Լոռվա մարզն է վտանգվում՝ դառնալով սահմանամերձ. Գառնիկ Դանիելյան
ԹեմաԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ գնահատմամբ` Հայաստանի գործող իշխանությունը պատրաստվում է բավարարել Ադրբեջանի բոլոր պահանջները եւ փուլ առ փուլ հանձնել հայկական գյուղերը, այդ թվում՝ Տիգրանաշենը:
— Նախ ասեմ, որ Հայաստանից Վրաստան գնացող ճանապարհը հինգ կետով հատում ունի այդ տարածքների հետ։ Դրանք Ոսկեպարի եւ Կիրանցի հատվածում են։ Երկրորդ` 90-ական թվականներից Տավուշի մարզում ձեւավորվել է պաշտպանական գիծ, որը մեզ թույլ է տվել հաղթանակ տանել։ Այդ գերիշխող դիրքերը հիմա անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ: 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական կողմը Տավուշի ուղղությամբ հարձակում չի իրականացրել` մի պարզ պատճառով, որովհետեւ տարիներ շարունակ այնտեղ ամրաշինական աշխատանքներ են իրականացվել։ Այսինքն, այդ ամբողջ պաշտպանական գիծն անցնելու է Ադրբեջանին եւ Հայաստանի հյուսիսային պաշտպանական գիծն ամբողջությամբ կազմաքանդվելու է: Հաջորդը, որ հայ հանրությունը պետք է իմանա, Ռուսաստանից Հայաստան մտնող գազամուղն է, որ անցնում է այդ տարածքով, եւ որը դավաճանների քայլերի հետեւանքով անցնելու է թշնամու վերահսկողության տակ։ Այս ամենի հետեւանքով` նաեւ Լոռվա մարզն է վտանգվում՝ դառնալով սահմանամերձ։