ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԿառավարության նիստից հետո լրագրողները բռնացրին չօմբուդսմեն ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻՆ և ուղիղ հարցրին` Արմեն Աշոտյանը քաղբանտարկյա՞լ է, թե՝ ոչ: «Աշխատակազմի ներկայացուցիչներն անընդհատ կապի մեջ են եղել Աշոտյանի փաստաբանի հետ: Եվ այդ հարցերի հետ կապված` մենք արդեն իսկ գրություններն ուղարկել ենք իրավասու մարմիններին, պատասխաններն ստանալուց հետո արդեն կորոշենք ՄԻՊ-ի հետագա գործողությունները»,- ասաց նա: Լրագրողները նորից հարցրին՝ Արմեն Աշոտյանը քաղաքական հետապնդման չի՞ ենթարկվում, և ստացան զարմանալի պատասխան. «Մեզ համար շատ կարևոր է, թե քաղաքացին ինչ մտահոգություններ ու ինչ դիրքորոշումներ է ներկայացնում, բայց նաև կարևոր է հասկանալ մյուս կողմի՝ պետական մարմնի դիրքորոշումը հարցի վերաբերյալ: Միայն դրա պարագայում է, որ մենք կարողանում ենք եզրահանգում իրականացնել հարցերի վերաբերյալ: Կխնդրեմ սպասենք պատասխաններին, որպեսզի նոր հասկանանք, թե մանդատի շրջանակներում ինչ հնարավոր գործողություններ կարող ենք իրականացնել»: Դե ինչ ասես, տիկինը կրկին հաստատեց, որ ինքը ոչ թե ՄԻՊ է (Մարդու իրավունքների պաշտպան), այլ ՆԻՊ է (նիկոլների իրավունքների պաշտպան):
Հայ մարդիկ վրդովվել էին Էռատո ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ հերթական ֆոտոսեսսիայից, որը ժանտախտի պահին խրախճանքի ոճի մեջ է: Դրա առնչությամբ քաղաքացիական ակտիվիստ Քրիստինա Նազարյանն արձանագրել է մի զարմանալի բան. «Նայում եմ` ինչպես են շատ-շատերը վրդովվում աննա հակոբյանի (գրառման հեղինակը հենց փոքրատառերով է գրել-խմբ.)` շքեղ կյանք արտահայտող, նոր ֆոտոսեսիայի վերաբերյալ: Վրդովվում` գրում եք, զոհեր կան, ինչ լուսանկարներ, ինչ շքեղ պերճանք ու ավտոմեքենա և այլն, և այլն: Այ սիրելիներս, բա ինքը ամեն ինչ արել է այս զոհերին հասնելու համար, այս կորուստների համար, այս հեղեղվող հայի արյան համար, դա էր իր ու իր տերերի նպատակը, երազանքը, որն իրականացավ ու իրականանում է ամեն օր: Ու հիմա նա նշում է, ամեն օր, ամեն կորուստ, ամեն կաթիլ արյունն է տոնում, իսկ դուք ասում եք...»: Եվ այդ ֆոնի վրա արդեն ամենևին էլ զարմանալի չէ, որ Էռատոն հրապարակավ արդարացնում է ՀՀ լեզվի մասին օրենքի ոտնահարումը` այդ ինչո՞ւ երևանյան բարում ռուսախոս մի կին բարմենուհուց հայերեն մենյու է պահանջել. «Ըստ նրանց՝ ռուս աղջկան պետք է արգելել իր հացը վաստակել Երևանյան բարում, քանի որ մեկ-երկու տարում հայերեն չի սովորել, բայց իրենց՝ ապուպապով հայ, հայ ծնված եւ մեծացած հայուհիներին եւ հայորդիներին թույլատրելի է ՀՀ պետական լեզուն ոսկեղենիկ ռուսերենով պաշտպանել ռուսներից ու բոլորից…»: Դե ինչ ասես...
Իսկ Լեհաստանի Զաբժե քաղաքում տեղի է ունեցել խաչքարի բացում, որի բացման արարողությանը մասնակցել են Սփյուռքի գործերով հանձնակատար ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԸ, Զաբժեի քաղաքապետը, Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Զաբժեում ՀՀ պատվո հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը: Թվում է, շարքային լուր է, բայց... Լուսանկարներում տեսնում ենք, որ կարմիր ժապավենի փոխարեն ՀՀ դրոշն են օգտագործել որպես ժապավեն, իսկ Սինանյանն ու մյուսները կտրատում, կտոր-կտոր են անում ՀՀ դրոշը: Այսինքն` արձանագրված է զարմանալի և զարհուրելի բան` ՀՀ պետական դրոշն անարգելու հանցակազմ: Դե այս թրքահարճ խունտան անարգում է ամեն ինչ` պետական լեզուն մշտապես ու պարբերաբար են անարգում, սրբավայր Եռաբլուրում հերոսածին մայրերին են ծեծում, պետական զինանշանից ուզում են Արարատ լեռը և առյուծին հանեն, հիմա էլ պետական դրոշն են կտրտում... Լավ, այս ժողովրդի համբերության բաժակն իրո՞ք ծակ է:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ