Ժողովուրդը լավ էլ պատրաստ է պայքարի, միայն զզվանքի եվ վտանգի զգացողությունը հերիք է. հոգեբան
ՆերքաղաքականՀոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ կարծիքով` Հայաստանում կան կարող շատ ուժեր, ունակ մարդիկ, որոնց միավորումից կարող է առաջանալ փրկության ալիքը:
— Ցավոք, անձնակենտրոնությունը, «ես»-ը շատ հաճախ ավելի կարեւոր է լինում մարդկանց համար, քան համընդհանուր մենքի զգացողությունը: Փոքր ու մեծ ամբիցիաները մեզ խանգարում են մեր հիմնական թշնամու դեմ արդյունավետ պայքար մղել: Եվ մենք կուժեղանանք այն ժամանակ, երբ կարողանանք իրար լրացնող հատկանիշներով միավորվել: Երբ ասում ենք՝ Հայաստանի, հայ ժողովրդի կյանքի ու մահվան խնդիրն է, երեւի, այդքան լավ չի ընկալվում: Դուրս ես գալիս փողոց, կարծես, ոչ մի բան չի փոխվել, դեռ խանութները դատարկ չեն, Երեւանում եւ մի շարք այլ վայրերում ռումբեր չեն պայթում, բայց մի քիչ այն կողմ Արցախը, որը մեր մասնիկն է, սովամահ լինելու վտանգի տակ է: Ամեն հայ մարդ պետք է գիտակցի, որ եթե չմիանա պայքարին, ուրեմն` իր երեխաների մահվան սպառնալիքների մասնակիցն է: Իրականում ժողովուրդը լավ էլ պատրաստ է պայքարի, միայն զզվանքի եւ վտանգի զգացողությունը հերիք է, որ ոտքի կանգնի: