Ուզում ես մեզ բարձունքներից իջեցնել, որ ադրբեջանցիները նստեն ու աքլորի պես մեզ նայեն վերեւից. Ստեփանյան
ՆերքաղաքականՀայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր ԼԵՎՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ գնահատմամբ` Ադրբեջանը կյանքում չի գնա գյուղերի փոխանակման` չնայած Արծվաշենն իր տարածքով ավելի մեծ է, քան այն 8 գյուղերը, որոնք ուզում են հանձնել:
— Արծվաշենը ռազմական տեսանկյունից իրենից ոչինչ չի ներկայացնում։ Եթե մեզ այդ գյուղը տան, մեր սահմանն ավելանում է, էլ ավելի ռեսուրսների խնդիրներ են առաջանում: Սկզբում այդպես էլ չհասկացա՝ մենք հանձնո՞ւմ ենք այդ գյուղերը, թե՝ ոչ։ Հետո ուշադիր լսեցի Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, մյուս օրը լսում էի նախարարներին, հասկացա, որ հանձնում ենք։ Ոչ մեկը ոչինչ չի ասում, հանկարծ ԱԺ պատգամավորն ասում է՝ քննարկումներ են գնում Արծվաշենը փոխանակել այդ գյուղերի հետ: Այստեղ մենք կորցնում ենք ճանապարհներ, կկառուցենք նորը: Զարմանում եմ, որ ասում է՝ շատ հնարավոր է, որ սահմանազատումը սկսենք այդ հատվածից։ Կներեք, եթե այս հատվածում Մեղրիից սկսած մինչեւ Քարվաճառ բարձունքների վրա նստել են իրենք, իսկ այդ բարձունքներին մենք տիրում ենք 1994-ից, հիմա դու ուզում ես մեզ այնտեղից իջեցնե՞լ, իրենց բարձրացնես, որ ամբողջն իրե՞նք նստեն ու աքլորի պես մեզ նայեն վերեւից։ Ես դեմ եմ դրան։ Առաջին հերթին մեր իրավաբանները, պատմաբանները, քարտեզագետները պետք է ապացուցեն՝ հիմքը ո՞րն է, գյուղերը ինչպե՞ս են տվել։ Մինչեւ հիմա ոչ մի հիմք չեն գտել, քանի որ հիմք չկա։ Կորցնելով Արցախը հայաբնակ, կորցնելով Շահումյանը, որ կոմպակտ հայեր են ապրել, ի՞նչ անկլավների մասին է խոսքը։ Չեմ ասում՝ Բաքվում, իմ հարազատ Նախիջեւանը, Գարդմանը, Շիրվանը, որ հայաթափվել են, ինչպե՞ս կարող է գան այսօր, մի քանի հարյուր ադրբեջանցի ապրեն այդ գյուղերում։ Թող հետ տան Շահումյանը, Արցախը դրանից հետո` խոսենք։ Մինչեւ գերիներին չվերադարձնեն, մինչեւ մեր տարածքից դուրս չգան, ի՞նչ բանակցություններ, ի՞նչ խաղաղության պայմանագիր: