ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԻնչպես հայտնի է, Եվրոպական դատավորների միությունն օրերս բավականին կոշտ հայտարարություն էր տարածել Հայաստանի դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական գործընթացների մասով՝ դրանք համարելով ճնշում՝ անկախ դատական համակարգի վրա: Այսինքն՝ նույնիսկ կապիտուլյանտի բռնապետական հակումների վրա աչք փակող եվրոպացիներն էին արձանագրել, որ ԲԴԽ-ն չափն արդեն անցել է՝ վերածելով Նիկոլի կցորդի: Իսկ լրագրողների փորձերը՝ ստանալու մեկնաբանություն, Նիկոլի նկարը սրբապատկերի պես պահող ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ, որին վստահվել է ԲԴԽ-ն՝ բացառապես դատավորներին ՔՊ-ի դաշտ բերելու ու դատաիրավական համակարգի հերն անիծելու նպատակով, զարմանալիորեն գնահատել է որպես ճնշում դատարանի վրա՝ հայտարարեով, որ որևիցե պարագայում հանդես չի գալու հարցազրույցով. իր սահմանադրական իրավունքն է: Խոսքի և մամուլի ազատության վաղեմի թշնամի Կարեն Անդրեասյանին, ով իրեն դրսևորում է որպես մոլեռանդ ուղղադավան նիկոլական, խորհուրդ ենք տալիս սառը ջուր խմել և հանգստանալ, բայց արձանագրենք այն, ինչը չի վրիպել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի սուր աչքից` պարոն Մելիքյանի խոսքով, Անդրեասյանը մտադիր է լիկվիդացնել դատական նիստերի հրապարակայնության, դռնբաց լինելու ինստիտուտը... Դե ինչ ասես, փակե՛ք բոլոր դատարանները, ստեղծե՛ք 1937 թվականի «тройка»-ներ` նաև առանց փաստաբանի...
Ինչ վերաբերում է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ, ապա բողոքի ակցիա անելով ընդդեմ փաստաբանների ոստիկանության բաժիններում արդեն սիստեմատիկաբար կիրառվող բռնության, նրանք հեռուստացույց էին նվեր բերել աղջիկ-պարոն գլխավոր դատախազին: Ինչպես բացատրեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը. «Ակցիայի իմաստը՝ այս հեռուստացույցն է, որը մենք ցանկանում ենք փաստաբանների անունից նվիրենք գլխավոր դատախազին: Մի քանի ամիս առաջ բռնության մեկ այլ դեպք էր տեղի ունեցել Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ, էլի ոստիկանական բաժանմունքում, այդ դեպքի կապակցությամբ ԱԺ-ում, երբ տիկին Վարդապետյանին հարց ուղղվեց, թե ինչ է մտածում և ինչ առաջընթաց կա փաստաբանի բռնության դեպքի քննության վերաբերյալ, գլխավոր դատախազը հայտնեց, որ ինքն այդպիսի դեպք չի հիշում և տեղյակ չէ»: Փաստաբանները տեղեկացրին աղջիկ-պարոնին, որ բացի Հ1-ից այլ ալիքներ էլ կարելի է դիտել հետուստացույցով և տեղյակ լինել փաստաբանների ինստիտուտի դեմ այդ ցինիկ ոճրագործություններին:
Իսկ խորտակված «ՏԻՏԱՆԻԿԸ», պարզվում է, զարմանալիորեն լրիվ նիկոլ բնավորություն ունի: Բատիսկաֆը, որը զբոսաշրջիկներին տեղափոխում էր խորտակված «Տիտանիկ», անհետացել է ռադարներից: Ստորջրյա մեքենան ռադարներից անհետացել է Ատլանտյան օվկիանոսի խորքերում հայտնի նավի բեկորների մոտ: Ըստ նախնական վարկածի՝ բատիսկաֆը բախվել է խութին: Ուղևորները տոմսի համար վճարել են 250 հազար դոլար` փաստացի գնելով իրենց մահվան տոմսը: Բոստոնի առափնյա պահպանության փրկարարները հասել են հնարավոր ողբերգության վայր: Թեեւ քիչ հույսեր կան, որ ողջ մնացածներ կլինեն: Դե ինչ, խորտակված «Տիտանիկը» լրիվ նիկոլավարի նոր կյանքեր է խլում անգամ սեփական կործանումից հետո: Ուստի, աչքի առաջ ունենալով այդ օրինակը, պետք է մտածել ոչ միայն Նիկոլին ՔՊ-ական բոլուկով հանդերձ վռնդելու մասին, այլև մշակել հատուկ միջոցներ, որպեսզի դրանից հետո չարիքի այդ մարմնացումը չկարողանա շարունակել կյանքեր խլել: Կարծում ենք` դպրոցական դասագրքերում անգամ դրա նկարը չպետք է լինի, թե չէ, մեկ էլ տեսար դժբախտություն չբերի աշակերտներին:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ