ԴՕԿ կուսակցությունը իշխանության գալու դեպքում` արգելելու է աղանդներն ու փակելու է Սորոսի գրասենյակը ՀՀ-ում
ՏեսանյութերՄարտի 5-ին կայացավ «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ հայտարարվեց, որ կուսակցության նախագահի թեկնածու է ինքնառաջադրվել Երեւանի ավագանու անկախ անդամ Անույշ Խուդավերդյանը, իսկ կուսակցության փոխնախագահներն են` ոստիկանության պահեստազորի գնդապետ Արսեն Կյուրեղյանը եւ Արտյոմ Դավթյանը:
Համագումարին քաղաքական ուժի հիմնադիր ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ` ուղիղ տեսակապի միջոցով թվեց 20 կետ, թե ինչ է պատրաստվում անել ԴՕԿ կուսակցությունը` իշխանություն գալու դեպքում: Այսպիսով` իշխանության գալուց անմիջապես հետո` ԴՕԿ կուսակցությունը հայտարարելու է բանտարկյալների համընդհանուր համաներում, որը չի վերաբերվելու պեդոֆիլներին, փողերի լվացումով անցնողներին եւ «բառիկներին», իսկ կոռուպցիայով դատապարտվածների հոդվածը հավասարեցվելու է պետական դավաճանություն հոդվածին: Ինչ վերաբերում է կրթության ոլորոտին` կուսակցությունը նախատեսում է վերադառնալ նախկին տասնամյա կրթությանը, վերականգնել բուհերում տարկետման իրավունքը, բանակում ծառայածների համար բարձրագույն կրթությունը` լինի պետական, թե անվճար դարձնել անվճար, մանկապարտեզները նույնպես լինելու է անվճար: Առողջապահական համակարգում ԴՕԿ կուսակցությունը պատրաստվում է առաջին, ինչպես նաեւ քաղցկեղով հիվանդների բուժօգնությունը դարձնել անվճար, վերջերս ընդունված էլեկետրոնային դեղատոմսերի վերաբերյալ որոշումը չեղարկել: Վարդան Ղուկասյանն ասաց, որ իշխանության գալու դեպքում փակելու է մարզպետարանները, մարզպետներ չեն լինելու, ավելի արդյունավետ գործելու են շրջկենտրոնները: ՀՀ տարածքում արգելվելու են խաղատներն, այդ թվում` ինտերնետային: ՀՀ-ում չպետք է լինի ոչ մի անմշակ հող, եթե հողը 3 տարի անընդմեջ չի մշակվում, այն պետականացվելու է: Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հետ կապված պատիժը սկսվելու է 3 տարվա ազատազրկումից, ծառահատումներին վերաբերող պատիժները սկսվելու է 5 տարվա ազատազրկումից: Հայաստանում արգելվելու է աղանդների գործունեությունը եւ փակվելու է Սորոսի եւ այլ անհասկանալի գրասենյակները: Փակվելու է նաեւ հակակոռուպցիոն կոմիտեն եւ այն միանալու է ազգային անվտանգության ծառայությանը:
Վարդան Ղուկասյանն անդրադարձավ նաեւ երկրի արտաքին քաղաքականությանը: Նա ասաց, որ ամեն ինչ պետք է անել, որ երկիրը հնարավորինս քիչ վնասով դուրս գա ստեղծված իրավիճակից:
«Մենք չենք ուզում թշնամի դառնալ ո՛չ Արեւմուտքի հետ, ո՛չ Ռուսաստանի: Մենք շարժվելու ենք մեր սեփական շահերով», - ասաց ԴՕԿ կուսակցության հիմնադիրը:
Ի դեպ, Վարդան Ղուկասյանը նշեց, որ ըստ Ազգային անվտանգության ծառայության տվյալների, իրենց կուսակցությունը քաղաքական ուժերի մեջ ժողովրդի վստահությամբ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:
«Այս պահին Նիկոլ Փաշինյանի թիմակիցները քննարկում են արտահերթ ընտրությունների չգնալու հարցը, քանի որ գիտակցում են` կորցնելու են իշխանությունը: Իսկ եթե 2026-ին տեղի ունենան արտահերթ ընտրություններ, ապա մենք վստահաբար զբաղեցնելու ենք առաջին հորիզոնականը: Իմ ընտրազանգվածը նոր եկող սերունդն է՝ 17-18 տարեկանները, այդ երեխաները հաջորդ տարի իրենց ձայնը տալու են ինձ եւ մեր կուսակցությունը հաղթելու է անհրաժեշտ շեմը: Այս մասին շատ լավ գիտեն ԱԱԾ-ն ու Նիկոլ Փաշինյանը»,- ընդգծեց Վ. Ղուկասյանը` նշելով, որ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք աջակցում են իրենց եւ ցանկանում են միասին ճանապարհ անցնել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ