Օլիմպիական խաղերի առաջին վարկանիշային միավորները վաստակել եմ դեկտեմբերին․ Սամվել Գասպարյան
Սպորտ- Գիտեմ, որ արդեն սկսվել են մարզումները, ինչպե՞ս եք տրամարդրված։
- Այո, արդեն սկսվել են մարզումները, արդեն հավաքների ենք։ Պատրաստվում ենք գալիք Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է Երևանում ու հույս ունեմ, լավ հանդես կգանք։
-Մի առիթով ասել եք, որ չեք համակերպվել բռոնզե մեդալի հետ․․․
-Այո , չեմ համակերպվել, որովհետև իմ մարզումները ցույց էին տվել, որ պատրաստ էի նաև ոսկու համար պայքարել, բայց ստացվեց այսպես։ Իհարկե չեմ հուսահատվում։ Պետք է ձգտել ավելիին, հավաքվել և շարունակել պայքարը։ Եկող տարում ունենք Օլիմպիական խաղեր ու իրավունք չունենք թերանալու։
-Ո՞ր տարիքից սկսեցիք մարզվել և ինչու՞ հենց ծանրամարտ։
-Դա գեներով է ինձ փոխանցվել։ Մորս մորեղբայրը լեգենդար Յուրի Վարդանյանն է, հենց այդտեղից էլ եկել է սերը դեպի ծանրամարտ։
Սկզբում զբաղվել եմ ֆոտբոլով, ըմբշամարտով և այլն, այնուհետ մորեղբայրս ինձ տարավ մարզադահլիճ, որ առաջին հերթին դրսից կտրվեմ ու կոփվեմ։ Հետո արդեն սկսեցի ավելի լուրջ զբաղվել ծանրամարտով։
-Մինչ բրոնզե մեդալը ինչպիսի՞ մրցանակներ եք գրանցել։
-Սկսեմ վաղ տարիքից։ Պատանի հասակում Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել եմ երկրորդ տեղը, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն եմ, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր, մեծահասակների Եվրոպայի չեմպիոն։ 2020- ին առաջին անգամ երկամարտում գրանցեցի աշխարհի առաջնության մեդալի արդյունք։
-Շաբաթը քանի՞ օր, քանի՞ ժամ եք մարզվում։
-Շաբաթը վեց օր մարզվում ենք ու ամեն օրը բաժանված է երկու պարապմունքների, որոնք էլ իրենց հերթին տևում են մեկից երկու ժամ։ Գրաֆիկը որոշում է մարզչական կազմը։
Տարվա գլխավոր նպատակներիցս է Եվրոպայի առաջնությանը հաջող մասնակցելը։ Երևանյան ստուգատեսը նաև օլիմպիական վարկանիշային մրցում է, իսկ հայրենիքում հանդես գալու հանգամանքը հաջողությանը ձգտելու լրացուցիչ խթան է։ Հաջորդ խոշոր մեկնարկը լինելու է սեպտեմբերին նախատեսված աշխարհի առաջնությունը, որը նույնպես վարկանիշային է։ Ի դեպ, 2024 թվականի Օլիմպիական խաղերի առաջին վարկանիշային միավորները վաստակել եմ դեկտեմբերին Կոլումբիայում կայացած աշխարհի առաջնությունում։
Հիմա անհրաժեշտ է համալրել այդ ցուցանիշը։ Դրա համար անպայման պետք է ավելի բարձր կիլոգրամներ գրանցել։ Ինձ համար դա կրկնակի սկզբունքային է ։
Զրուցեց՝ Նանա Սարգսյանը