Ավանեսյանը վարվեց քերոբյանաբար
ԹեմաԻնչպես ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն էր ժամանակին բացառում, որ իր ղեկավարած նախարարությունում առկա կոռուպցիոն շղթան կարող է հասնել իրեն, իսկ հետո դարձավ մեղադրյալ, հիմա նույնկերպ էլ առողջապահության նախարար ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆՆ է դասեր չքաղած` նույնպիսի ինքնավստահություն դրսեւորում:
Անդրադառնալով Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն, դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր Մհեր Բիշարյանին առաջադրված մեղադրանքին (պաշտոնեական դիրքի չարաշահում)` Անահիտ Ավանեսյանն ասաց, որ գործի մասին տեղյակ է այնքանով, որ Քննչական կոմիտեն ներկայացրել էր պաշտոնի կասեցման մասին որոշում:
— Այս պահին պարոն Բիշարյանի պաշտոնավարումը կասեցված է: Ուրախ եմ, որ դատարանը որոշում է կայացրել կալանքի մասին որոշումը չբավարարել: Ընթացքում պարոն Բիշարյանը երբեք չի խուսափել որեւէ հարցաքննությունից:
— Առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն այս գործը համարել է անհիմն եւ ասել, որ դատախազության փչած հերթական փուչիկն է: Ի՞նչ կասեք այս մասին:
—Այն, ինչ ես տեսել եմ գործի մեջ, ինձ համար շատ հիմնավոր է: Գործի վերաբերյալ դրանք ապացույցներ չեն հանդիսանում, բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Կարծում եմ, որ անձն անմեղ է` մինչեւ դատարանը վճիռ չկայացնի: Ներկայացված հիմնավորումներն փաստորեն ինձ լուրջ բան չթվացին:
— Տպավորություն է, որ Էկոնոմիկայի նախարարությունից հետո Ձեր նախարարության շուրջ են կոռուպցիոն սկանդալները հասունանում: Այս առումով` մտավախություն չունե՞ք, որ հաջորդ փուլում կարող է Ձեր դեմ իրավական գործընթացներ սկսվեն:
— Չգիտեմ ինչ վիճակագրություն եք վարում՝ այդպիսի եզրահանգումների հասնելու համար, ես որեւէ մտահոգություն, մտավախություն չունեմ եւ վստահ եմ, չեմ էլ ունենալու: