ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՃիշտ է, Նիկոլը ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հոգևոր զավակն է, սակայն ծայրահեղ անառակ զավակ, ինչը և երևաց ասուլիսին արցախցիների հասցեին թունալից այլանդակություններով: Եվ ծերուկը որոշեց նրա պորտը տեղը դնել` Ֆեյսբուքում մեջբերելով 2017-ի սեփական խոսքը. «Հանուն Ղարաբաղի ազատագրման հայաստանցիների կրած զրկանքներն ամենևին հիմք չեն ղարաբաղցիներին կշտամբելու և երախտամոռության, անբանության կամ մակաբուծության մեջ նրանց մեղադրելու համար: Դեռ մեծ հարց է, թե ով ում է ավելի շատ բան տվել՝ Հայաստանը Ղարաբաղին, թե՞ Ղարաբաղը Հայաստանին: ...Հայաստանն ու Ղարաբաղը մեր ընդհանուր հայրենիքն են, որի քաղաքացիները հավասարապես կիսում են թե՛ հաղթանակները, թե՛ պարտությունները, և թե՛ զրկանքներն ու տառապանքները: Դրանով հանդերձ, չպետք է մոռանալ, որ ղարաբաղցիներն ապրում են հայ-ադրբեջանական առճակատման առաջնագծում, սահմանային ընդհարումների ու գնդակոծությունների մշտական սպառնալիքի տակ, և այդ պատճառով ավելի սուր են ընկալում իրողությունները, ինչը հայաստանցիներից բացառիկ նրբանկատություն է պահանջում»: Հասկացա՞ր, այ կապիտուլյանտ... Չնայած դժվար թե հասկանաս, առաջին նախագահի ասածը հասկանալու համար պետք է հայ լինել, իսկ դու չհայ ես և չմարդ:
Իսկ ՔՊ-ն շարունակում է զարմանալի և զզվելի պրակտիկան` խանգարելու Արցախի համար ստորագրողներին` ծեծելով, ահաբեկելով, աշխատանքից հեռացնելով... Ստեփանավանում էլ «չորով» արգելեցին: «ՀայաՔվե» նախախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն ահազանգել էր՝ Ստեփանավան քաղաքում «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ստորագրահավաքը առանց օրինական հիմքերի կասեցված է: Իսկ դրսում քաղաքացիներ են սպասում, ովքեր ցանկանում են միանալ նախաձեռնության ստորագրահավաքին: Սողոմոնյանի ահազանգից հետո լրագրողները փորձեցին կապ հաստատել համայնքի ղեկավար ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, կամ փոխքաղաքապետի, կամ աշխատակազմի ղեկավարի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ են «առանց օրինական հիմքերի կասեցրել ստորագրահավաքը»: Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հրահատ Աբրահամյանն ասաց, որ իր մոտ խորհրդակցություն է: «Հենց նոր եմ մտնել համայնքապետարան, տեղեկություն չունեմ»,- նշեց նա: Համայնքի ղեկավարի ընդունարան զանգերին պատասխանող աշխատակիցն ասաց, որ քաղաքապետը մարզպետարանում է, ժողովի է մասնակցում, չգիտի՝ ինչքան ժամանակ կտևի, իսկ տեղակալը, մյուս պատասխանատուներն էլ տեղում չեն: Զարմանալի է, սրանք սովետական իշխանությանն էլ տվին-անցան` սովետական տարիներին Արցախի համար ստորագրահավաքի մասնակցել եմ, բայց չեմ հիշում, որ ՔՊ-ականների պես կյանքի նպատակ դարձնեն խանգարելը...
Քաղաքագետ ՎԻՏԱԼԻ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆՆ էլ զգուշացնում է կապիտուլյանտի հեռուն գնացող ծրագրերի զարմանալի նենգության մասին. «Նիկոլ Փաշինյանը իր 5 ժամանոց վերջին հարցազրույցի ժամանակ մի քանի անգամ նշեց, որ Արցախում նույնիսկ բադրիջան չկա, և պետք է պարզել, թե ՀՀ-ի կողմից հատկացված գումարները այդ ինչպե՞ս են ծախսվում, որ իր կինը իրենց կառավարական ամառանոցում բադրիջան և վարունգ կարողանում է աճեցնել, իսկ Արցախում չեն կարողանում: Չեմ ուզում համեմատականներ տանել Արցախում ստեղծված իրավիճակի և Երևանի կենտրոնում գտնվող կառավարական ամառանոցի միջև, ուղղակի նշեմ «բադրիջան» օպերացիայից բխող հետևանքները: Նիկոլ Փաշինյանը իր այդօրինակ հայտարարություններով պարարտ հող է նախապատրաստում Արցախին հետագա ֆինանսավորումից զրկելու համար»: Ահա՛ թե որտեղ է թաղված Չալոյի գլուխը: Բայց երևում է շուտով թարս է բուսնելու ոչ թե «խիյարը», այլ` «բադրջանը»:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ