Ֆրանսիայում քաղաքապետը անձրեւ արգելելու մասին հրամանագիր է արձակել
Միջազգային
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կուլոն կոմունայի քաղաքապետը մշտական անձրևների ֆոնին հրաման է արձակել՝ արգելելով դրանք։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։
«Սահմանվում է, որ հուլիսի 15-ին և օգոստոս և սեպտեմբեր ամիսներին, մինչեւ հոկտեմբեր անձրևը պետք է դադարի և այն պետք է փոխարինվի թույլ քամիով և պայծառ արևով»,- ասվում է փաստաթղթի տեքստում, որը ստորագրվել է քաղաքապետ Դանիել Մարիերի կողմից:
Բացի այդ, քաղաքապետը որոշում է կայացրել, որ «Ֆրանսիայի հյուսիսային մասի ծխերի քահանաները կհրավիրվեն ներդրում ունենալու» և առաջնահերթության կարգով ապահովելու այս հրամանագրի կատարումը։
Մեկնաբանելով իր հրամանագիրը՝ Մարիերն ասաց, որ ամառային արձակուրդների սկզբում երբեք տեղումների նման առատության չի հանդիպել։ Նա բացատրեց, որ փողոցում տիրող մռայլության պատճառով որոշել է նման հրամանագիր տալ։