ԼԵՌԸ ԶԳԱՅՈՒՆ Է ԻՆՉՊԵՍ ՄԱՐԴԸ
Արխիվ 16-20
Վերջին շրջանում հասարակության կողմից սուր քննադատության է արժանացել Ամուլսարի հանքի շահագործման հարցը: Լեռն ունի ոսկու զգալի պաշարներ, բայց մարդկանց առողջությունը վեր է ամեն տեսակի հարստությունից: Կարծիքներ են հնչում, որ Ամուլսարի հանքի շահագործումից մեր երկրին սպառնացող վտանգն էլ ավելի կմեծանա: Չնայած այս ամեինին մեզ փորձում են համոզել, որ ոչ մի վտանգ էլ չկա: Ահա այս հարցի շուրջ էլ ծավալվեց զրույցը մեր մշակույթի գործիչների հետ: «Ինչպե՞ս եք վերաբերվում Ամուլսարի շահագործմանը», - այս հարցն ուղղեցինք նրանց:
ՇԱՀՈՒՅԹԻ ԻՆՆՍՈՒՆ ՏՈԿՈՍԸ ԴՐՍԻ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ԳՐՊԱՆՆԵՐՈՒՄ Է ԼԻՆԵԼՈՒ
ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑ` ռեժիսոր, մուլտիկպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ.
– Միանշանակ բացասական եմ վերաբերվում: Էությամբ անտի գլոբալիստ լինելով եւ հասկանալով, թե ով է ամենամեծ շահույթը ստանալու այդ շահագործումից (խոսքը վերաբերվում է արտասահմանյան ընկերություններին` անգլիական, ամերիկյան) համոզված եմ, որ շահույթի իննսուն տոկոսը դրսից օլիգարխների գրպաններում է լինելու: Նման շահագործումից Հայաստանի էկանոմիկան շատ չնչին տոկոս շահույթ կունենա: էլ չեմ ասում, որ կառաջանան ուրիշ այլ խնդիր, որոնք կապված են էկոլոգիայի հետ: Ցանկացած հանքագործություն իր հետեւից բերում է տարբեր խնդիրներ: Նման շահագործումը շատ լուրջ խնդիրներ կառաջացնի Ջերմուկի եւ Սեւանի հոսող ջրերին:
ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԵԹԵ ՄԻ ԲԱՆ ՈՒԶՈՒՄ Է ԱՆԵԼ, ԴԱ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ
ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ` գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ.
– Այսօրվա գործող իշխանությունը նմանվում է անկարող, փոքրիկ բութ երեխայի: Կան չէ՞ երկու-երեք տարեկան բութ երեխաներ, որոնց ձեռքը ինչին կպնում է ջարդվում, կոտրվում է եւ անընդհատ ուրիշի վրա է գցում: Այսինքն` նա այն երեխան է, որ պետք է ոչնչին ձեռք չտա: Նա եթե ինչ որ բան ուզում է անել դա չի ստացվելու: Բացի դրանից, ինչպես մյուս երեխաները, ասում է` լավ եմ անում: Բայց այդ լավ եմ անումը առաջ էր ասում: Հիմա ասում է դու ես: Դու ես-ը նշանակում է ինչ որ եղել է դու ես մեղավոր: Դրա համա կարծում եմ, որ խորացած չլինելով Ամուլսարի հարցի մեջ, կարող եմ ասել թող ոչինչ չանեն: Այսպես լավ է, այսպես թող մնա:
ՈՍԿԻ ՍԻՐՈՒՄ ԵՄ, ԱՆԱՂԱՐՏ ԲՆՈՒԹՅՈՒՆ` ԱՎԵԼԻ ՇԱՏ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ` գրող, լրագրող-հրապարակախոս.
– Եթե մի նախադասությամբ, ապա ես ոսկի սիրում եմ, անաղարտ բնություն` ավելի շատ: Կարծում եմ յուրաքանչյուրիս գործն է մեր շրջապատը դարձնել հնարավորինս մաքուր` բոլոր առումներով եւ նաեւ մեր գործն է ապահովել մեր ու հաջողության դեպքում` մեր երեխաների բարեկեցությունը կամ դրան մոտ ինչ-որ բանը: Ես Ամուլսարի որեւէ կողմում չեմ, ավելի ճիշտ այն կողմում եմ, որտեղ մարդն աշխատում է ու ամեն առավոտ եւ ամեն երեկո մաքուր օդ է շնչում, եթե իհարկե Ամուլսարն ունի այդպիսի կողմ: Հա, մեկ էլ ես չեմ սիրում քաղաքականությունը, մանավանդ սարի վրա, Ամուլսարի վրա:
ՍԱՐԸ ՊԵՏՔ Է ՄՆԱ ՍԱՐ
ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ` երգչուհի.
– Ես համամիտ եմ, որ սարը պետք է մնա սար: Կարծում եմ այդպիսի սարերը իրավունք չունեն շահագործման, որպեսզի Հայաստանի ժողովուրդի մոտ հետագայում առողջական խնդիրներ չառաջանան:
ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ Է ԱԶԳԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
ՆԱՆԵ` բանաստեղծուհի, հրապարակագիր, արձակագիր, ՀԳՄ անդամ, նկարիչ, ՀՆՄ պատվավոր անդամ.
– Երկիր պահելու բանաձեւը շատ պարզ է. նախ պետք է սիրել ու հոգ տանել ժողովրդին, ով հենց այդ երկրի ամրությունն է, նրա թեւութիկունքը: Երկրի տերերի հողին կնքվող ոտնահետքերն են զինվորներից առաջ երկրապահպան գործ արողները: Ու բնականաբար, չափազանց կարեւոր է ազգի առողջության պահպանումը եւ նրա աճի ապահովվումը, հատկապես մեզ նման փոքրաթիվ ազգի դեպքում: Մենք առանց այն էլ արդեն գործող հանքերի, նրանց պոչամբարների, այսուայն գործոնների պատճառով, մեղմ ասած, չենք փայլում առողջությամբ. Քաղցկեղով հիվանդացությամբ տարածաշրջանում առաջին տեղում կամ տեղերում ենք, աշխարհում նույնպես առաջիններից ենք, անպտղությունն էլ գնալով աճ է գրանցում: Վաղուց էր պետք հետաքննել, պարզել դրանց պատճառները, համապատասխան եզրահանգումներ անել եւ շտկումներ մտցնել: Իսկ մենք դեռ նոր եւ մեծ հարց ենք դարձրել, փառք Աստծո, դեռեւս չգործող Ամուրսարի (այդքան մեծ հարստություն իր մեջ կրող եւ այսպիսի շիկացած կռվի թատերաբեմ դարձած սարին լեզուս չի պտտում Ամուլ ասել) հանքի շահագործումը: Այդ մոտեցմամբ շատ շուտով մենք մեր հողը կապականենք մինչեւ վերջ եւ Փոքր Մհերի նման մի խուլ քարայր կփնտրենք «ղալբըցած» հողից փախչելու եւ թաքնվելու համար… Եթե մեզնից առաջ մեր հողը մեզ չուրանա: Ջերմուկում եւ Գնդեվազում երկու տարի առաջ ես խոսել եմ տարբեր մարդկանց հետ. Արդեն բողոքում էին, որ փոշին չի կառավարվում, որ հիվանդությունների աճ է նկատվում այդ մի քանի տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքում: Բայց եթե ոչինչ էլ չասեին` միայն հասարակ տրամաբանությամբ էլ պարզ է, որ առողջարանային քաղաք Ջերմուկն այդուհետ կդադարի այդպիսին լինել, որ այն Վերնատուր, բուժիչ ջրերը, որոնք այնքան հույսով, խորհրդավորությամբ եւ հաճույքով ենք ըմբոշխնում, չեն լինի այլեւս, կամ որպես թույն կհոսեն: Եվ երբեք այլեւս հենց մենք` այս երկրի տերերս, Ջերմուկը չենք ընտրի մեր մի քանի օրվա հանգստի, կենսական ուժերը եւ առողջությունը վերականգնելու համար: Իսկ չէ որ միայն Ջերմուկը եւ Գնդեվազը չէ, որ կտուժեն հանքի շահագործման արդյունքում: Որքան էլ «վտանգները կառավարելի» հայտարարեն, այս կամ այն փորձագետների եզրահանգումների սպասեն, մի՞թե դժվար է հասկանալ, որ փորձ է արվում ընդամենը ամեն գնով իրականություն դարձնել չափազանց անընդունելին, եւ պաշտպանել կասկածելի հանքատերերի շահերը: Իհարկե հասկանալի է երկրի ֆինանսական սուղ վիճակը, աշխատանքից զրկվածների բողոքը, բայց հասկանալի չէ դրանք կարգավորելու միակ աղբյուրը տեսնել մեր կյանքերի հաշվին շահագործվող հանքերի մեջ: Ցանկության դեպքում այլ ուղիներ միշտ էլ կարելի է գտնել: Պարզապես սրտացավությունն է պակասում ամեն մի հայի, հողի ամեն մի պատառի համար:
ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ ՄԵՐ ՀՈՂԻՆ
ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆ` գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԱՄՆ-ի հայ գրողների միության պատվավոր անդամ.
– Ամուլսար... Լեռնագագաթ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի սահմանագլխին: Բարձրադիր գոտում` լեռնամարգագետնային: Այսինքն` հրաշք բուսականոթյուն, որից կարող է թթվածին հորդել: Բայց միայն դա՞: Հետեւելով հարցի պատմությանը` մաշկով ես զգում, որ այն չի կարելի շահագործել, հանձնել օտարին, որ Լեռը զգայուն է, ինչպես մարդը: Երբ լսում եմ Ամուլսարի շահագործման մասին, իմ մտապատկերում հայտնվում է ԵԹԵ բառը: Եվ սկսվում է ծանր մտքերի մի ամբողջ շարան... Եթե այդքան մոտ չլիներ Ջերմուկին, եթե չվնասեր մարդկանց առողջությունը, եթե լեռան լանջերին չաճեին այդքան բացառիկ բուսատեսակները, որոնք Կարմիր գրքում են ներկայացված, եթե հորատման հետեւանքով չփոշոտվեին նաեւ Գնդեվազն ու Կեչուտ համայնքները եւ էլի, էլի ռիսկեր: Ժողովուրդը բողոքում է, ընդվզում, քննադատում Ամուլսարի հանքի շահագործումը, պայքարում: Պիտի պահպանենք մեր երկրի ամեն մի գանձը, մեր նյութական եւ հոգեւոր հարստություններին տեր պիտի լինենք: Վտանգ է սպառնում մեր հողին, ջրին, մարդկային կյանքերին, վտանգ Հայաստանի ռազմավարական ջրային պաշարներին, էկոհամակարգին: Եվ կորցնում է իր գեղեցկությունը ֆիզիկապես, երբ հորատում են լեռը, անշուշտ նաեւ հոգեպես, երբ հանում են երկրի ոսկին: Ոչ թե ամուլ, այլ` ամուր լեռ է մեր Ամուլսարը եւ այդպիսին էլ թող մնա: Մնա որպես հարստության աղբյուր եւ օգտագործվի ծայրահեղ դեպքում միայն` փրկելու այն Երկիրը, որին պատկանում է Ինքը...
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ