ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈՒ ԱԿՏԻՎԱՑԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ  ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ  ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

07.06.2017 20:15 ԶԱՐԿԵՐԱԿ
ԻՆՉՈՒ ԱԿՏԻՎԱՑԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ  ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ  ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Դեռ հազիվ էր ավարտվել վարչապետի եւ կառավարության մյուս անդամների նշանակման գործընթացը, որ անմիջապես էլ շրջանառության մեջ մտան համառ խոսակցություններ, թե՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջիկայում հրաժարական է տալու: Իհարկե, այդ խոսակցությունները տարօրինակ տեսք ունեին. ինչու  էր նշանակվում, եթե անմիջապես  էլ պետք է հրաժարական տալ: Չնայած այդ պարզ տրամաբանությանը, հրաժարականի խոսակցություններն այնքան ակտիվացան, որ ստիպված էր արձագանքել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, թե՝ նման բան չկա: Ու այդ դեպքում, էլ ավելի է կարեւորվում հարցը, թե ինչո՞վ են պայմանավորված նման ակտիվությամբ հրաժարականի մասին ակնհայտորեն հորինված խոսակցությունները: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցել է հայաստանյան փորձագետների հետ:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կարծիքով՝ շատերն առանձնահատուկ երջանիկ սպասելիքներ ունեն, թե երբ պետք է կառավարությունը ձախողվի. «Շատերը փորձում են ցանկալին ներկայացնել, որպես իրողություն, սակայն գիտենք, որ իրականությունը բոլորովին այլ է: Միանգամայն համամիտ եմ նախագահ Սերժ Սարգսյանի մեկնաբանության հետ, որ այսօր կառավարության ղեկավարի հրաժարականի համար որեւէ հիմք չկա: Կառավարությունը հետընտրական գործընթացում է, ձեւավորվել է եւ ներկայումս մշակում է իր գործունեության ծրագիրը: Համոզված եմ, որ այդ ծրագրում ներառվելու են դրույթներ, որոնք ապահովելու են  ոչ միայն ՀՀԿ նախընտրական ծրագրի հիմնական դրույթները մինչեւ 2020 թվականը, այլեւ՝ ազգային ժողովի առաջին նիստում ՀՀ նախագահի ուղերձում հնչեցրած այն միտքը, որ ժամանակն է մենք մտածենք պլանավորման եւ կանխատեսման ավելի երկարաժամկետ տնտեսական հորիզոնների մասին: Հետեւաբար, կառավարության խնդիրն է այսօր նախատեսել այդ տնտեսական առաջընթացն ապահովող համակարգային նախադրույթները: Իսկ հրաժարականի մասին  հարցերին պետք է պատասխանեն նրանք, ովքեր այդպիսի լուրեր են տարածում: Այդ նրանք պետք է հիմնավորեն իրենց ասածը, սակայն, հավատացնում եմ, որեւէ օբյեկտիվ ցուցիչ չեն ասի: Կրկնում եմ` շատերը ցանկալին փորձում են ներկայացնել իբրեւ իրողություն: Առանց հասկանալու, որ կառավարության ձախողումը` բոլորիս ձախողումն է»:
Մանկավարժական համալսարանի քաղաքագիտության եւ իրավունքի ամբիոնի վարիչ, քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ խոսքով. «Եթե հրաժարական չտա, ապա կմնա հաջորդ տարվա վարչապետի թեկնածուներից մեկը: Իմ կարծիքով` ներկայիս վարչապետը պետք է շարունակի պաշտոնավարել, որպեսզի հաջորդ տարի այդ պաշտոնի համար մրցապայքար լինի: Ի վերջո, Հայաստանում մրցակցություն պետք է լինի՞, թե` ոչ: Ընտրություններում հսկայական զանգված, հատկապես՝ երիտասարդները ընտրել են վարչապետին, ինչի արդյունքում ձայներն անցել են իր կուսակցությանը: Ամեն դեպքում, այս խոսակցությունները բացասական երանգներ ունեն եւ չեն բխում պետության շահերից»:
«Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության» կենտրոնի ղեկավար, քաղաքական եւ միջազգային փորձագետ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑՅԱՆԸ եւս նայում է 2018թ.-ին. «Կառավարման նոր համակարգի ներդրումը նախատեսում է նաեւ կառավարության փոփոխություն, ուստի վարչապետի հրաժարականի մասին խոսակցությունների ակտիվացումը նախանշում է հաջորդ տարվա փոփոխությունների մասին: Չնայած, այս պահին այդ խոսակցություններն անիմաստ են, եւ կարծում եմ` խոսքն այս տարվա մասին չէ»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА