ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՊետական դավաճանի շոուի առնչությամբ տարբեր խառնակիչներ, «դիվան քշողներ», ինչպես նաև անտեղյակներ ասում են` պետք էր գնալ և դրան հարցեր տալ: Դրա առնչությամբ մեր գործընկեր, քաղաքական մեկնաբան, պատմաբան ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆՆ արձանագրում է մի զարմանալի ասպեկտ. «Իմ անձնական կարծիքը` առողջ նպատակ հետապնդողներին. ու՞մ հարց տալ, և ի՞նչ հարցնել: Նիկոլին հարցնել` ինչո՞ւ հանձնեցիր Արցախը, կամ` արդյո՞ք քո գործողությունների վերջնանպատակը Արցախի հանձնումը չէ՞ր:Հա՞, լո՞ւրջ: Դա նույն բանն է, որ «Իթթիհաթ վե թերաքքիի» պարագլուխներին հարցնենք` ինչո՞ւ ցեղասպանեցիք հայ ժողովրդին, կամ արդյո՞ք ձեր նպատակը հայ ժողովրդի բնաջնջումը չէր: Դա նույն բանն է` Թալեաթին հարցնենք` հարգելի պարոն Թալեաթ Մեհմեդ, արդյո՞ք Ձեր «եռապետությունը» նպատակ ուներ ոչնչացնել հայ ժողովրդին իր հայրենիքում: Չեմ կասկածում` վերջիններիս պատասխաններն առավել քան «հանճարեղ» կլինեն, ճիշտ այսօրվա տեղական թուրքի պատասխանների նման: Սրանց մեկ հարց կա տալու, միայն մեկ հարց, և վերջ...»: Միանգամայն տեղին զուգահեռ է ՔՊ-ի և երիտթուրքերի միջև, չէ՞ր հենց այնպես չի գոյացել սրանց վախը «Նեմեսիսի» հուշակոթողից:
2020-ի խոսացված պատերազմում խոսացված պարտությունից հետո մեր հայրենակիցները զարմանալի բնավորություն ձեռք բերեցին, որն ավելի շուտ բնորոշ է հետամնաց ցեղերին` թշնամու հարձակումներից «պաշտպանվել» զորության խորհրդանիշներով` գերտերությունների դրոշներով: Թարմ օրինակ` «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ հիմնադիրները որոշում են կայացրել Երասխ գյուղում կառուցվող երկաթի ձուլման գործարանի տարածքում տեղադրել Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ ԴՐՈՇՆԵՐԸ: Այ ձեր հոգուն մեռնեմ, դուք հո պապուա՞ս չեք, այդ ի՞նչ ծիծաղելի բաներ եք անում: Դրա առնչությամբ քաղաքական մեկնաբան Դավիթ Գրիգորյանը հեգնանքով գրում է. «Բացառիկ տեղեկություններ ստացա քիչ առաջ Երասխից: Ինձ հասած լուրերի համաձայն` ԱՄՆ դրոշը պատասխան կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդի կողմից հաղորդվում է ադրբեջանական երկու դրոշի վիրավորման մասին: Բանը, հետաքրքիր է, դրոշը ԱՄՆ-ի՞ց էին ուղարկել, թե էստեղ՝ սուվենիրի ինչ-որ խանութից էր գնվել: Էհ... հայկական դրոշից հզոր դրոշ չկա, տղերք»: Դե, ինչ ասես, ե՞րբ ենք վերջապես վռնդելու այս կապիտուլյանտներին և մեր սահմաններում սեփական ուժերով պաշտպանելու մեր Եռագույնը: Թե չէ ամոթ է` ինքնապաշտպավելու փոխարեն թշնամուն դեմ ենք տալիս օտարի դրոշը` դրան մոգական ուժ վերագրելով:
Արցախի նախկին պետնախարար ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ էլ անդրադառնում է այն քաղաքական այրերին, ովքեր «միամտորեն» պատրաստ են բանակցել Բաքվի հետ` զարմանալիորեն չհասկանալով կամ լավ էլ հասկանալով դրա հետևանքները. «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումն ասում է՝ պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի հետ այն դեպքում, եթե Ադրբեջանն Արցախն ընդունի իբրև կողմ, ոչ թե ինչպես հիմա՝ պահանջելով, որ Արցախի նախագահը հանձնվի, բոլոր պետական կառույցները լուծարվեն: Այդպիսի պայմաններում դու ոչ մի բանակցություն չես կարող ունենալ, որովհետև դա նշանակում է՝ ենթարկվում ես: Մեզ և Ադրբեջանի համար նոյեմբերի 9-ը և մայիսի 9-ը երկու տարբեր, հակադիր նշանակության օրեր են: Մեզ մոտ մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրման օրն է` հաղթանակի օրը, իրենց մոտ՝ նոյեմբերի 9-ը: Պատկերացրեք՝ ինչպե՞ս ենք մենք Ադրբեջանի կազմում նոյեմբերի 9-ը նշելու»: Այդ լավ է, որ Վարդանյանը մատնանշում է այդ ռիսկերը, բայց մի հարց` պարոն Վարդանյան, իսկ Երևանո՞ւմ ինչու եք տարբեր անարժանների զորակցում ավագանու ընտրություններում:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ