ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ունենք կիբերհանցագործությունների հստակ աճ, բայց դրան զուգահեռ՝ ունենք նաեւ բացահայտումների լուրջ ցուցանիշ․ Ոստիկանության փոխգնդապետ

22.09.2017 15:15 ՔՐԵԱԿԱՆ
Ունենք կիբերհանցագործությունների հստակ աճ, բայց դրան զուգահեռ՝ ունենք նաեւ բացահայտումների լուրջ ցուցանիշ․ Ոստիկանության փոխգնդապետ

Կիբերհանցագործություններն արդեն իսկ լրջագույն սպառնալիք են դարձել աշխարհի մասշտաբով: Հայաստանում էլ այդ հանցատեսակը  թեեւ դեռ համաշխարհային մակարդակներից հետ է, սակայն մեր մեջ էլ այն գնալով իր դիրքերն է ամրապնդում: Ի՞նչ է փաստում վիճակագրությունն այս առումով, ովքե՞ր են մեր երկրում կիբերհանցագործների հիմնական թիրախները, ինչպես նաեւª թեմային առնչվող այլ հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով զրուցեցինք ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՒՍ ԿԻԲԵՌՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀՍՏԱԿ ԱՃ ԿԱ»

- Դեռեւս վաղ է տարվա ցուցանիշներն ամփոփել, սակայն կարող եմ ասել, որ Հայաստանում եւս կիբերհանցագործությունների հստակ աճի մասին կարելի փաստել: Եթե անցած տարվա ընթացքում 90 գրանցված դեպքերից 86-ով քրեական գործ էր հարուցվել, ապա այս տարվա միայն 7 ամիսների ընթացքում գրանցվել է արդեն 75 դեպք, որոնցից 70-ով` հարուցվել է քրեական գործ: Խոսքը գնում է ՀՀ-ում գրանցված ամբողջ այն հանցագործությունների մասին, որոնք կատարվում են տեղեկատվական տիրույթում, տեղեկատվական համակարգերի դեմ կամ` տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ: Այն է` հափշտակություն համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, պոռնոգրական նյութերի տարածում կամ ավելին` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ մանկական պոռնոգրական նյութերի ցուցադրում եւ այլն:


- Դատապարտյալների ներգրավվածությունը այս հանցագործության մեջ ինչպիսի՞ն է: Հաճախակի ենք լսում ուղղակի կալանավայրերից կատարվող կիբերհանցագործությունների մասին:


- Անկեղծ ասած, հետաքննության փուլում բավականին աղոտ են դեռեւս նշմարվում հանցագործի ինքնությունը կամ նրա գտնվելու վայրը: Սակայն կարող եմ ասել, որ, այո, ունենք բազմաթիվ դեպքեր (գրանցվել են նաեւ այս տարի), երբ քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող անձինք կատարել են քրեորեն պատժելի կիբերարարքներ: 

ԿԻԲԵՐՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ` ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐԻ ՎՐԱ

- Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ, երբ տեղեկատվություն տարածվեց, որ որոշ բանկերի վրա տեղեկատվական գրոհ է իրականացվել: Ի՞նչ կասեք այս մասով, որտեղի՞ց էր կազմակերպվել այդ հանցագործությունը:


- Քանի որ այդ գործը մեր վարույթում չի գտնվում եւ, մենք բավականին քիչ ենք առնչվել, չեմ կարող շատ բան ասել: Գիտեմ, որ դա տեղի է ունեցել արտաքին միջամտության արդյունքում: Որքանով որ ես եմ տեղեկացված` բանկոմատների մեջից հնարավոր է եղել գումարներ հափշտակել, ընդ որում` բանկոմատներն իրենք էին տալիս: Դա, կարծես թե, կատարվել է որոշակի ծրագրերի օգտագործմամբ:


- Պարոն Հարությունյան, շատ են դեպքերը, երբ սոցիալական ցանցերի միջոցով մի օգտատերը մյուսին վիրավորում, հայհոյախառն խոսքեր է հնչեցնում: Ի՞նչ անել նման դեպքում:


- Հայհոյանքը քրեորեն պատժելի արարք չէ այլեւս: Մինչեւ 2010թ.-ը դա «Վիրավորանք» հոդվածի մեջ էր ներառված, որի համար քրեական պատասխանատվության կարող էին ենթարկվել: 2010-ից ՀՀ-ում առաջին անգամ փորձ է արվել դա բարոյական վնասի տեսքով ներկայացնել եւ փոխհատուցման հնարավորություն տալ վիրավորանքի եւ զրպարտման համար: Ինչը եւ տեղ է գտել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում:


«ՇՈՐԹՈՒՄՆԵՐԻ, ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԳՐԱՆՑՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ»

- Հետաքրքիր են նաեւ տվյալները կիբերհանցագործության մեջ անչափահասների ներգրավվածության մասին:


- Անչափահասները հիմնականում տուժողի դերում են: Կամ որ ավելի վատ է, կատարողի, սակայն այնպիսի հանցագործություններում, երբ անչափահասները իրենք էլ երբեմն չեն էլ պատկերացնում: Շատ հաճախ անչափահասները, ընկնելով, այսպես ասած, տղայական ազարտի հետեւից, նման հանցագործություն են կատարում` չգիտակցելով այդ մասին: Ինչպես օրինակ, որոշ ծրագրերի օգտագործմամբ անչափահասները կարողանում են տիրանալ որեւէ օգտատիրոջ գաղտնաբառին կամ մուտքանվանը, եւ փոփոխել դրանք, ինչն արդեն իսկ առկա է, քրեորեն պատժելի արարք է:


- Այս պահին հարուցված քրեական գործերով` անչափահասներ անցնո՞ւմ են:


- Դեպքեր ունենք, երբ կատարող անձը անչափահաս է: Ասենք, օրինակ, ՀՀ քրեական օրենսգրքում առկա 142 հոդվածն անառակաբարո գործողություններին է վերաբերում, իսկ այդ հոդվածի 6-րդ կետը ենթադրում է, որ դա կարող է լինել ինտերնետ հաղորդակցության միջոցով: Ընդ որում` իրավաստեղծը հաշվի է առել, որ այդպիսի հանցագործություն հնարավոր է իրագործել նաեւ օգտագործելով ինտելեկտուալ բնույթի զրույցները: Այսինքն, անչափահասի հետ կարող են խոսել այնպիսի թեմաներով, որոնք վերաբերում են անմիջականորեն սեռական հարաբերություններին, կամ ասենք հաղորդագրություններ են ուղարկում, որոնք անչափահասի մոտ ոչ նորմալ սեռական հակումներ առաջացնող ինչ-որ երեւույթներ են առաջ բերում: Դրանք կարող են լինել ինչ-որ բացականչություններ, արտահայտություններ. ամեն դեպում իրավաստեղծը այդպես է մեկնաբանում այդ հանցագործության տվյալ դրսեւորումը:


- Կիբերհանցագործությունները առավել շատ գրանցվում են մարզերո՞ւմ, թե` մայրաքաղաքում:


- Նման հաշվառում չենք արել, քանի որ դա կոնկրետ մեր` օպերատիվ ծառայության համար որեւէ նպատակ չի կրում: Սակայն իմ սուբյեկտիվ դիտարկման արդյունքում կարող եմ ասել, որ շորթումների, սեռական ոտնձգությունների դեպքերն ավելի շատ գրանցվում են մարզերում: Տեսեք, օրինակ, Վայոց ձորի մարզում 14 տարեկան անչափահասը տատիկի քարտից 1 միլիոն դրամ էր հափշտակել: Բայց նման դիտավորություն չէր ունեցել, պարզապես տատիկի քարտի տվյալները փոխանցել էր համապատասխան խաղային սերվերներին եւ խաղացել էր մեկ միլիոն դրամի չափով: Կամ, ասենք, մեկ այլ անձ տիրացել էր իրենց հարեւան շենքից մի բնակչի «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի էջին:

«ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ ԵՆ ԳՆԱՑԵԼ ՆԻԳԵՐԻԱԿԱՆ IP ՀԱՍՑԵՆԵՐԻ»

- Եթե ամփոփենք, կիբերհանցագործությունների աճին զուգահեռ ինչպիսի՞ն է բացահայտումների տոկոսը:


- Ինչպես արդեն նշեցի, ունենք ինտերնետային հանցագործությունների հստակ աճ: Բայց նաեւ ունենք բացահայտման լուրջ ցուցանիշ: Հաշվի առնելով տվյալ հանցագործությունների անդրսահմանային բնույթ կրելը, պետք է փաստեմ, որ այս հանցագործությունների դեպքում չբացահայտված տոկոսը բավականին արդարացված է: Պատկերացրեք` ասենք Նիգերիայում գտնվող որեւէ սերվերային համակարգից կատարվել է հանցագործություն. IP հասցեների սլաքները տանում են դեպի Նիգերիա: Այսօր ամբողջ աշխարհն է տառապում, որպեսզի բացահայտի այլ երկրից կատարվող կիբերհանցագործությունները: Նիգերիական նամակներ ասվածը պատահական բառեր չեն, բազում մարդիկ են տուժել ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում: Միլիոնավոր դոլարներ են գնացել Նիգերիա` նիգերիական IP հասցեների, մինչդեռ դրանք պրակտիկորեն չբացահայտվող քրեական գործեր են: 
Գոնե հիմա ուրախությամբ կարող եմ փաստել, որ միջազգային համագործակցությունը հասել է այն մակարդակի, որ ունենք հստակ առաջխաղացում հանցագործությունների բացահայտմանը ուղղված: Առաջ կարող էինք հարցում ուղարկել, եւ այն կարող էր անպատասխան մնալ: Հիմա գոնե հարցումներին ինչ-որ մի բան պատասխանում են, թեկուզ` ոչինչ չասող: Բայց անգամ նման պատասխան կարող է օգնել` հստակեցնել ճանապարհը, որով կատարել են հանցագործությունը:

 

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА