Ինչու գործի դրվեց «150 դրամ» օպերացիան
ՆերքաղաքականԻրեն մունիցիպալ օմբուդսման հռչակած «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ, Երեւանի ավագանու նախորդ գումարման «Լույս» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԸ երեկ ցնցեց համացանցը, թե Երեւանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում թանկացնել ավտոբուսների ուղեվարձը` այն դարձնելով 150 դրամ: Չուշացավ նաեւ քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանի պարզաբանումը, որտեղ ասված է, որ ոչ թե ավտոբուսների ուղեվարձի արժեքն է քաղաքապետարանը պատրաստվում թանկացնել, այլ հետագայում միասնական տոմսային համակարգը ներդնելուց հետո կդիտարկվեն ուղեվարձի գնային քաղաքականությունը: Ի պատասխան Խաժակյանն էլ «հրթիռեց» քաղաքապետ Տիգրան Ավինյանի վրա, թե նա իր հետ բանավեճում հստակ ասել է, որ մինչեւ այս տարվա վերջ միասնական տոմսային համակարգը ամբողջապես կներդրվի, իսկ այս տարվա ավարտին մնացել է 25 օր:
Ի վերջո, ճիշտ էր, թե սխալ Խաժակյանը, պարզ կլինի 25 օր անց, քանի որ նախկին «Ելք» դաշինքի որեւէ անդամի խոսքին հավատալը միամտություն կլինի, սակայն, թե ինչով էր պայմանավորված «150 դրամ» օպերացիան իրականացնելը հենց հիմա, իշխանական կուլիսներում ունեն իրենց վարկածը: «Իրավունքի» աղբյուրների փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանն իր հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի կուսակցության միջոցով որոշել է Տիգրան Ավինյանին «իր տեղը ցույց տալ», իսկ մյուս կողմից շարքային ՔՊ–ականների շրջանում տպավորություն թողել, թե Խաժակյանի միջոցով տրանսպորտն էլ թանկացնելու տրամադրություններն են ստուգում: Իսկ այս «սեւ գործը» ԼՀԿ-ն անում է մեծ սիրով` ունենալով Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցության փորձը: Երեւանի ավագանու եւ խորհրդարանական հնարավոր արտահերթ ընտրությունների խոսակցությունների ֆոնին` հիմա էլ ԼՀԿ-ն կդիրքավորվի` իբրեւ ընդդիմություն եւ Արամ Զավենիչի կուսակցության պես կհայտնվի իշխանական կոալիցիայում, երբ ՔՊ-ի ձայները հերթական անգամ չեն հերիքի:
Սեփ. լրատվություն