ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՍալամ, քարդաշլար: Մեզ այլևս ոչ թե զարմանալի, այլ օրինաչափ է թվում, որ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ի համար Նիկոլը դարձել է աչքի լույս. «Մայիսի 14-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի վարչապետի միջև այս ձևաչափով Եվրոպական խորհրդի նախագահի կողմից կազմակերպված հինգերորդ հանդիպումը օգտակար և արդյունքային ենք համարում երկու երկրների հարաբերությունների կարգավորման օրակարգն առաջ մղելու առումով: Հանդիպման ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղ համաձայնագրի նախագծի համաձայնեցման, սահմանների սահմանազատման և հաղորդակցության վերականգնման ոլորտներում կոնկրետ արդյունքների հասնելու համար: Հատկապես կարևոր է պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի ևս մեկ հաստատումը, Հայաստանի կողմից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության ընդունումն այս համատեքստում»: Հո իզուր չէ, որ Նիկոլի համար թուրքը և դավաճանը այլևս ոչ թե վիրավորանք է, այլ փաղաքշանք: Ասում են, թե Էրդողանն ու նրա մրցակիցը իրար անպատվել են` մեկը մյուսի մեջ հայկական արյուն փնտրելով: Մի՛ կռվեք, երկուսդ էլ ռադ եղեք և Թուրքիայի նախագահ կարգեք զտարյուն թուրք Նիկոլին:
Իսկ մեր երկրում զարմանալիորեն թուրքը կարծես թե ոչ թե ազգային պատկանելություն է, այլ դարձել է սեռավարակի պես մի բան: Օրինակ, Նիկոլից թուրք են ընկել մեծ թվով դատավորներ, այդ թվում` փառապանձ գեներալ ԳՐԻԳՈՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ կալանքը երկարացրած դատավորը: Լիովին կիսում ենք պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատականը. «Շատ դժվար է քաղաքակիրթ բառապաշար ընտրել այն դատավորին բնութագրելու համար, ով քիչ առաջ 3 ամսով երկարաձգեց գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը: Քաղաքական պատվեր իջեցնողից, այսպիսի խայտառակ ապօրինություններ թույլ տվող դատավորից մինչև թուրք-ադրբեջանական ցանկություններ բավարարողները հավասարապես հանձնողի պիտակ են կրում: Դավաճանությունը պոզով-պոչով չի լինում. մեկը հող է հանձնում, մեկը ընկերոջն է ծախում, մեկը` սեփական պատիվն ու արժանապատվությունը: Մարդ ինչ աստիճանի ստորացված պետք է լինի, որ հանուն Նիկոլի քաղաքական որոշում կայացնի»: Դե ինչ ասես, եթե 2021-ին նույն Նիկոլից թուրք են ընկել 688 հազար ընտրողներ, ապա զարմանալի չէ, որ նույնը պատահել է ինչ-որ դատավորի հետ:
Ինչպես հայտնի է, տխրահռչակ Բաբայան Սյամոն հերթական ավանտյուրան նախաձեռնելու շրջանակներում Ստեփանակերտում «փրկչական» հանրահավաք էր կազմակերպել: Սակայն ոչ պակաս զարմանալի է Արցախի նախագահ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կեցվածքը. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքի մասնակիցների հայտարարությունը: Ելնելով ԱՀ Սահմանադրությամբ իմ ստանձնած պարտավորություններից ու լիազորություններից, հավաքին մասնակցած մեր քաղաքացիների նկատմամբ հարգանքից, հաշվի առնելով լսված լինելու նրանց իրավունքը՝ որոշել եմ ընդառաջ քայլ կատարել: Ուստի, հավաքի ներկայացուցիչներին առաջարկել եմ վաղվանից սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ եմ օգտագործել յուրաքանչյուրի գիտելիքները և փորձը՝ ի նպաստ մեր երկրի անվտանգության, խաղաղության և մեր ժողովրդի բարօրության»: Տո զահրումար երկուսիդ էլ, այդ ի՞նչ խաղեր եք խաղում հայոց հողի այդ կտորի վրա, ուր արդեն աթոռ դնելու տեղ էլ չի մնացել:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ