ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԿա այսպիսի եզրույթ` լատենտ, որ նշանակում է թաքուն: Լատենտ գոմիկ լսել էինք, բայց անհասկանալի է, թե ինչ է, լատենտ նիկոլականներին շատ լավ գիտենք... Հիմա էլ` չմեռանք, ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՑ զարմանքով լսեցինք «լատենտ ռուսամետների» մասին: Հիմա տեսնենք` ինչ է դայլայլում Պապյանը. «Քարոզչության համար Ռուսաստանն օգտագործում է քաղաքական հավակնություններ ունեցող զանազան անձանց՝ տխմարներից մինչև խելոքներ: Եվ այս դեպքում բնավ կարևոր չէ, որ այդ անձինք ծառայում են ռուսական շահերին` սեփական համոզումի, թե սեփական տհասության պատճառով: Որևէ քաղաքական հավակնություններ ունեցող անձի գնահատական տալու համար կարևոր չէ, թե նա ու՞մ և ի՞նչ ուժգնությամբ ու ճոխ բառապաշարով է քննադատում: Նա կարող է քննադատել Ռուսաստանին, Հայաստանի ներկա և նախկին իշխանություններին, ընդդիմությանը: Կրկնում եմ՝ դա էական չէ: Դրանով նա և նրա նմանները պարզապես սեփական անձի հանդեպ վստահություն պատն են շարում: Դա անելու համար այսօր ո՛չ խելք է պետք, ո՛չ էլ համարձակություն: Կարևորը՝ որտե՞ղ է նա տեսնում Հայաստանի փրկության ուղին: Ի՞նչ է առաջարկում Հայաստանի ապագայի համար»: Չմեջբերենք ամբողջը` վերջում Պապյանը փաստացի պնդում է` եթե ամերիկամետ չես, ուրեմն լատենտ ռուսամետ ես... Կարճ ասած` ձեր տներում ԱՄՆ դրոշ պահեք, թե չէ կգա Պապյանը և կպատռի ձեր լատենտ ռուսամետ դիմակը:
Իսկ իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ հայտնաբերել է մի զարմանալի, նույնիսկ ապշեցուցիչ բան, որը վկայում է որ մեր թշնամի մազութային հարևանները Նիկոլից ոչ պակաս շիզոֆրենիկ են. «Բաքվի բռնապետի քարոզչամեքենային այնքան է անհանգստացրել ադրբեջաներենում վկայված հայերենից փոխառյալ him «հիմք» բառի մասին նվաստիս վերջին գրառումը, որ միանգամից մի քանի քարոզչամիջոց, այդ թվում՝ նաև տեսանյութով, «անդրադարձել» են դրան: Բազմիցս նշել եմ, որ սրանց մտավոր ու հայերենի իմացության մակարդակն այնքան ցածր է, որ այս անգամ էլ չեն էլ հասկացել, թե խոսքը բարբառային ադրբեջաներենի him «հիմք» բառի մասին է, այլ ոչ թե լատիներեն արմատից սերող «ֆունդամենտի»: Սրանց պարագայում են ռուսերենում ասել՝ «Деньги есть, ума не надо»: Դե ինչ, հայե՛ր, պարզվում է, որ ունենք հզոր զենք Ապշերոնի թուրքերի դեմ, որից տեղյակ չէինք` հայոց լեզուն: Բա որ Էրդողանը սկսի խորանալ, թե անաթոլիական թուրքերենում հայերենից ինչքան փոխառություններ կան` դա արդեն լեզվաբանական երկրաշարժ կլինի:
Այսօր տեղից վերկացողը ինքզինքը համարում է ռուս-ուկրաինական պատերազմի փորձագետ: Զարմանալիորեն այդ տենդից հեռու չի մնացել և այն մարդը, ով մոլորակի կեսն ապահովել է արբանյակային ինտերնետի ծածկութով: Ամերիկացի գործարար և միլիարդատեր ԻԼՈՆ ՄԱՍԿԸ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ուկրաինայի Զինված ուժերին մատակարարվող գերմանական Leopard 2 տանկերը մարտական գործողությունների ժամանակ հեշտությամբ ոչնչացվում են հակատանկային զենքերից և ականներից՝ իրենց փոքր քանակության պատճառով: «Քիչ թվով տանկեր հեշտությամբ ոչնչացվում են հակատանկային զենքի և ականների միջոցով»,- գրել է Մասկը: Նրա կարծիքով՝ ավելի լավ է՝ նման մարտական մեքենաներից շատ ունենալ կամ ընդհանրապես չունենալ: Դե ինչ ասես... Ապրես, նստիր, հինգ: Չէ, այնուամենայնիվ, նստիր, երկուս: Ինչ է, ՆԱՏՕ-ից լա՞վ գիտես, թե ինչքան տանկ է պետք քո Ամերիկայի համար մատաղվող Ուկրաինային: Ինչի՞ ես քեզ ամեն ինչի փորձագետի տեղ դրել, չէ՞ որ ո՛չ տաքսիստ ես, ո՛չ էլ` վարսավիր, ավելի լավ է արհեստական ինտելեկտ զարգացրու, որը սակայն, օրինակ, մեր նիկոլականներին ոչնչով չի օգնի:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ