Զգուշացեք սաունաներից որտեղ ջուր չկա, իսկ ձողի վրա՝ պարող. կայացավ նոր «Կին կոդ»-ի առաջնախաղը
ՄշակութայինՎեց դասընկերուհի դպրոցն ավարտելուց հետո տարիներ անց որոշում են հանդիպել՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս սաունայում: Ամեն ինչ կարող էր հրաշալի ավարտ ունենալ, եթե չպարզվեր, որ ամենատարբեր բնավորության տեր կանայք բացի նախկինում «10 Բ» դասարանում սովորելուց՝ ունեն եւս մեկ ընդհանրություն: Բոլորն էլ սիրահարված են նույն տղամարդուն, որը ներկայացել է տարբեր անուններով ու սիրահատել նրանցից յուրաքանչյուրին: Ինչպե՞ս պատժել նրան, հանդիսատեսը կիմանա «Կին կոդ» սիրային կատակերգության վերաբեմադրությունը դիտելիս, որի առաջնախաղը կայացավ լեփ-լեցուն դահլիճում՝ հանդիսատեսի չդադարող ծիծաղի ներքո:
Վերաբեմադրության մեջ «Կին կոդ»-ը համալրվել է նկարչուհու կերպարով, որը կտրվում է իրականությունից, երբ կտավի առաջ է: Արվեստագետին բնորոշ բռնկուն բնավորությունով հանդերձ՝ նա նաեւ ընկերուհիներից ամենախաղարարն է: Այս կերպարը լավագույնս կերտել է դերասանուհի Էվա Խաչատրյանը: Իսկ դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը հանդես է եկել հավասարակշռված ու իր զգացմունքների մեջ պարփակված ուսուցչուհու կերպարում, որի կարգուկանոնները չեն ազդել սեփական կյանքի վրա։ Երգչուհի Ռիփփի Նավասարդյանի կերպարը փոփոխություններ չի կրել, շարունակում է լինել խենթ, գերակտիվ ու արկածախնդիր։ Ոչ պակաս գրավիչ ու էքցենտրիկ է Օլյա Հակոբյանի կերպարը: Իսկ դերասանուհի Քեթրին Մանասյանը հանդես է գալիս կայացած գործարարի, բայց դժբախտ կնոջ կերպարում: Այս շարքում թերեւս ամենաերջանիկը Զառա Սահակյանի կերպարն է, որի հերոսը վերջապես իր կյանքում տղամարդ ունեցավ եւ կապ չունի՝ նա սաունայի սանտեխնիկն էր, թե միաժամանակ բոլոր ընկերուհիների սիրեկանը: Եվ վերջապես ներկայացման միակ տղամարդն այս անգամ Զիրոյանն է, որի կերպարն աղջիկների «օյիններից» հետո՝ ներկայացման վերջում արդեն երգում էր. «Մենակ մարդը երբեք ճամփա չի գնա»:
«Երկու կազմով ու տարբերակով էլ սիրում եմ այս ներկայացումը, բայց նոր խաղընկերներս շատ հետաքրքիր են, քանի որ ամեն դերասան իր ռիթմն ու գույնն է բերում ու քոնն էլ փոխում»,- «Կինկոդի» «վետերաններից» Զառա Սահակյանը։
Իսկ Զիրոյանը, որի հերոսին նախկինում մարմնավորում է Ստեփան Ղամբարյանը, ընդգծեց, որ չի փորձել փոխել արդեն եղած կերպարը, այլ ուղղակի այն ադապտացրել է իր տեսակին:
«Կերպարը փոխելու կարիք չկար, պարզապես, ռեժիսորի հետ միասին գտել էինք իմ տեսակը, թե ինչպես ես կհասկանայի ու կընդունեի այդ վեց կին կերպարներին: Ինչպես ստացվեց, կասի հանդիսատեսը։ Կարեւորը՝ մենք ամեն ինչ պատշաճ ներկայացրել ենք հանդիսատեսին»,- արձանագրեց Զիրոյանը:
Նշենք, որ ներկայացման սցենարի հեղինակն է Արմեն Վարդանյանը, իսկ բեմադրող ռեժիսորը՝ Սեդրակ Գոջամանյանը։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ