ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վանաձոր» ՔԿՀ-ի այլ պաշտոնյաների եւս մեղադրանքներ կառաջադրվեն

18.10.2017 21:15 ՔՐԵԱԿԱՆ
«Վանաձոր» ՔԿՀ-ի այլ պաշտոնյաների եւս մեղադրանքներ կառաջադրվեն

ՀՀ հատուկ քննչական եւ Ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության եւ այլ պաշտոնատար անձանց կողմից հանցագործությունների բազմաթիվ դրվագներով մեղադրանքների պատմությանն անդրադառնալու առիթ ունեցել ենք: Հիշեցնենք՝ կաշառք պահանջելու եւ ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաեւ՝ կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով կալանավորվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 5 ղեկավար եւ նրանց կաշառք տալուն օժանդակած անձը: 


Հանցավոր շղթան, սակայն, պարզվում է՝ այսքանով չի սահմանափակվում: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց նախաքննությանը մոտ կանգնած մեր աղբյուրը. 
- Ներկա պահին նախաքննական մարմինը ակտիվ քննության փուլում է, եւ ենթադրվում է, որ առաջիկայում ՔԿՀ-ի այլ պաշտոնատար անձանց եւս մեղադրանքներ կառաջադրվեն` կաշառքներ ստանալու եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար:

«Խեղճ ու կրակ դատապարտյալներից են ստացել են խոշոր գումարներ»

Մեր աղբյուրը նաեւ անդրադարձավ այլ ուշագրավ մանրամասների.
- Տվյալ ՔԿՀ-ում, այսպես ասած, հարց լուծողները դատապարտված քրեական հեղինակություններն են, եւ նրանց ձեռքին է բերդի ղեկավարման, իրենց լեզվով ասած, «ռուլը»: Իսկ ՔԿՀ-ի պաշտոնյաները կարողանում են միայն խեղճ ու կրակ դատապարտյալների եւ կալանավորների միջոցով իրենց կողմնակի եկամուտն ապահովել: Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նրանք օգտվելով եւ չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, խեղճ ու կրակ դատապարտյալներից եւ կալանավորներից պահանջել եւ ստացել են խոշոր չափի գումարներ: 
- Այն, որ քրեական հեղինակությունները կալանավայրերում օգտվում են մի շարք արտոնություններից, որեւէ մեկի համար նորություն չէ: Ինչո՞վ է այս ՔԿՀ-ն տարբերվում իր գործելաոճով:
 - Շատ բարդ եւ միեւնույն ժամանակ շատ տեղին հարց տվեցիք: Միանգամայն ճիշտ եք, որ բոլոր ՔԿՀ-ներում էլ գրեթե նմանատիպ վիճակ գոյություն ունի: Իսկ թե ինչով է այս մեկը տարբերվում մյուսներից, կդժվարանամ ասել, որովհետեւ, ըստ էության՝ ոչնչով: Պարզապես այս դեպքում «Վանաձոր» ՔԿՀ-ի պաշտոնատար անձինք դարձան քավության նոխազ:

«Վաղեմություն չի ունեցել եւ չի էլ ունենա»

- Իսկ ինչպե՞ս է հաջողվել նախաքննական մարմիններին բացահայտել այդ հանցագործությունների շղթան:
- Տեւական ժամանակ է, ինչ տվյալ ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց հեռախոսազրույցները գաղտնալսվել են: Ու թեպետ նրանք հնարավորինս գաղտնաբառերով են խոսել, ժողովրդի լեզվով ասած, խուլ ու համր ծտերի լեզվով, եւ իրերն իրենց անուններով չեն կոչել, այնուամենայնիվ, բարդ չի եղել բացահայտել փոխակերպված լեզվով խոսելու իմաստը, իրական նպատակները: 
- Որքա՞ն ժամանակ է, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի պաշտոնատար անձինք թաթախված են նման կոռուպցիոն հանցանքների մեջ:
- Ինչպես վերեւում նշեցի, նման արարքները համատարած են գրեթե բոլոր ՔԿՀ-ներում: Ուստի խոսել, թե որքան ժամանակ են պաշտոնատար անձինք դարձել տեղի «զոն նայողների» կամակատարները, պարզապես հնարավոր չէ ասել:

«Կան երկու գլխավոր «զոն նայողներ»՝  Թամազն ու Կուտին»

- Խոսեցինք տեղի զոն նայողների մասին, կարո՞ղ եք այն անձանց անուններ հնչեցնել, որոնք անցնում են սույն գործով:
- Պետք է ասեմ, որ այս կալանավայրում քրեական հեղինակություն ասվածները շատ են եղել, եւ բոլորն էլ գրեթե օգտվել են արտոնյալ պայմաններից: Բայց կան երկու կարեւոր ֆիգուրներ, այսպես ասած` ՔԿՀ-ի գլխավոր «զոն նայողները»: Նրանցից մեկը քրեական աշխարհում հայտնի Թամազն է (Թամազ Ֆեռոյանը), իսկ մյուսը` Արկադի Պապյանը, ով հանցավոր աշխարհում հայտնի է Կուտի մականվամբ:
- Կալանավորված պաշտոնյաները ընդունո՞ւմ են իրենց դեմ առաջադրված մեղադրանքները:
- Ոչ, նրանցից որեւէ մեկը չի ընդունում առաջադրված մեղադրանքները:

Նշենք, որ սույն գործով փաստաբանները եւս դեռ զերծ են մնում մեկնաբանություններ տալուց:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА