3-ամյա թատրոնը բավականին հին պատմություն ունի
ՄշակութայինԱյս տարի կլրանա 3 տարին, ինչ Երեւանում` Սասունցի Դավիթ արձանի հարեւանությամբ, գործում է «Թատրոն Կայարանը»: «Իրավունքի» հետ զրույցում թատրոնի փոխտնօրեն ԱՆԴՐԱՆԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ` ԱՆԴԻՆ, պատմեց, որ այն մշակութային տանը, որտեղ հիմա թատրոնն է գործում, ժամանակին եւս եղել է թատրոն:
— Մեր մնացած թատրոնների շարքում ինքը բավականին հին է իր պատմությամբ: ժամանակին երբ Հակոբ Պարոնյանի անվան երաժտական կոմեդիայի պետական թատրոնը վերանորոգման մեջ էր, այստեղ են խաղացել լուսահոգի Կարպ Խաչվանքյանը, Խորեն Աբրահամյանը, Սվետլանա Գրիգորյանը, Մելինե Համամջյանը եւ այլք...
— Պարոն Սողոմոնյան, այն ժամանակ ե՞ւս «Թատրոն Կայարան» է կոչվել:
— Ոչ, եղել է «Երկաթգծի կուլտուրայի պալատ», իսկ հիմա մեր շնորհիվ` «Թատրոն Կայարան»: Այժմ հենց այդ կուլտուրայի պալատի շենքում էլ գործում է մեր թատրոնը:
— Թատրոնի դերասանական կազմն ինչպիսի՞ն է:
— Մեր թատրոնի դերասանական կազմը բաղկացած է պրոֆեսիոնալ դերասաններից: Եվ դա նույնիսկ նկատում է հանդիսատեսը: Ի վերջո, այն ինչ-որ մենք անում ենք, ֆիլմ չէ, որ կարողանանք հետո թերությունները շտկենք: Սա թատրոն է, որտեղ ներկայացումների միջոցով կա կենդանի շփում հանդիսատեսի հետ: Եվ հանդիսատեսը դա զգում է:
— Փաստորեն, թատրոնի դերասանական կազմում սկսնակներ չկա՞ն:
— Ոչ, մեզ մոտ սկսնակ դերասաններ չկան: Ի դեպ, ասեմ, որ թատրոնն իր բազմաժանր լինելու հետ մեկտեղ նաեւ բաց է համագործակցության առումով թե՛ ռեժիսորների ե՛ւ թե դերասանների հետ: Արդեն թատրոնում ունենք երկու հրավիրյալ ռեժիսոր` Հրանուշ Չիչաքյան, Ռիմա Հովեյան: Եվ թատրոնի նախաձեռնությամբ արդեն երկու նոր ներկայացում նրանք բեմադրել են, որը սիրվել է հանդիսատեսի կողմից: Մեկը` մեծերի, իսկ մյուսը մեր փոքրիկ հանդիսատեսի համար է:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ