Տավուշում 4 ճանապարհներ հրատապ կհիմնանորոգվեն. Ո՞ր ճանապարհներն են դրանք
Հասարակություն
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 17-ի նիստում որոշում կայացրեց, որն ուղղված է Տավուշի մարզային նշանակության 13․2 կմ երկարության ավտոճանապարհների վիճակի բարելավմանը:
Խոսքը Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի 1-ին փողոց թիվ 105 հասցեից մինչև Հաղարծին բնակավայրի 12-րդ փողոց թիվ 1 հասցեն ընկած ճանապարհահատվածը, Սևքար բնակավայրից Սարիգյուղ բնակավայր միջհամայնքային, Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն և Դեբեդավան համայնքները միացնող և Տ-10-39 /Հ-64/ Չորաթան /Արծվաբերդ-Չորաթան/ ճանապարհների մասին է, որոնք խորհրդային տարիներից չեն վերանորոգվել և գտնվում են խիստ անմխիթար վիճակում։
2024-ի պետական բյուջեով հատկացվել է կնքված պայմանագրերի 20% -ի չափով գումար:
Այժմ առաջարկվում է Թեղուտ բնակավայրի 1-ին փողոց թիվ 105 հասցեից մինչև Հաղարծին բնակավայրի 12-րդ փողոց թիվ 1 հասցեն ընկած ճանապարհահատվածի հիմնանորոգման համար հատկացնել 503,577.6 հազ․ դրամ,
Սևքար բնակավայրից Սարիգյուղ բնակավայր միջհամայնքային ճանապարհահատվածի հիմնանորոգման համար՝ 397,318.4հազ․ դրամ,
Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն և Դեբեդավան համայնքները միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման համար՝630,792.8հազ․ դրամ,
Տ-10-39 /Հ-64/ Չորաթան /Արծվաբերդ-Չորաթան/ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար՝ 390,718.6հազ․ դրամը։