Հայրենի գյուղում բացվեց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հուշարձանը
Արխիվ 16-20
«Հայրենիք» հասկացությունն ունի աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են: Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասիրությանը: Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ: Հայրենիքը սրբություն է:«Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ: Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է: Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման օտար հավաքականությունների մեջ: Դարերի ընթացքում Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար: Եվ ահա այսպիսի քաջորդիներից է Արցախյան քառօրյա պատերազմի մասնակից, հերոս Քյարամ Սլոյանը:
Ապրիլյան 4-օրյա պատերազմը, որը սանձազերծեց Բաքուն, նախ և առաջ ողբերգություն էր. հայերն ու ադրբեջանցիները տվեցին հարյուրավոր զոհեր ու վիրավորներ: Եվ ահա այդ ոճրագործությունից անցել է արդեն երեք տարի, կապված սրա հետ թե մեր երկրում, այնպես էլ արտերկրում մինչև օրս կազմակերպվում են կլոր-սեղաններ, քննարկումներ, տարաբնույթ ռազմա-հայրենասիրական միջոցառումներ՝ ոգեկոչելու ապրիլյան հերոսներին ու հերոսամարտը, մեր հանրությանն ապացուցելու, թե որքան հզոր է մեր բանակն ու հայ զինվորը։ Այսօր, ապրիլի 27-ին Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում հավաքվել էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ մտավորականներ, բարձրաստիճան զինվորականներ՝մասնակցելու ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրվա միջոցառումներին, ինչպես նաև հերոսի հայրենի գյուղում՝ Արտաշավանում վեր խոյացող անմահ հերոս Քյարամ Սլոյանի հիշատակի հուշարձանի բացման
արարողությանը.Միջոցառումը սկսվեց գյուղի Գրիշա Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ տեղի ունեցավ, ցերեկույթ «Պատիվ ունեմ» խորագրով, որտեղ աշակերտները կենդանի երգ-երաժշտությամբ ոգեկոչեցին մեր օրերի, հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին: Այն կազմակերպել էր հայոց լեզվի ուսուցչուհի Անահիտ Պապոյանը: Միջոցառման աջակիցներն էին Սլոյանների ընտանիքի անդամներն, ինչպես նաև «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամի, ի դեմս՝նրա պատասխանատու Համեստ Ուրֆանյանի աջակցությամբ:
Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որն իրականացրեց Սաղմոսավանի ու Արտաշավանի հոգևոր հովիվ Տեր Օշին քահանա Հայրապետյանը:
Նշենք, որ դպրոցի ռազմագիտության դասարանը կրում է Քյարամ Սլոյանի անունը, որտեղ տեղադրված է նրա կիսանդրին: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը, Սաղմոսավանի գյուղապետ Գրիգոր Ավագյանը, դպրոցի տնօրեն Ռուզաննա Մարտիրոսյանը: Նրանք երախտիքի խոսքեր ուղղեցին հերոսների մայրերին:
Հուշ-ցերեկույթից հետո, գյուղի սկզբնամասում բացվեց հուշարձան, որն օծեց Արագածոտնի մարզի Սաղմոսավանի և Արտաշավանի հոգևոր հովիվ Տեր Օշին քահանա Հայրապետյանը, որից հետո ելույթներով հանդես եկան Ղարաբաղի վետերանների կազմակերպության նախագահ, պահեստազորի փոխգնդապետ Գրիգոր Գրիգորյանը, մի շարք երկրներում Հայաստանի ռազմական ներկայացուցիչ, ռազմական մարտավարության ղեկավար գեներալ-գնդապետ Տարոն Աբրահամյանը, Արցախյան հերոսամարտի ու քառօրյա պատերազմի մասնակից մայոր Սիաբանդ Սայադյանը,Աշտարակի շրջանի 1994 թվականի 1-ին եռամսյա վաշտի հրամանատար, պահեստազորի ավագ լեյտենանտ Վարդան Գևորգյանը և այլք: Հուշակոթողի բացումից անմիջապես հետո
Քառօրյա պատերազմի հերոս, լեգենդ դարձած Արմենակ Ուրֆանյանի մայրը 4 հերոսների անունով հուշարձանի կողքին ծառատունկ կատարեց: Միջոցառումն ավարտվեց գյուղի Քյարամ Սլոյանի անվան թաղամասի ցուցատախտակի բացումով: Իսկ վերջում Քյարամ Սլոյանի մայրը՝ Նվարդ Սլոյանը, Ղարաբաղի վետերանների կազմակերպության, Փառքի զինվոր Հասարակական կազմակերպության կողմից հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվեց պատվոգրերով: Պարգևատրվեցին նաև կապիտան Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի ու Անդրանիկ Զոհրաբյանի ծնողները:
Հայաստանի զինված ուժերի ազգությամբ եզդի զինծառայող, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի 2016 թվականի ապրիլյան ինքնապաշտպանական մարտերի մասնակից Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին Հայաստանի Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ ազգությամբ եզդի Սլոյանների ընտանիքում։ Նրա հայրը՝ Քյալաշը, եղել է 1988-1994 թվականների Արցախյան պատերազմի ազատամարտիկ։ 2014 թվականին Քյարամ Սլոյանը առաջին զորակոչով ներկայացել է Աշտարակի զինկոմիսարիատ և անցել ծառայության Արցախի Հանրապետությունում։ Քյարամը եղել է արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմի» առաջին զոհերից մեկը։ Նրա զորացրվելուն մնացել էր երկու ամիս։ Նրա հրամանատարն էր՝ Արմենակ Ուրֆանյանը։ 2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հարձակում են գործում Արցախի Հանրապետության ուղղությամբ: Չորս օր տևած պատերազմը երկու կողմերին հասցնում է մարդկային և տեխնիկական կորուստներ։ Հայկական կողմի կորուստների մեջ էր նաև եզդի զինվոր Քյարամ Սլոյանը։ Նրա մահվան մասին պաշտոնապես հայտարարվել է 2016 թվականի ապրիլի 5-ին մամուլով։ Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ ծառայող Քյարամ Սլոյանը իր զինակիցների հետ միասին կարողացել է երկու անգամ հետ մղել հակառակորդի գրոհը։ Ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ կապիտան Արմենակ Ուրֆանյանը անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից, սակայն շարքայիններ Քյարամ Սլոյանը և Ռոբերտ Աբաջյանը չենթարկվելով հրամանատարի հրամանին, շարունակել են պաշտապանական մարտը։ 2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի պետական շքանշանով։ Հազար Փառք քեզ քաջ զինվոր Քյարամ Սլոյան:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի