ԿԲ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆ ԱՆՓՈՓՈԽ Է ԹՈՂԵԼ
Արխիվ 16-20
2019 թ. հունիսի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 5.75%: 2019 թ. մայիսին գրանցվել է 0.4% գնանկում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.0%-ի դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է` ամսվա վերջին կազմելով 2.8%` պայմանավորված մի շարք գյուղատնտեսական ապրանքների գների սեզոնային աճով:
Արտաքին հատվածում առեւտրային պատերազմների սրման հետեւանքով առաջացել են համաշխարհային տնտեսության զարգացման հետ կապված զգալի անորոշություններ, որոնք անդրադարձել են թե՛ ֆինանսական եւ թե՛ հումքային ապրանքների շուկաների միտումների վրա: Ի լրումն դրանց, որոշակիորեն վատթարացել են ԱՄՆ տնտեսության զարգացման հեռանկարները, ինչի պարագայում ակնկալվում է, որ Դաշնային պահուստային համակարգը ապագայում կվարի զգալիորեն ավելի մեղմ դրամավարկային քաղաքականություն: Չնայած պարենային հիմնական ապրանքների շուկաներում դիտվում են որոշ կարճաժամկետ գնաճային դրսեւորումներ, ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ընդհանուր առմամբ արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում: Խորհուրդն արձանագրում է, որ պահպանվում են տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպերը. 2019 թ. առաջին եռամսյակում գրանցված տնտեսական աճը գերազանցել է սպասված ցուցանիշը, որին նպաստող հիմնական գործոնը շարունակում է մնալ մասնավոր սպառման բարձր աճը: Տարվա առաջին կիսամյակում իրականացված հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ներքին պահանջարկի վրա գնահատվում է զսպող: Ակնկալվում է, որ տարվա երկրորդ կեսին այն կլինի զգալի ընդլայնող, որի հետեւանքով տարվա արդյունքում հարկաբյուջետային քաղաքականությունը կունենա չեզոք ազդեցություն: ԿԲ խորհուրդը գտնում է, որ ներկայիս ցածր գնաճը նպաստում է երկարաժամկետ գնաճային սպասումների խարսխմանը եւ եկամուտների գնողունակության պահպանմանը: Ներկա իրավիճակում ԿԲ խորհուրդը նախապատվությունը տալիս է գնաճի աստիճանական վերականգնմանը, որի ներքո նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների ներկա խթանող չափը` անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Միեւնույն ժամանակ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել երկար ժամանակահատվածում` միջնաժամկետում գնաճի նպատակի իրագործման համար: Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում` միջնաժամկետ հատվածում կայունանալով դրա շուրջ: Նշենք նաեւ, որ գնաճի` կանխատեսված հետագծից շեղման ռիսկերը` կապված համաշխարհային տնտեսության զարգացման անորոշությունների եւ հնարավոր ավելի զսպող հարկաբյուջետային քաղաքականության ընթացքի հետ, պահպանվում են: Դրանց ցանկացած զարգացումների ու դրսեւորման դեպքում Կենտրոնական բանկը համապատասխանորեն կարձագանքի` ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում: