ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ  ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԵԾ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ

16.05.2017 22:15 ՍՊՈՐՏ
ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ  ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԵԾ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ


Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, պորտուգալացի մասնագետ ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ գործնականում ձախողել է Պրեմիեր լիգայի դեռեւս ընթացիկ մրցաշրջանը: Անգլիայի առաջնության նախավերջին տուրում մանչեսթերցիները սեփական հարկի տակ պարտություն կրեցին «Տոտենհեմից»՝ 2:1 հաշվով:Անդրադառնալով այս պարտությանը` Մոուրինյոն նշել է. «Գոհ եմ ֆուտբոլիստների անհատական խաղից, սակայն երկու վատ գնդակ բաց թողեցինք: Ոմանք ասում են, որ շեշտը դրել ենք Եվրոպա լիգայի վրա, սակայն դա այպես չէ: Չենք կարող երկու կարեւոր մրցաշարերում հանդես գալ 15 ֆուտբոլիստներով: Չափազանց շատ վնասվածքներ կան, այդ պատճառով վերջին երկու խաղերում փորձարարական կազմով էինք հանդես գալիս: Իհարկե, ներկա պահին ԱՊԼ-ի հանդիպումները մեզ համար այդքան էլ մեծ նշանակություն չունեն, դրանք ընդամենը մի քանի խաղեր են, որոնք մենք չենք ցանկանում խաղալ: Փորձում եմ պաշտպանել ֆուտբոլիստներին, ովքեր պետք է խաղան Եվրոպա լիգայի եզրափակչում: Չեմ ցանկանում մտածել հաջորդ մրցաշրջանի մասին, այլ՝ այս եզրափակչի»:
Թե ինչու է Մոուրինյոն Պրեմիեր լիգայի փոխարեն շեշտը դրել Եվրոպա լիգայի վրա, պարզ է: Այստեղ թիմը հասել է վերջնակետին՝ եզրափակչին, որը հաղթահարելու դեպքում հաջորդ մրցաշրջանում տեղ կգտնի Չեմպիոնների լիգայում: Մինչդեռ ազգային առաջնությունում դրա համար պետք է չորրորդ տեղը գրավել, որի շանսերը Մոուրինյոյի համար ռեալ չեն:
Եվրոպա լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցն է Ամստերդամի «Այաքսը»: Այս եզրափակիչը առանձնահատուկ է նաեւ Մխիթարյանի համար, ով այս առնչությամբ շնորհակալություն է հայտնել իրեն սատարող երկրպագուներին. «Երբ երեխա էի, կարող էի միայն երազել, որ մի օր դուրս կգամ մեծ եվրոպական եզրափակիչ»,- Թվիթերում գրել է Մխիթարյանը՝ հրապարակելով մանկության տարիների լուսանկար Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնից: 
Իսկ Ուելսի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոբի Սեւիջը, ամփոփելով Մոուրինյոյի եւ վերջինիս թիմի ձեռքբերումներն այս մրցաշրջանում, հույս է հայտնել ավելի դիտարժան խաղ տեսնել մանչեսթերցիների կատարմամբ առաջիկայում. «Մոուրինյոյի համար հաջող մրցաշրջան կլինի, եթե նրան հաջովի 2 գավաթի տեր դառնալ եւ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել: Նա լավ ձեռքբերումներ է արել: Մխիթարյանը հիանալի ձեռքբերում է, Բային նույնպես լավն է, Զլատանը, որի վրա փող չծախսեցին, մի մրցաշրջանի ընթացքում 28 գոլ է խփում: Թիմը խաղում էր 4 մրցաշարում, եւ դրանից 2-ում հաղթելը արդեն լավ արդյունք է: Սակայն հույս ունեմ, որ հաջորդ մրցաշրջանում ՄՅՈւ-ի խաղում փոփոխություններ կլինեն, հիմա նրանց խաղը այդքան էլ դիտարժան չէ»,- նշել է 42-ամյա մասնագետը:
Հավելենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին՝ Ստոկհոլմում:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА