Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում
ՄշակութայինՀոլիվուդյան դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Ջո Մանգանիելոն Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ:
Հոլիվուդյան դերասանի մորական մեծ տատը` Թերվիզ Ռոուզ Դարակջյանը, վերապրել է Հայոց ցեղասպանությունը. նրա ամուսնինը ու յոթ զավակները սպանվել են թուրքերի կողմից, իսկ 8-րդը`խեղդվել է Եփրատ գետի վրայով փախուստի ժամանակ: Այս դեպքերից կարճ ժամանակ անց ծնվել է Թեվրիզի իններորդ զավակը՝ Սիրարփին՝ Ջո Մանգանիելոյի տատիկը: Դերասանը մեծ հուզմունքով և հիացմունքով էր պատմում խարբերդցի իր մեծ տատի մասին:
ԱՄՆ-ից ժամանած հյուրերին դիմավորել և դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր ուղեկցել է ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը: Ջո Մանգանիելոն շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել է մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր: Այցի ավարտին Ջո Մանգանիելոն Հիշողության պուրակում տնկել է եղևնի՝ ի հիշատակ իր մեծ տատի՝ Թերվիզ Ռոուզ Դարակջյանի և տատի՝ Սիրարփիի` իրականացնելով իր վաղեմի ցանկությունը: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: