Պատճառը 2017 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մարտունիի ԲՀԿ-ական թեկնածուներից մեկի` Վազգեն Պողոսյանի հետ եղած ենթադրյալ ֆինանսական խնդիրներն են
Արխիվ 16-20Արդեն հայտնել ենք, որ ԱԱԾ-ն վաղ առավոտից գտնվում է ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Քիչ առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ ըստ իրենց տեղեկությունների, պատճառը 2017 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մարտունիի ԲՀԿ-ական թեկնածուներից մեկի` Վազգեն Պողոսյանի հետ եղած ենթադրյալ ֆինանսական խնդիրներն են։
Նա Գեղարքունիքի մարզից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր 2017 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ և հանդիսանում էր Երեւանի պետական Ճարտարապետաշինարարական համալսարանի պրոֆեսոր։ Նա այդ ընտրություններում թիվ 8 ընտրատարածքն ընդգրկող մարզից ստացել էր 8151 ձայն։ Ընդ որում, նրա ստացած ձայները մարզում երկրորդն են եղել․ առաջատարը եղել է Հրանտ Մադաթյանը՝ 11971 ձայնով, իսկ երրորդը՝ Վարդան Բոստանջյանը՝ 7024 ձայնով։ Սակայն Պողոսյանն այդպես էլ մանդատ չէր ստացել՝ այն զիջելով Բոստանջյանին։ Այդ տարի ընդհանուր առմամբ 28 հոգի հրաժարվել էր մանդատից, որից մեկն էլ եղել էր Պողոսյանը։
Հավելենք, որ Վազգեն Պողոսյանը 1993-2005 թվականներին եղել է Հայաստանի շինարարների միության նախագահ, 2005 թվականից՝ պատվավոր նախագահ: Եղել է ՀՀ ԳԽ (1990-1995) և ԱԺ (1995-1999) պատգամավոր: