Որ պաշտոնյան է ամենաշատը վիրավորվում ԶԼՄ-ներից ու լրագրողներից
Ներքաղաքական2022-23թթ. ընդդեմ ԶԼՄ-ների ու լրագրողների ներկայացված է եղել 71 դատական հայց, դրանցից մեկի վերաբերյալ կա վճիռ: Այս մասին «Վիրավորանքի ու զրպարտության հիմքով դատական գործերն ընդդեմ ԶԼՄ-ների ու լրագրողների. խնդիրներ եւ միտումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ ԱՇՈՏ ՄԵԼԻՔՅԱՆԸ: Նա պաշտոնյաների հետ ունեցած իր հաճախակի հանդիպումներից փակագծեր բացեց:
«Շատ ժամանակ իրենք չեն էլ թաքցնում, որ այդ դատական գործերն իրենց համար կարեւոր են ոչ միայն ինֆորմացիան հերքելու, ներողությունով սահմանափակվելու համար, այլ ֆինանսական փոխհատուցում պահանջելու, որպեսզի ցավ զգան ԶԼՄ-ները: Կարծում եմ` այստեղ կրթվելու անհրաժեշտություն կա, որովհետեւ երբ ասում ես Եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, մի քիչ այլ կերպ են պատկերացնում: Չի հիմնավորվում, թե ինչու ներողությունը բավարար չէր: Վերջերս ԱԺ նախագահը իր դժգոհությունն էր հայտնում ԲԴԽ նախագահին, որ դատարանները շատ քիչ են փոխհատուցումները հաստատում, գոնե դատական ծախսերը բավարար չափով հաստատվեին: Դա ընկալվում է որպես մեսիջ, որ դատական ծախսերը բավարարեք»,- ընդգծեց Մելիքյանը:
Թե ո՞ր պաշտոնյաներն են ավելի շատ դատական հայցեր ներկայացրել՝ ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն առաջին հերթին նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: