Տաթեւիկ Վիրաբյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք. Արսեն Բաբայան
ՏեսանյութերԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քրոջ` Տաթեւիկ Վիրաբյանի (Տաթեւ Արցախ) կալանքի երկարացման միջնորդության քննությունը: Դռնփակ նիստից հետո` մեկ ժամ անց դատարանը կայացրեց որոշում` Տ. Վիրաբյանի նկատմամբ կիրառել տնային կալանք: Նա քրեակատարողական հիմնարկից ազատ կարձակվի առաջիկա օրերին: «Իրավունքի» հետ զրույցում Տ. Վիրաբյանի պաշտպան, փաստաբան ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ որոշակի փակագծեր բացեց:
— Եթե զուտ իրավունքի եւ իրաբանության իմաստով դիտարկենք, ապա ընդհանրապես հենց սկզբից էլ չպետք է կիրառվեր կալանք` Տաթեւիկ Վիրաբյանի նկատմամբ: Բայց ունենք այն, ինչ ունենք, շատ լավ գիտենք, թե ինչ մասշտաբի գործ է, ինչ հսկողության եւ ինչպիսի հանձնարարություններ հետ է կապված: Ամեն դեպքում, ես դատարանում հիմնավորեցի, որ ընդհանրապես բացակայում է հիմնավոր կասկածը, բացակայում են կալանավորման հիմքերը, որեւէ ջանասիրություն չի ցուցաբերվել քննչական մարմնի կողմից: Մինչդեռ մեկուկես ամիս կալանքի ժամկետներում քննչականը պարտավոր էր ջանասիրություն ցուցաբերել եւ համոզել, որ էլի գորոծողություններ կատարելու անհրաժեշտություն կա եւ դրանով պայմանավորված` միայն կարող է դատարանը երկարաձգել կալանքի ժամկետը,մ ինչն իսպառ բացակայում է: Բացի այն, որ պնդել եմ մերժել քննիչի միջնորդությունը, միաժամանակ միջնորդել եմ, որպեսզի վեց կին պատգամավորների երաշխավորության դիմումները ընդունվեն եւ նրանց երաշխավորություններով` Տաթեւիկի նկատմամբ ընտրվի այլընտրանքային խափանման միջոց, մասնավորապես` երաշխավորությունը: Ինչպես նաեւ ծայրահեղ դեպքում միջնորդել եմ` կիրառել տնային կալանք խափանման միջոցը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ