Ինչ սպասել Գրանադայում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից
Ներքաղաքական
Ի՞նչ սպասել հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայանալիք Փաշինյան-Ալիեւ հանդիպումից, արդյոք այսքանից հետո հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ փակագծեր է բացում:
— Եթե մենք ելնենք նրանից, որ մի գիծը ՌԴ-ն է, մյուսը` Արեւմուտքը, եւ ՌԴ-ն եթե ուզում է, որ պայմանագիր ստորագրվի իրենց միջնորդությամբ, ուրեմն` իրենք բոլոր լծակներն օգտագործելու են, որ ստանան այն, ինչ ուզում են: Կհաջողվի, թե` ոչ, չեմ կարող ասել: Բայց այն, որ ճնշում լինելու է, դա ակնհայտ է: Բայց դու ինչպե՞ս ես գնում խաղաղության մասին պայմանագրի ստորագրման այն դեպքում, երբ մյուս կողմը քո տարածքը զբաղեցրել է, պատանդ է վերցրել քո քաղաքացիներին։ Դու գնում ես բանակցելո՞ւ, թե այնպես պիտի բանակցես միջնորդների հետ, որ մինչեւ այդ հարցերը չկարգավորվեն, դու չանցնես մյուս հարցերին: