Վրաստանում փակվում է ընդդիմադիր հեռուստաալիքը
Միջազգային
Վրացական ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաալիքը մոտ ապագայում ամբողջությամբ կդադարեցնի հեռարձակումը։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ախալի» քաղաքական կուսակցության հիմնադիր և առաջնորդ Նիկա Գվարամիան։
Նա ընդգծել է, որ հեռուստաալիքը կփակվի, բայց հավատում է և գիտի, որ նորը կբացվի, քանի որ «այլ կերպ լինել չի կարող»։ Գվարամիայի խոսքով՝ գլխավորն այն է, որ «երկիրը չփակվի» և ամեն ինչ չկորցնի իր իմաստը դրա պատճառով։
Ֆինանսական դժվարությունների պատճառով «Մտավարի Արխին» փետրվարի 15-ին դադարեցրել է լրատվական ծրագրերի և ժամանցային թոք-շոուների հեռարձակումը: Հեռուստաալիքը շարունակել է ցուցադրել միայն հեռուստասերիալներ և հին ձայնագրություններ: Միաժամանակ, «Մտավարի Արխի» կայքը հրապարակում էր ամենօրյա նորություններ։
Հեռուստաալիքի լրագրողները ենթադրում էին, որ այն ամբողջությամբ կդադարեցնի հեռարձակումը մայիսի 1-ին։