պատմական անձանց պաշտամունքը եղել է նրա արվեստի մշտական մոտիվներից մեկը։
Արշալույս Չիֆլիկյանի հիշատակին նվիրված ցուցահանդեսը կտեւի մինչեւ մարտի 26-ը: