Քաղաքացու ընտրությունը ոչ մի բան է այս իշխանության համար. Թագուհի Թովմասյան
ՆերքաղաքականԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ կարծիքով` «ժողովորդավարության բաստիոն» կոչվող Հայաստանում քաղաքացիների քվեն ոչինչ չարժե Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, որովհետեւ ՏԻՄ ընտրության արդյունքների հետ ՔՊ-ն ուղղակի չի հաշտվում։
— Տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրություններ են կազմակերպում, սակայն այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտվում է, անմիջապես ձեռնամուխ են լինում բոլոր հնարավոր մեթոդներով, որպեսզի քաղաքացու ձայնը լսելի չդառնա: Այսինքն՝ քաղաքացու ընտրությունը ոչ մի բան է այս իշխանության համար: Վերջին աղմկահարույց դեպքը Ալավերդիում տեղի ունեցածն էր, երբ ուղղակի բռնությամբ զավթվեց իշխանությունը, ճնշումներ գործադրելով ընդդիմադիր ներկայացուցչի նկատմամբ, դրան ներգրավվեց նաեւ ԱԺ իշխանական պատգամավորը, որ խոսում էր ինչ-որ ժողովրդավարությունից: