Թոմաս Անդերսը երեւանյան բեմում իրեն հրաշալի էր զգում
Արխիվ 16-20
Օրերս Երեւանում տեղի ունեցավ ԹՈՄԱՍ ԱՆԴԵՐՍԻ եւ գերմանական «Մոդեռն Թոքինգ» բենդի համերգը: Չնայած այս խմբին եւ նրա կատարումներն ավելի շատ կհիշեն ավագ սերնդի ներկայացուցիչնեըը, քանի որ խումբն առավել հայտնի է եղել 1980-ականներին, այդուհանդերձ համերգին դահլիճում նոր սերնդի ներկայացուցիչների պակաս չէր զգացվում: Խմբի հիթ դարձած երգերը Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիր էին բերել ինչպես հայերի, այնպես էլ մեծ թվով իրանցի զբոսաշրջիկների, որոնք այս օրերին Երեւանում նշում են իրենց Ամանորը: Չնայած համերգըը մեկ ժամ ուշացումով սկսվեց, բայց Թ. Անդերսի եւ «Մոդեռն Թոքինգի» հավատարիմ հանդիսատեսը չլքեց դահլիճը եւ համբերատարությամբ սպասեց համերգի սկսվելուն: Իսկ երբ Թոմաս Անդերսը հայտնվեց բեմում, դահլիճը պարզապես պայթեց ծափահարություններից, որին ի պատասխան արտիստը ասաց.«Հրաշալի է, ամեն ինչ հրաշալի է»: Մի քանի երգ կատարելուց եւ հանդիսատեսի ջերմությանն արժանանալուց հետո, Թոմաս Անդերսը խոստովանեց, որ շատ երկրների բեմերում է եղել, սակայն Երեւանի հանդիսատեսն ուրիշ է.«Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք, շնորհակալ եմ, որ այդքան ջերմ եք»,-նշեց երգիչը: Տեսնելով, որ հանդիսատեսը նկարում է, երգիչը որոշեց անմասն չմնալ եւ գրպանից անմիջապես հանեց բջջայինը.«Դուք ինձ եք նկարում, ես էլ ցանկանում եմ ձեզ նկարել»,-ասաց նա եւ նկարեց բեմի առջեւ պարող հանդիսատեսին:
Մինչեւ երեւանյան համերգը, Թոմաս Անդերսը Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով դիմել էր իր երկրպագուներին, հասկանալու համար, թե Երեւանում հատկապես որ երգը կցանկանային լսել.«Իմ ֆեյսբուքյան ընկերները տարբեր երգեր էին առաջարկում, բայց ընտրեցի մեկը, որը սիրով նվիրում եմ բոլորիդ»,-ասաց երգիչը:
Երկու ժամ տեւած համերգի ընթացքում արտիստը հաճախ էր դիմում հանդիսատեսին եւ կրկնում «Հրաշալի է, ամեն ինչ հրաշալի է»: Իսկ արդեն համերգի ավարտից հետո, հանդիսատեսն իր «բիսերով» կրկին բեմ բերեց երգչին եւ նրա հետ միասին երգեց խմբի հայտնի հիթերից մեկը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ