«ՍՊԱՆ ԶԻՆՎՈՐԻ ԱՎԱԳ ԸՆԿԵՐՆ Է ՈՒ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԵՏՔ Է ՀՈԳԱՏԱՐ ԼԻՆԻ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Ապրիլի 26-ը, անմահ հերոս, լեյտենանտ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հիշատակի օրն էր, ուղիղ 9 տարի է անցել։ Նրա շիրիմին այցելեցին հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին։
Iravunk. com - Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Տիգրանը ծնվել է 1992 թվականի փետրվարի 21֊ին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում, ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Անմահ հերոսի մայրը, տիկին ՍԻԼՎԱ ՄԱՆԱՍՅԱՆԸ, խորը ցավը սրտում, Iravunk. com - ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նշեց. «Տիգրանս շատ աշխույժ էր դեռևս փոքր տարիքից։ Նա բոլորիս ուրախությունն էր, այնպիսի ժպիտ ուներ, որին ոչ ոք չէր դիմանում։ Դպրոցական տարիներին կտրուկ որոշեց ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ 2010֊ին ընդունվեց։ Ուսումնառության տարիներին մշտապես աչքի է ընկել իր կարգապահությամբ։ Ծառայության է անցել Արցախի Մարտակերտի շրջանի զորամասում որպես հրաձգային դասակի հրամանատար։ «Սպան զինվորի ավագ ընկերն է ու առաջին հերթին պետք է հոգատար լինի նրա նկատմամբ» որդուս խոսքերն են։ Տիգրանս ծառայության առաջին իսկ օրերից սիրվել է թե սպայական անձնակազմի, թե զինվորների կողմից, քանի որ հատուկ հոգատարությամբ էր վերաբերվում հատկապես զինվորներին։ Միևնույն ժամանակ, նա շատ խստապահանջ էր, շատ լուրջ էր վերաբերվում իր ծառայությանն ու իր մարտիկների կյանքին»։ 2016֊ի ապրիլին հակառակորդը սկսել էր լայնամասշտաբ հարձակում, հայկական կողմը մի քանի օր շարունակ կենաց մահու պայքար մղեց թշնամու դեմ։ Տիգրանը իր զինվորների հետ ևս եղել է Մարտակերտի ուղղությամբ մարտական դիրքերում, իրենց դիրքն ամուր ու անսասան են պահել։ Ցավոք, ապրիլի 26֊ին ուժեղ հրթիռակոծության հետևանքով հերոսաբար զոհվել է Տիգրանը։ Տիգրան Մխիթարի Պողոսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության», Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով»։ Անմահ հերոսի հիշատակը հավերժացնելու համար Հոռոմ գյուղում հուշաքար է տեղադրվել։Տիգրանը մեկն է այն հազարավոր տղաներից, ով զոհվել է հայրենիքի Արցախի համար։ Սարի պես ամուր, լեռան նման կարծր այս տղան, ընտրել էր սպա դառնալու դժվարին ճանապարհը, որն էլ հաղթահարել է պատվով, արժանի մնալով իր երդմանը։
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՔԵԶ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ, ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ




