ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԻնչ եք կարծում, սա ի՞նչ է, որ շփոթության աստիճանի նման է WiFi խորհրդանիշի: Սա ո՛չ ավել, ո՛չ պակաս «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» կուսակցության լոգոն է: Զարմանալի է, սրանք պատրաստվում են լրիվ վիրտուա՞լ երկիր կառուցել, ուր ապրելն է՞լ վիրտուալ կլինի... Եվ վերջերս, երբ տեսանք այդ լոգոտիպը պարունակող լրիվ մուլտֆիլմային պաստառներ, սկզբում կարծեցինք, որ կա՛մ տիկնիկային թատրոնի ազդագիր է, կա՛մ ինչ-որ մեկը ծաղրել է այդ կուսակցությանը: Բայց ի զարմանս մեզ, պարզվեց, որ լավ էլ իրական քարոզչական նյութեր են: Ահա՛ թե ինչու Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ սրանց խոստումները լրիվ «մուլտիկային» են` և՛ «Կուկուռուզնիկը» վերականգնելը (ի՞նչ «կուկուռուզնիկ», հին երևանցիները Երիտասարդական պալատի շենքը կոչում էին «կրծած կուկուռուզ»), և՛ որպես փոխադրամիջոց քաղաքի ներսում ճոպանուղիների ցանց կառուցելը, և՛ այլ ֆանտաստիկ բաներ: Լավ, մի՞թե այդ կուսակցության ղեկավար դեմքերը, այդ թվում նիկոլաբույր Մանե Թանդիլյանը կարծում են, որ կապիտուլյանտական խունտան հասցրել է բոլորիս մանկամիտ դարձնել և վազել «մուլտիկային» խոստումների հետևից... Չէ՛, երևում է, այդ կուսակցությունը WiFi-ի պես մի բան է, մնում է ընտրության օրը երևանցիները այդ «WiFi»-ի գաղտնաբառը մոռանան, զի կարող է «նիկոլավիրուսով» վարակված լինի:
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին շատ ենք քննադատել, սակայն երբեք մտքներովս չէր անցնի, որ նրան հնարավոր է մեղադրել «44-օրյա պատերազմը բերելու» մեջ, սակայն ՔՊ-ականներից այդպիսի զառանցանք էլ լսեցինք: Իսկ ՔՊ խմբակցության քարտուղար ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ զարմանալիորեն գերազանցեց ինքն իրեն և մոտենում է Հովիկ Աղազարյանի սահմանած ռեկորդներին. «Իրենց ժամանակը իրենք օգտագործել են: Այդ մարդիկ ԼՂ հարցի կարգավորման գործընթացների փաստաթղթերում տարբեր տեսակի ոչ հայանպաստ ձեւակերպումների հեղինակներ են: Մարդիկ ժամանակին ունեցել են հնարավորություն խնդիրը լուծելու, ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը: Այդ մարդկանց դիտարկումները չեն բխում Հայաստանի եւ Արցախի շահերից»: Եվ ո՞վ է խոսում հայանպաստից և աննպաստից, այս երիտասարդը ի՞նչ է ծխում, սակայն շարունակությունը լրիվ սպանիչ է. «Ադեկվատ առաջարկների համար գոյություն ունեն ադեկվատ խողովակներ եւ ձեւաչափեր: Ցանկացած ոք, ով ունի հայանպաստ լուծում, առաջարկ՝ գտնում է ադեկվատ խողովակներ՝ իր առաջարկները տեղ հասցնելու համար: Մենք լսում ենք բոլորին, իսկ Վարդան Օսկանյանը չի մտնում ադեկվատ մարդկանց ցանկի մեջ»: Օսկանյանին ինչում ասես կարելի է մեղադրել, բայց գրողը տանի, ոչ ադեկվատության մե՞ջ... Երևի շուտով նորմալ մարդկանց տանեն գժանոց, իսկ գժերին բաց թողնեն:
Իսկ ՔՊ-ական քյոփակ ՀԱԿՈԲ ԱՍԼԱՆՅԱՆԻ աչքին Հայաստանում դեմոկրատիա է երևացել. «Այսօր միջազգային հանրության գործելակերպի դեմ երկու արտաքին և մեկ ներքին ուժ է պայքարում՝ 5-րդ շարասյունը, Ռուսաստանը և Ադրբեջանը: Դրանք եռապետություն են կազմել Հայաստանի դեմ»: Բիձուկը պնդում է` ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Ադրբեջանին ձեռնտու չէ դեմոկրատական Հայաստան, որովհետև երկուսն էլ բռնապետական են: Հայաստանը, ըստ ՔՊ-ական քյոփակի, փուշ է դառել բոլոր դիկտատորական պետությունների համար: Զարմանալի է` սա՞ ինչ պրեպարատներ է օգտագործում, որ կարողանում է տարված լինել գոյություն չունեցող, թվացյալ հալյուցինացիաներով, զառանցել ու փորձել բոլորին համոզել, որ իր տեսածն իրական է... Ինչ ասես, տվյալ դեպքում թերևս գիտությունն անզոր է:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ