ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այն պահից, երբ ՀՀ-ն դուրս գա ԵԱՏՄ-ից, այդ վայրկյանից մեր տեղը կզբաղեցնի Ադրբեջանը

28.11.2017 16:42 Հրապարակումներ
Այն պահից, երբ ՀՀ-ն դուրս գա ԵԱՏՄ-ից, այդ վայրկյանից մեր տեղը կզբաղեցնի Ադրբեջանը


ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ելույթը` ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» նախագծի լսումներին 

«Պետք է ասեմ, որ չի կարելի բոլոր խնդիրները, այդ թվում` բացարձակապես տնտեսական եւ քաղաքական հիմք չունեցող խնդիրները կապել ՀՀ-ի` ԵԱՏՄ-ի անդամակցությանը: Ես կարծում եմ, որ ցանկացած խնդիր, ասենք, օրինակ` ցուրտ եղանակը կապել մեր մասնակցությանը եւ անդամագրությանը Եվրախորհրդին, որին մենք մասնակցում ենք ավելի վաղուց` 2001 թվականից, եւ կարելի է ասել, որ այդքան ժամանակ գտնվել ենք Եվրախորհրդի կազմում, ինչու մեզ մոտ այս կամ այն տնտեսական, քաղաքական ցուցանիշը, կոռուպցիայի մակարդակը այնպիսին են եւ այսպիսին չեն: Մենք պետք է հասկանանք, որ ոչ ոք այս աշխարհում պարտք չէ, որպեսզի մեր փոխարեն աշխատի, գումարներ ներդնի, մեր փոխարեն կռվի, զինվի: Եվ երբ մենք, կներեք արտահայտությանս համար, մուննաթով պահանջում ենք մեր գործընկերներից, դաշնակիցներից, այն, ինչը նախատեսված չէ որեւէ պայմանագրով, ստանձնած փոխադարձ պայմանագրով, դա զարմանք եւ տարակուսանք է առաջացնում: Իհարկե, կարելի է կրկնել այն սխալները, որը մենք ունեցել ենք 100 տարի առաջ եւ ստանալ այն արդյունքները, որոնք մենք ստացել ենք: Կարելի է դուրս գալ ԵՏՄ-ից, բայց այդ դեպքում պետք է հաշվարկել` ի՞նչ է դա տալու ՀՀ-ին, ի՞նչ օգուտ եւ վնաս: Արդյոք այդ դեպքում կարող եք պատասխան տալ այն 200 հազար հայ քաղաքացիներին, ովքեր աշխատում են ՌԴ-ում, եւ նաեւ մի որոշ մաս աշխատում է ԵԱՏՄ մյուս երկրներում, ովքեր աշխատում եւ պահում են իրենց ընտանիքները: Լավ է դա, թե` վատ, մենք հնարավորություն ունենք այնտեղ աշխատելու, կարծում եմ, այսօրվա դրությամբ դա լավ է, որովհետեւ եթե հանկարծ դա չլիներ, պատկերացրեք, թե ինչ կարող էր լինել մեր երկրի վիճակը եւ այն հարյուր հազարավոր մեր քաղաքացիների հետ: Տեղեկացնեմ, որ 1,5 միլիոնից ավել հայ քաղաքացիներ ունեն երկքաղաքացիություն ՌԴ-ի հետ, ի՞նչ կլինի, եթե սկսենք փչացնել մեր հարաբերությունները իրենց հետ: Այն խոսքը, թե իբր դուրս գալով ԵԱՏՄ-ից` չենք փչացնում մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ, որեւէ քննադատության չի դիմանում, եւ հասկանալի է, որ փչացնում ենք: Մի շարք տնտեսական թվեր հնչեցվեց ԱԺ ամբիոնից, բայց, այնուամենայնիվ, ի՞նչ ենք պատասխանելու, որ այն գազի գինը, որն այսօր սպառում է մեր ժողովուրդը, 10-15 տոկոս բարձրանալու է: Եթե մոտավորապես 200 մլն դոլար այսօր ՀՀ-ն շահում է հենց ՌԴ-ի կողմից վաճառվող ամենացածր գազի գնի պարագայում, մենք այդքան ամեն տարի տնտեսում ենք: Մենք ստանում ենք 30 մլն դոլար մաքսատուրքերի միասնական համակարգերից: Աճում է վերամշակված արտադրանքի ծավալը դեպի Ռուսաստան եւ այլ երկրներ, որոնք գտնվում են մեզ հետ տնտեսական համագործակցության մեջ:

Ինչ վերաբերում է ռազմական համագործակցությանը, ապա երբ մենք խոսում ենք Արցախյան պատերազմից, ապա Արցախի խնդիրը կոնկրետ ներառված չէ որեւէ միջպետական պայմանագրերում, քանի որ Հայաստանը Արցախի վերաբերյալ դեռեւս պահպանում է այնպիսի դիրքորոշում, որ մենք բանակցային գործընթացում ենք եւ չենք կատարում հստակ կամ կտրուկ գործողություններ. այն է` չենք վերահռչակում, թեեւ մենք մեկ անգամ հռչակել ենք ԼՂՀ-ն 1989թ. դեկտեմբերի 1-ին` որպես ՀՀ-ի անքակտելի մաս, որը մենք պետք է շուտով տոնենք, բայց հիմա մենք չենք վերահռչակում եւ դեռես ձեռնպահ ենք մնում անկախության ճանաչումից, որովհետեւ գնում է բանակցային գործընթաց: Արցախի վերաբերյալ ոչ մի պետություն, ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ ԵԱՏՄ-ն չունեն որեւէ պարտավորություն: Արցախի նկատմամբ մենք` որպես հայեր, ունենք սեփական պարտավորություն, բայց ի՞նչ կլինի, եթե ռազմական մեր համագործակցությունը դադարեցվի, եթե դուրս գան ռուսական սահմանապահները Թուրքիայի եւ Պարսկաստանի սահմաններից, եւ մենք ստիպված կլինենք մեր ուժերի մի մասը տեղափոխել մեր արեւելյան ճակատից դեպի արեւմուտք: Ի՞նչ կլինի, եթե չստանանք այն զենքը էժան գներով կամ ավելի լավ պայմաններով` վարկերի տեսքով: Այդ պատճառով մենք պետք է հասկանանք նաեւ, որ տարածաշրջանի բոլոր երկրներն այսօր գնում են դեպի Ռուսաստանի հետ իրենց ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ անգամ ռազմական համագործակցությունը ավելացնելու ճանապարհով: Մենք տեսնում ենք, որ 85 միլիոնանոց Թուրքիան, որն ունի ՆԱՏՕ-ում երկրորդ բանակը, բայցեւայնպես նախագահ Էրդողանը ամեն շաբաթ գնում է Պուտինի մոտ, որպեսզի ճշտի իրավիճակը տարածաշրջանում: Իրանի նախագահը, Սիրիան, Ադրբեջանը, Սաուդյան Արաբիան, այսինքն` տարածաշրջանի երկրները իրենց գործընթացները ճշգրտում են ՌԴ-ի հետ, եւ Ռուսաստանը այսօր` որպես գերտերություն, մեր տարածաշրջանում ունի առաջնային դիրքորոշում: Ավելին` ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների ղեկավարությունը համաձայնել են, որ թե՛ Արցախի հարցում, թե՛ տարածաշրջանի այլ հարցերում նրանք չունեն առաջնային դիրքորոշում, որը կարող եք տեսնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական հայտարարություններում: Հետեւաբար, այն պարագայում, երբ տարածաշրջանում ՌԴ-ի դերակատարությունը կտրուկ աճում է, երբ Սիրիայի հարցում ՌԴ-ն ցույց տվեց ոչ միայն ռազմական, այլ աշխարհաքաղաքական հզորությունը, այսօր հակադրվել, փորձել ինչ-որ բացասական դիրքորոշում ունենալ Ռուսաստանի հանդեպ, ես գտնում եմ, որ շատ վտանգավոր եւ հեռանկարում հայ ժողովրդի դեմ ուղղված քաղաքականություն է: Ես ձեզ վստահեցնում եմ, այն օրը, այն րոպեին, երբ ՀՀ-ն դուրս գա ԵԱՏՄ-ից, այդ վայրկյանից մեր տեղը կզբաղեցնի Ադրբեջանը: Ադրբեջանը երազում է դառնալ ԵԱՏՄ անդամ, եւ Թուրքիան, Իրանը դրան նպաստելու են: Ադրբեջանը ցանկանում է ինքը թելադրել այդ քաղաքականությունը, որն այսօր նա չի կարողանում անել` ԵԱՏՄ անդամ չլինելով: Իսկ դրանով մեծ, շատ մեծ, հսկայական նվեր կտանք Ադրբեջանին եւ Թուրքիային:

Վերջում կոչ եմ անում հիշել մի պարզ դիվանագիտական եւ արտաքին քաղաքական ճշմարտություն. յուրաքանչյուր երկիր հարուստ է իր դաշնակիցներով, յուրաքանչյուր երկիր պետք է կարողանա իր դաշնակիցների հետ էլ ավելի բարելավել իր հարաբերությունները, չեզոք երկրներին դարձնել իր դաշնակիցները, իսկ թշնամի երկրներին դարձնել իրեն չեզոք երկրներ»: 

Արմենուհի Հակոբյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА