ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԱհա գլխավոր գերագույն կապիտուլյանտի գործունեության արդյունքը` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն զարմանալի հայտարարությամբ է հանդես եկել. «Հայաստանը չպետք է միջամտի հայ բնակիչների հետ Ադրբեջանի երկխոսությանը»: Արդեն այնքան են լկտիացել, որ ցեղասպանությունը, էթնիկ զտումը կոչում են «երկխոսություն»: Ավելին, Բաքուն հայտարարում է. «...Լավ կլինի, որ հայկական կողմը, խաղաղապահ ջանքերին խոչընդոտելու փոխարեն, կեղծ ու սուտ հայտարարություններ չանի, խոսքով ու գործով հարգի մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Հայաստանի՝ սրան հակասող գործողությունները և հայ բնակիչների հետ Ադրբեջանի երկխոսությանը միջամտելը միջամտություն է մեր երկրի ներքին գործերին և հակասում է տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու մասին Հայաստանի հավակնոտ հայտարարություններին»: Այսինքն` խունտայի լրիվ չմոյական վարքագծի հետևանքով հասել ենք նրան, որ թուրքն ասում է` մենք ձեզ պիտի կոտորենք, բայց դուք պիտի չհամարձակվեք անգամ դա արձանագրել և բողոքել մեր «ինքնիշխան» յաթաղանի դեմ: Եվ այսքանից հետո դեռ նիկոլականներին բարև տվող կա...
Իսկ կապիտուլյանտի սիրելին` ՇԱՌԼ ՄԻՇԵԼԸ, իր երեսպաշտությամբ զարմանալիորեն չի զիջում Բաքվին. «Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ այժմ առանցքային է»: «Կարևոր է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից ու երկխոսության նպատակ ունենալ: Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում: Համարձակ որոշումներ են պետք»: Ի՞նչ «համարձակ որոշումներից» է խոսում այս երկերեսանին` համարձակ էթնիկ զտումների՞ց... Եթե դատենք հենց իր Եվրոպայում` Կոսովոյում, թրքամետ ալբանացիների համարձակ բռնությունները սերբերի նկատմամբ, ապա հենց դա նկատի ունի: «Կարևոր է միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը վերահաստատելու և սահմանների դելիմիտացիայի ուղղությամբ առաջընթացի համար, ինչպես նաև սահմանամերձ տարածքներում ռիսկերը նվազեցնելու համար»,- նշել է Միշելը, սակայն զարմանալի է, ի՞նչ «ռիսկերի նվազեցումից» է բարբառում: Օրինակ, մայիսի 28-ին հենց Տաթևի վանական համալիրի գլխավոր մուտքի մոտ տեսա մի սուրու եվրադիտորդներ` իրենց ավտոմեքենաներով հանդերձ: Փոխանակ սահմանագծին դիտեն, վերընկած էին այնտեղ, ուր դիտարկելու բան չկար:
Ժողովուրդը ճիշտ է ասում, որ «լավություն անողի գլուխը ծակ է», դա զարմանալիորեն երևում է նախկին գլխավոր հարկադիր կատարող ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ պարագայում: Մինչ ԱԱԾ-ն, Աբազյանով հանդերձ, քնած էր երկարականջ կենդանու ականջում, Միհրան Պողոսյանն ահազանգում է Աբազյանին, որ բանանի արկղերը պահեստում դատարկելիս հայտնաբերվել է 1 տոննա կոկաին, Աբազյանին ուղղված նրա ձայնային հաղորդագրությունը լսել ենք բոլորս, բայց արդյունքում քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել «նաև հանցավոր խմբի անդամներ, «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ Մ.Պ-ի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին»: Հիմա ասեք` եթե չլիներ Մ. Պողոսյանի ահազանգը, ԱԱԾ-ն այդ թմրանյութն արդյո՞ք կգտներ, թե՞ Իտալիայում գտածի նմանությամբ մինչև հիմա լուրի կսպասեինք:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ