Լրանում է 72 ժամն, ինչ անհայտ կորած զինծառայողի հորեղբայրը անժամկետ հացադուլ է իրականացնում
ՀասարակությունՊատերազմի թանգարան դարձած «Իքս» զորամասի տարածքում այսօր ժամը՝ 13:00-ին կլրանա 72 ժամն, ինչ անհայտ կորած զինծառայողի հորեղբայր Գոռ Մուրադյանը անժամկետ հացադուլ է իրականացնում: Նրան երեկ գիշեր այցելել է «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Այսեր Իսայանը: Ընդ որում՝ իրավապաշտպանը այնտեղ է հասել նույն պահին, երբ շտապօգնությունն է եկել՝ ահազանգի հետքերով: Պարզվում է՝ հացադուլի հետեւանքով՝ Գոռ Մուրադյանը ճնշման կտրուկ տատանում է ունեցել:
«Հացադուլը Գոռ Մուրադյանը հայտարարել է նոյեմբերի 14-ին, ժամը՝ 13:00-ից: Մինչեւ հացադուլ հայտարարելը՝ նա մի քանի օր առաջ օրենքի շրջանակում իրազեկել է Երեւանի քաղաքապետարանին, որ հացադուլն ուղղված է անհայտ կորած եւ գերության մեջ գտնվող մեր զինվորների ճակատագրին: Կա բավականին լուրջ դժգոհություն անհայտ կորածների եւ գերության մեջ գտնվողների ծնողներից: Մասնավորապես՝ ԴՆԹ հետազոտության արդյունքները որոշ ծնողներ չեն ընդունում, որովհետեւ դրանցում կան մի շարք հակասություններ՝ համընկման հետ կապված», - տեղեկացրեց Այսեր Իսայանը եւ նշեց, որ նաեւ զոհված զինծառայողների մի շարք ծնողներ են սատարում Գոռ Մուրադյանին:
Ըստ իրավապաշտպանի, պատերազմի ժամանակ անհայտ կորածների կամ գերության մեջ գտնվողների ծնողներից կազմված խումբը, որը գերատեսչությունների հետ պայմանավորվածության համաձայն՝ «մասնակցում է» քննչական գործողություններին եւ իրենց դիտարկումներն է ներկայացնում, բողոքում է, որ իրենց կողմից գրեթե բոլոր տիպի միջնորդությունները, թեկուզեւ քննարկվում են, բայց թողնվում են անհետեւանք:
«Ծնողներն ասում են, որ որոշ միջնորդություններ նույնիսկ հեգնանքի եւ անբարյացակամ վերաբերմունքի են արժանանում: Չեն ասում չենք քննում, բայց անտեսված քննություն է տեղի ունենում: Առհասարակ ոչ մի առաջընթաց այս հարցում գոյություն չունի: Այս մարդկանց պահանջը զուտ այն է, որ արդար քննություն ընթանա, իրենց կողմից ներկայացված իրավական հիմնավորումները հաշվի առնվեն», - ասաց Այսեր Իսայանը:
Իրավապաշտպանի գնահատմամբ՝ արդեն 3 տարուց ավել է այս ծնողների կյանքը վերածվել է մղձավանջի, նրանք հոգեկան կտտանքների են ենթարկվում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ