Ինչ տվյալներ էր պարունակում ձայնագրությունը և ինչո՞ւ դատարանը չթույլատրեց բարձրաձայնել տուժողներին. Բացառիկ զրույց 15 զինվորի գործով
Իրավական
Ազատի զորամասի հրամանատար Արգամ Գեւորգյանը նախօրեին կայացած դատական նիստին ասաց, որ դեպքի հաջորդ օրը զինծառայողները ավտոբուսով իրենց ամբողջանձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության՝պարզելու համար հնարավոր թմրանյութերի առկայության կամ հերքման հանգամանքը։ Ի՞նչ է հայտնի այս մասով գործով անցնող մեկ այլ հրամանատար Գոռ Աղեկյանին, վերջո ի՞նչ է ի հայտ գալիս դատավարության ընթացքում, փորձել ենք հետաքրքրվել մեղադրյալ Գոռ Աղեկյանի փաստաբան, ԱՀ նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանից, ով նկատեց.
- Այո, զորամասի նախկին հրամանատարը հայտնեց, որ ռազմական ոստիկանության գրության հիման վրա պետք է մեքենա տրամադրեին, որ վաշտի անձնակազմը տարվեր փորձագիտական հետազոտության: Բայց այս գործը շատ նուրբ ու հավասարակշռված մոտեցում պահանջող գործ է և տեղեկության ցանկացած սխալ ընկալում սխալ մեկնաբանությունների տեղիք է տալիս և արդեն նման մի քանիսը լսել եմ անձամբ: Արգամ Գևորգյանը ամենևին չի ասել, որ վաշտի անձնակազմը ներգրավված էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության ինչ-որ հանցավոր գործունեության մեջ: Իրականում նրա հաղորդած տեղեկությունը ընդամենը հուշում է չստուգված մեկ այլ վարկածի մասին` կայի՞ն արդյոք անձինք, որոնց «անօրինական գործունեությանը» ինչ-որ կերպ խանգարել կամ կարող էին խանգարել զինծառայողները: Բայց նաև պետք է ասեմ, որ մինչդատական վարույթում գտվող գործ կա, այդ թվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ, որը գտնվում է նախաքննության փուլում, հուսանք դրա շրջանակում նախաքննական մարմինը կստանա կողմերին հուզող հարցերի պատասխանները: Գոռ Աղեկյանը դրանց վերաբերյալ որևէ տեղեկություն չունի, նա զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալն էր և 2022թ. սեպտեմբերյան իրադարձություններից հետո զորամասի թիկունքային մասում այնքան նոր խնդիրներ էին ծագել, որ անգամ ազատ վայրկյան չունեին մարդիկ: Հետևաբար, այդ օղակներում կարող էին հարցեր լինել, որոնց մասին զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալը ուղղակի տեղյակ չլիներ:
- Պարոն Ներսիսյան, Արգամ Գևորգյանին հարցքաննելու ժամանակ տուժողները ցանկանում էին ձայնագրություն հրապարակել, սակայն դատարանը նրանց չթույլատրեց, ի՞նչ տվյալներ էր պարունակում ձայնագրությունը և ինչո՞ւ դատարանը չթույլատրեց բարձրաձայնել այն լրատվականների ներկայությամբ:
– Իրականում դատարանը ոչ թե չթույլատրեց, այլ ուղղակի ասաց, որ դա այս գործին չի վերաբերում և նպատակահարմար է ձայնագրությունը ներկայացնել դատախազությանը կամ քննչական մարմիններին, իսկ քանի որ տուժողների մոտ իրավապահների հանդեպ խորը անվստահություն կա, այդ պատճառով նրանք ուզում էին ձայնագրությունը հրապարակել դատական նիստում: Այդուհանդերձ, տուժողները դատարանում բարձրաձայնեցին, որ ձայնագրության մեջ դասակի հրամանատարի խոսքն է, ով զոհված զինծառայողների ծնողների հետ խոսակցության ժամանակ հայտնել էր, որ ինքը տիրապետում է զորամասում դիզվառելիքի և կամ թե բենզինի վաճառքի մասին տեղեկությունների: Հուսանք դատախազությունը այդ տվյալները կփոխանցի նախաքննական մարմնին ու դրանց շուրջ նույնպես քննություն կիրականացվի: