Ինչ մեսիջ է հղում խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը Ռուսաստանին
ՆերքաղաքականՆիկոլ Փաշինյանը երեկ ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, թե ՀՀ-ն պաշտոնական նամակով ՌԴ-ին տեղեկացրել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու վերաբերյալ դիրքորոշումը։ Հերթական թիրախային հակառուսական քայլը Փաշինյանը մեկնաբանեց այսպես. «ՀՀ սահմանապահ ծառայությունը, մասնավորապես` օդանավակայանում, արդեն իսկ բավարար փորձ, հմտություն ու հնարավորություններ է ձեռք բերել, որպեսզի սահմանապահ հսկողությունը իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության: Սա է ամբողջ նամակի բովանդակությունը»:
Թվում էր, որ խորհրդարանական ընդդիմությունը պետք է ի ցույց դներ, որ գլխակորույս դեպի Արեւմուտք գնացող իշխանության վարած քաղաքականությանն առնվազն իրենք դեմ են, բայց միայն թվում էր: Հենց երեկ մինչ Նիկոլ Փաշինյանն ասուլիս էր տալիս` հայտարարելով վերոնշյալի մասին, Ազգային ժողովում հանդիպում էին ԱԺ թվով ամենամեծ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Պարզվում է` հանդիպման ժամանակ Ս. Օհանյանը ո՛չ ավել, ո՛չ պակաս խմբակցության անունից իրենց գոհունակությունն է հայտնել Ֆրանսիայի այն բոլոր ջանքերին, որոնք մեր պատմության ընթացքում ուղղված են եղել հայ ժողովրդի պաշտպանությանը, եւ այսօր էլ այդ ջանքերը շարունակվում են: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեւավորված իրավիճակին, տարածաշրջանային իրադրությանն ու անվտանգությանը, պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության ընթացքին վերաբերող հարցերի:
Ընդ որում` սա առաջին դեպքը չէ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հույսեր է կապում ու շնորհակալություններ շռայլում Ֆրանսիային: Վերջերս էլ, որպես ԱԺ հայ-ֆրանսիական բարեկամական խմբի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանն էր, մասնակցելով Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը, իր երախտագիտությունը հայտնել Ֆրանսիայի գործընկերներին հայ ժողովրդին աջակցելու համար: Նա իր ելույթում մասնավորապես ընդգծել էր, որ հետապնդելու են արցախահայերի` իրենց հայրենիք վերադառնալու, անվտանգ ապրելու իրավունքը եւ հույս հայտնել, որ այս հարցում եւս կունենան Ֆրանսիայի աջակցությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ